«Արթուն մնացեք և աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Մատթ. 26:41): Տերունական սուրբ աղոթքի մեջ էլ մենք խնդրում ենք, որ Տերը մեզ չտանի փորձության, այլ փրկի չարից: Չնայած մեր բոլոր ջանքերին, որպեսզի զերծ մնանք ամեն տեսակ փորձություններից՝ հաճախ դրանք մեծ օգուտ են բերում մարդկային հոգուն, ինչպես Հակոբոս առաքյալն է իր Ընդհանրական թղթում գրում. «Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձությանը. որովհետև, եթե փորձության մեջ հաստատ լինի, կստանա կյանքի պսակը, որը Տերը խոստացավ իրեն սիրողներին» (Հակ. 1:12):
21-րդ դարի հորձանուտում, գիտատեխնիկական արագընթաց զարգացման հոլովույթներում, մարդու անհատական կյանքում ավելի ու ավելի փոքր տեղ է մնում ներքին խաղաղության տարածության համար: Ամենօրյա ալեծուփ տեղեկատվությունը, ժամանակակից փոխհաղորդակցությունն ու երկրային կյանքի հնարավորությունների հասանելիությունը սկսում են գրավել նաև անձի ներքին լռության տարածքը:
Երիտասարդների մեջ հաճախ հարց է հնչում, թե ինչու է Աստված լռում, չի արձագանքում, չի աջակցում իրենց բարի ու լավ նպատակների առնչությամբ, այլ երբեմն էլ փորձություններ, դժվարություններ են լինում, որոնք խաթարում են երազանքների ու ծրագրերի իրականացումը: Բայց մենք մոռանում ենք, որ Երկնավոր Հայրը տեսնում է աննկատելին, այն՝ ինչը մենք չենք տեսնում: Նա նայում է անհատի հոգուն և վեր հանում այդ էության մեջ թաքնված իրական պատկերը:
Փորձություններն անպակաս են բոլորի կյանքից: Երբեմն մարդիկ, հայտնվելով ծանր դրության մեջ, սկսում են մեղադրել բոլորին, անգամ Աստծուն՝ վատ վիճակում հայտնվելու համար:
«Երանի՜ այն մարդուն, որ դիմանում է փորձությանը, որովհետև փորձությունից հաղթական դուրս եկողը որպես մրցանակ կստանա այն կյանքը, որ Տերը խոստացավ տալ իրեն սիրողներին»,- ասել է Հակոբոս առաքյալը: