Իրանի ռազմավարական բեկումը. ինչո՞ւ է Վաշինգտոնը նահանջում
Տևական ժամանակ է՝ ԱՄՆ-ը և Իսրայելը հայտարարում են, թե ոչնչացրել են Իրանի հակաօդային պաշտպանությունը, ռազմաօդային ուժերը, նավատորմը և ղեկավարությանը, սակայն միջազգային մամուլը քննարկում է Իրանի վերջին հարվածները շուրջ 4000 կմ հեռավորության վրա գտնվող Դիեգո Գարսիա կղզու ամերիկա-բրիտանական ռազմակայանին։
Հաղորդվում է, որ Իրանը երկու բալիստիկ հրթիռով հարված է հասցրել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա կղզու ռազմակայանին: Թեհրանը սա հաջողություն է անվանել, թեև նշվում է նաև, որ հրթիռներից մեկն ընկել է ծովը, իսկ երկրորդի ուղղությամբ ամերիկյան էսմինեցից արձակվել է SM-3 որսիչ հրթիռ։ Այսինքն՝ արդյունքում, դրանցից ոչ մեկը թիրախին չի հասել։ Սակայն «Военный Осведомитель» տելեգրամյան ալիքը գրում է, որ սա հակամարտության ընթացքում կարևոր պահ է:
«Խնդիրն այն է, որ երկար տարիներ Իրանը պահպանում էր բալիստիկ հրթիռների հեռահարության միակողմանի սահմանափակումը՝ 2000 կմ։ Դա արվում էր «ագրեսիվ մտադրությունների բացակայությունը», «Իրանից բխող գլոբալ սպառնալիքի բացակայությունը» և ընդհանրապես «բանակցային ֆոնը չբարդացնելը» ցույց տալու նպատակով։ Սակայն այդ սահմանաչափը հաստատած Իրանի նախկին ղեկավարը սպանված է, և արդեն պատերազմ է գնում:
Իրանն ի սկզբանե ունեցել է 4000 կմ թռչելու ունակ հրթիռներ: Օրինակ՝ «Խորամշահր» ընտանիքի հրթիռները ստանդարտ տարբերակով թռչում են 2000 կմ, բայց 1,5-2 տոննա մարտագլխիկով:
Պարտադիր չէ մշակել նոր հրթիռ. կարելի է տեղադրել զգալիորեն թեթևացված մարտագլխիկ, փոքր-ինչ փոխել շարժիչի աշխատանքի ռեժիմը, և հրթիռը կթռչի շատ ավելի հեռու։ Այսպիսով, «Խորամշահրի» հյուսիսկորեական ազգականը՝ «Հվասոն-10» հրթիռը, դեռ 2016-ին ցուցադրել էր 3400 կմ թռչելու հնարավորությունը:
Եվ ոչինչ չէր խանգարում նրանց պահեստներում ինչ-որ այլ բան պատրաստել, նրանք կարող էին չփորձարկել, կամ փորձարկել ու չհայտարարել այդ մասին՝ «բանակցային ֆոնը չփչացնելու» համար: Դրանք կարող են օգտագործվել նաև տիեզերական ծրագրի կարիքների համար, այլ ոչ թե ռազմական: Ամեն դեպքում, իրանական հարվածների աշխարհագրությունն ընդլայնվում է, և այժմ առկա տեխնոլոգիական պաշարի օգտագործումը չի զսպվում տարբեր ինքնասահմանափակումներով»,- գրում է ռազմական տելեգրամյան ալիքը։
Վերլուծության մեջ նշվում է, որ համեմատության համար՝ Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզում ԱՄՆ-ը ունի նմանատիպ մեկ այլ բազա։ Հրապարակման համաձայն, նույն Հյուսիսային Կորեան դեռ 2017 թվականին հաջողությամբ փորձարկել է «Հվասոն-12» հրթիռը՝ պատերազմի դեպքում Գուամին հարվածելու համար, և դրա համար ստեղծել է միջուկային մարտագլխիկ։
«Այն նաև բազմիցս իրականացրել է փորձնական արձակումներ Ճապոնիայի վրայով համապատասխան հեռավորության վրա (3700 կմ)՝ սովորական հետագծով (ինչպես նաև կախված հետագծով՝ ցույց տալու համար, որ վերահաշվարկված սովորական հետագծի դեպքում հրթիռը կարող է նաև ավելի հեռու թռչել)։ Սա արվել է հասանելիության հնարավորությունը և անհրաժեշտության դեպքում հարվածելու վճռականությունը ցուցադրելու համար՝ առանց որևէ ինքնասահմանափակման, նույնիսկ «բանակցային ֆոնը չբարդացնելու» նպատակով…»,- նշում է ալիքը։
168.am–ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ Դիեգո Գարսիա բազան կարևոր թիրախ է Իրանի համար, քանի որ այդտեղից է ԱՄՆ-ը ռմբակոծում Իրանը և հենց այնտեղ է գտնվում ԱՄՆ ռազմածովային ուժերի առանցքային լոգիստիկ կետը։ Ուստի, ըստ նրա, այն խոցելու նշանակությունը դժվար կլինի գերագնահատել։

«Սակայն այս պահի դրությամբ, նույնիսկ չխոցելով այդ կղզին, Իրանն իր համար խնդիր լուծեց, ցույց տալով, որ ունի հեռահար հրթիռներ, որոնց մասին շատերը պատկերացում չունեին։ Սա էլ ավելի ազդեցիկ է հայտարարությունների ֆոնին, թե Իրանի ներուժը վերացված է։ Ուստի նույնիսկ չխոցելով կզին, Իրանում սա հաջողություն են համարում։ Բացի այդ, այս քայլով ցույց են տալիս ռազմական վճռականությունը և պատերազմը սրելուց չխուսափելու քաղաքականությունը, որը պակաս կարևոր չէ։ Սա նաև անկանխատեսելիություն է մտցնում պատերազմում, քանի որ, եթե կան նման հեռահարության հրթիռներ, ապա դրանք կարող են այլ կողմեր ևս ուղղվել։ Ուստի սա մի բան է, որը ԱՄՆ-ը ու Իրանը չեն կարող անտեսել»,- ասաց Ալեքսանդր Խրամչիխինը։
Նա նաև խիստ զարմանալի որակեց Իրանի հետ պատերազմական այս իրավիճակում մեկ այլ նորություն։
«ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մեկ ամսով որոշ մասով վերացրել է իրանական նավթի պատժամիջոցները, թույլատրելով իրանական նավթի առքն ու վաճառքը՝ էներգակիրների գները նվազեցնելու նպատակով։ Պատերազմի պատճառով Թեհրանը արգելափակեց Հորմուզի նեղուցը՝ ցնցելով համաշխարհային էներգետիկ շուկան։ Այս ամենի արդյունքում ԱՄՆ-ն վերացնում է Թեհրանի նկատմամբ առկա պատժամիջոցները, մի բան, որը Թեհրանը պահանջում էր խաղաղ բանակցությունների ընթացքում և չէր կարողանում համաձայնեցնել։
Փաստորեն Վաշինգտոնը ստիպված եղավ նման որոշում կայացնել, իսկ ավելի վաղ նույնանման որոշում կայացրել էր ռուսական նավթի վերաբերյալ։ Հորմուզի նեղուցի փակման հետևանքների մասին գիտեին աշխարհում բոլորը, թե ինչո՞ւ սա չէր հաշվարկվել ԱՄՆ-ի կողմից, անհասկանալի է, քանի որ պատերազմի ընթացքում Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու այս ստիպված քայլն աշխատում է հենց ԱՄՆ-ի դեմ»,- ասաց վերլուծաբանը։
Նա գտնում է, որ ամենակարևորն այստեղ այն է, որ ԱՄՆ նախնական հաշվարկը և հույսերը չարդարացան, որից հետո ամեն ինչ ընթացավ ըստ իրանական պլանի։
«Ամերիկյան նախնական ծրագիրն արագ գործողությունն էր՝ արագ արդյունքներով, քանի որ ԱՄՆ-ում թերևս լավ էին հասկանում, որ նման հեռավորության վրա նման երկրի հետ հնարավոր չէ երկար պատերազմել։ Իրանը մի երկիր է, որը ռեգիոնում առնվազն բազմաթիվ լծակներ ունի։ Կարծում եմ՝ այս վերջին շղթայում կարևոր էին նաև Իրանի հարվածները Քաթարի նավթավերամշակման գործարանին։ Ամեն բան ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը կորցրել է վերահսկողությունը գործընթացների նկատմամբ, որի հետևանքով դիմում է խիստ անցանկալի ու ստիպված քայլերի»,- ասաց Ալեքսանդր Խրամչիխինը։
Նա գտնում է, որ այս զարգացումները ռեգիոնում և հարակից տարածաշրջաններում դեռևս ամրապնդում են Իրանի դերակատարությունը։
«Սա վերաբերում է նաև Հարավային Կովկասին։ Սակայն պատերազմը շարունակվում է, դեռ վաղ է վերջնական եզրակացությունների համար»,- ասաց նա։



