Բաքվի հիբրիդային «հարվածը» չշրջանցեց Փաշինյանին, արդյո՞ք Ալիևը «չարամիտ դերակատար» է, որի դեմ պետք է եվրոպական փողերով պայքարել

Մարտի 19-ին կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում դարձյալ խոսել է հիբրիդային պատերազմի մասին՝ նշելով.

«Հիբրիդային պատերազմն այն է, երբ վճարովի գործիքներով, ներառյալ՝ արհեստական բանականության կիրառմամբ, գրվում է, որ ես Դուբայում տուն ունեմ, Ֆրանսիայում տուն ունեմ, որ իմ ընտանիքի անդամները տարբեր երկրներում բնակարաններ, բիզնեսներ ունեն, Հայաստանում բիզնեսներ ունեն, միլիոններ ունեն շվեյցարական բանկերում, որ մենք օրգաններ ենք վաճառում, որ մենք անչափահասների սեռական շահագործման գործիքներ ենք կիրառում: Այդ ամեն ինչը հիբրիդային պատերազմ է»:

ՀՀ իշխանություններն այս առումով համագործակցում են բոլոր այն գործընկերների հետ, որոնք ունեն գործիքներ հիբրիդային պատերազմի և, մասնավորապես, ապատեղեկատվության դեմ պայքարի:

Նույն ժամանակում Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Երևանում հայտարարել է, որ իրենք աջակցելու են Հայաստանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում:

Կարդացեք նաև

«Մենք տեսնում ենք, թե ինչպես «չարամիտ դերակատարներ» փորձում են խաթարել ժողովրդավարական գործընթացները՝ կիբեռհարձակումների, ապատեղեկատվության և այլ միջամտությունների միջոցով: Եվրոպան այստեղ է՝ աջակցելու, մենք կաջակցենք Հայաստանին հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարում, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան ազատ և արդար պայմաններում քվեարկել ու ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան»:

Նշենք, որ անցած դեկտեմբերին Բրյուսելից նախ հայտնել էին, որ պատրաստվում են 12 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Երևանին, որ օգնեն «ընտրություններին ընդառաջ հակահարված տալու ռուսական ապատեղեկատվությանը»։

Ավելի ուշ արդեն Եվրամիության արտգործնախարար Կալասը հայտնել էր, որ հենց Երևանն է դիմել աջակցության խնդրանքով:

Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերը հիբրիդային արագ արձագանքման խումբ տեղակայելու Եվրամիության մտադրությունը համարել էին միջամտություն Հայաստանի ներքաղաքական կյանքին, ինչի հետ, իհարկե, իշխանությունը համաձայն չէ՝ պատճառաբանելով, թե դա աջակցություն է, որ պայքարեն սպառնալիքների դեմ:

ՀՀ իշխանությունը Հայաստանի ներքին գործերին միջամտություն չի համարում նույնիսկ Թուրքիայից և Ադրբեջանից նմանօրինակ ուղղակի և անուղղակի հայտարարությունները:

Ավելին, ՀՀ համապատասխան մարմինները, մասնավորապես՝ Արտաքին հետախուզական ծառայությունը, չի նկատում կամ վտանգ տեսնում ԱԺ ընտրություններից առաջ Բաքվի վտանգավոր խաղերում ու հիբրիդային պլաններում, ինչին վերջերս անդրադարձել ենք:

Եվ այն, որ Փաշինյանը, հնարավոր է, նշվածում ընդդեմ իր ընդդիմախոսների հուշումներ տեսնելով, լռել է, ինչը ևս վտանգավոր է, ապա օրերս Ադրբեջանը հիբրիդային քայլ էր արել հենց Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության դեմ:

Մասնավորապես, մարտի 17-ին ադրբեջանական «Հաքքինազն» ամենայն մանրամասնությամբ թարգմանել և ներկայացրել էր vtforeignpolicy.com անվանումով կայքիՀայաստանի և ՀՀ իշխանությունների դեմ «հետաքննությունը», որտեղ ՀՀ մի շարք ներկա և նախկին պետական պաշտոնյաների հասցեին ներկայացվում են ծանր մեղադրանքներ՝ իբրև թե թրաֆիքինգի և օրգանների վաճառքի կազմակերպման վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյան, Անահիտ Ավանեսյան, Էդվարդ Ասրյան և այլք:

Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարությունն արձագանքել էր vtforeignpolicy.com-ի հրապարակմանը, որի մասին չէինք իմանա, եթե ադրբեջանական լրատվամիջոցները մանրակրկիտ չներկայացնեին այն:

«Այս անգամ ապատեղեկատվություն տարածող հարթակը Հայաստանի իշխանություններին վերագրել է մարդկային օրգանների վաճառքի մասնակից լինելու մասին կեղծիքներ։

Հաշվի առնելով Հայաստանի դեմ արտաքին ապատեղեկատվական հարձակումների հետագիծը` հարկ ենք համարում հայտարարել, որ «Փաշինյանի սև շուկան օրգանների համար ինչպես է Հայաստանի վարչապետն իր քաղաքացիներին մաս-մաս «վաճառում» Ֆրանսիային՝ փոխպատվաստումների համար» վերտառությամբ հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է։

Հայաստանի Հանրապետությունում օրգանների փոխպատվաստման ոլորտը կարգավորվում է օրենքով և համապատասխան պետական վերահսկողության ներքո է։

Նմանատիպ անհիմն պնդումները որևէ առնչություն չունեն իրականության հետ և պետք է դիտարկվեն բացառապես որպես ապատեղեկատվության տարածման հերթական փորձ»,- նշվում է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Սրան հաջորդել է նաև Փաշինյանի խոսնակի հերքումը, որում նշվում է.

«VT Foreign Policy կոչվող կայքը և որպես հեղինակ ներկայացվող Լուկաս Լեյրոզը (Lucas Leiroz) հրապարակել են հերթական կեղծ նյութը, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետի և մի շարք պետական պաշտոնյաների հասցեին ներկայացվում են ծանր և ակնհայտ անհիմն մեղադրանքներ՝ իբրև թե թրաֆիքինգի և օրգանների վաճառքի կազմակերպման վերաբերյալ։

Ակնհայտ է, որ հրապարակումը շահարկում է հասարակության համար ծայրահեղ զգայուն և էմոցիոնալ թեմաներ՝ մարդու առողջության, օրգանների փոխպատվաստման և ենթադրյալ թրաֆիքինգի վերաբերյալ՝ փորձելով ձևավորել շոկային և վարկաբեկիչ տեղեկատվական ֆոն։ Նման մեթոդաբանությունը տեղեկատվական մանիպուլյացիայի տարածված գործիքներից է, երբ հասարակական բարձր զգայունություն ունեցող թեմաները օգտագործվում են պետական ինստիտուտների և պաշտոնյաների նկատմամբ անվստահություն ձևավորելու նպատակով։

Հատկանշական է նաև նյութի տարածման դինամիկան։ Այն նախ տարածվել է սոցիալական մեդիայում՝ այդ թվում X հարթակում հենց հեղինակի կողմից, այնուհետև արագորեն տարածվել է բոտ ցանցերի միջոցով, վերարտադրվել է մի քանի ադրբեջանական լրատվամիջոցներում, իսկ այսօր արդեն հայաստանյան ներքաղաքական տեղեկատվական դաշտում տիրաժավորվել է որոշ քաղաքական շրջանակների և շահագրգիռ դերակատարների կողմից։ Այս հերթականությունը բնորոշ է տարածաշրջանային տեղեկատվական միջավայրում հաճախ հանդիպող ապատեղեկատվության տարածման մեխանիզմներին։

Կարևոր է արձանագրել, որ տվյալ հրապարակման մեջ ներկայացված պնդումները որևէ փաստական հիմք չունեն։ Սույն հրապարակումը ապատեղեկատվություն է և պետք է դիտարկվի որպես տեղեկատվական-հիբրիդային ազդեցության գործողությունների հերթական դրսևորում»:

ՀՀ պաշտպանության նախարարությունից ոչ մի արձագանք չի եղել, թեև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի անունը ևս հիշատակվում էր, միգուցե համարել են, որ վերը նշված հերքումներով ամեն ինչ ասված է, բայց հաշվի առնելով, որ հայկական հարթակների տարաբնույթ հրապարակումներին արձագանքում են, սա առնվազն տարօրինակ է:

Ինչևէ, պետք է արձանագրել, որ Առողջապահության նախարարությունն Ադրբեջանին նույնիսկ չէր էլ հիշատակել, Փաշինյանի խոսնակն էլ, եթե նույնիսկ հիշատակել է, մեծ հաշվով, դա գործնականում ոչինչ չի փոխում: Մյուս կողմից, հաստատում է մեր մտահոգությունները, որ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի թիրախում պետք է առաջին հերթին ոչ թե քաղաքական ընդդիմախոսներին դիտարկել, այլ խաղաղության խոստում տված Ադրբեջանին:

Իսկ այն, որ ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցները չեն կարող Հայաստանի դեմ հիբրիդային նյութեր հրապարակել առանց Ալիևի համաձայնության, դա ակնհայտ է:

Ավելին, վերևում հիշատակված հրապարակումից 2 օր անց Ադրբեջանի լրատվամիջոցները տարածեցին հետևյալ տեղեկությունը. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Մարդկային օրգանների առևտրի դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան»:

Արդյո՞ք այստեղ հիբրիդային կամ տեղեկատվական պատերազմի տարր չկար: Նշենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հայաստանը 2018 թվականի հունվարին ստորագրել է «Մարդկային օրգանների թրաֆիքինգի դեմ պայքարի մասին» կոնվենցիան, այլ հարց է՝ արդյո՞ք վավերացրել է:

Բայց այն, որ տարբեր առիթներով ադրբեջանական քարոզչամեքենան նույն Նիկոլ Փաշինյանի և ընտանիքի դեմ «հիբրիդային հարձակումների» է գնում, անվիճելի է, իսկ ՀՀ-ի դեմ՝ մշտապես, այլ հարց է, թե որքանով է դա գործնականում լուրջ ընդունվում:

Հիշեցնենք, որ դեռ 2020 թվականին Նիկոլ Փաշինյանն ինքն էլ հայտարարել էր, որ տիրապետում է կոնֆիդենցիալ տեղեկությունների, որոնց հանրայնացման դեպքում Ադրբեջանի ներքաղաքական վիճակը կարող է հուսահատորեն ապակայունանալ:

Թե ինչու Փաշինյանը սա չի օգտագործել Բաքվի քաղաքական և բանակցային շանտաժների պարագայում, դա առանձին քննարկման թեմա է: Թերևս, այս պահին Ալիևը «չարամիտ դերակատար» չէ, որովհետև պատրաստ է օգնել, որ Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում:

Տեսանյութեր

Լրահոս