Պարոն Թրամփը կգա-կգնա, մի օր էլ նա առհասարակ չի լինի, սակայն Հայաստանի և Իրանի միջև բարեկամությունը մնում է․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան

Իրանի Իսլամական Հանրապետությունը վստահում է Հայաստանին, սակայն չի վստահում ԱՄՆ-ին։ Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի հայտարարած վերջին պատժամիջոցին ու ԹՐԻՓՓ նախագծին։

Անդրադառնալով Թրամփի հայտարարությանը, թե Իրանի հետ բիզնես վարող երկրները կբախվեն 25 տոկոս մաքսատուրքի ԱՄՆ-ի հետ առևտրում՝ դեսպանն ասաց, որ պարոն Թրամփն առաջին անգամը չէ, որ նման գործողություններ է ձեռնարկում։

Նա հիշեցրեց, որ  նախագահության առաջին շրջանում էլ Թրամփն Իրանի դեմ առավելագույն ճնշում է գործադրել։

«Պարոն Թրամփը կգա-կգնա, մի օր էլ նա առհասարակ չի լինի, սակայն Հայաստանի և Իրանի միջև բարեկամությունը մնում է։ Իրանի տնտեսությունը բազմակողմանի է և հզոր, մեծապես սովորել է բարդ պայմաններում աշխատելուն։ Հենց հիմա էլաշխատում ենք Թրամփի դաժան պատժամիջոցների պայմաններում»,- ասաց դեսպանը՝ շարունակելով, որ գործընկերների հետ Իրանը շարունակելու է բնականոն, երկկողմ շահերի վրա հիմնված հարաբերությունները։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ԹՐԻՓՓ նախագծին, ապա, դեսպանի խոսքով, Թեհրանը մտահոգ է, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել նախագիծն իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։

«Մենք դա փոխանցել ենք մեր հայ գործընկերներին։ Վերջիններս հավաստիացրել են, որ Հայաստանը երբեք սպառնալիքի աղբյուր չի դառնա Իրանի համար։ Մեր դիրքորոշումը հստակ է. մենք մեր հայ գործընկերներին հայտնել ենք, որ վստահում ենք ձեզ, սակայն մենք գործ ունենք ԱՄՆ-ի հետ, որը գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ։ Մենք չենք վստահում ԱՄՆ-ին»,- ասաց Շիրղոլամին՝ հավելելով, որ հայկական կողմի հետ պայմանավորվել են՝ նախագծի մասշտաբները հասկանալու համար  քննարկումները շարունակվել։

Տեսանյութեր

Լրահոս