Վատ լուր Նիկոլ Փաշինյանի համար
Նիկոլ Փաշինյանն իր կառավարության ձախողումների մասին սովորաբար չի խոսում։ Բայց որտեղ մի չնչին առաջընթաց է տեսնում՝ շտապում է ներկայացնել որպես աննախադեպ ու պատմական ձեռքբերում։
Օրերս «հաճույքով արձանագրեց», որ 2025թ. առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվն 8.600-ով ավելի շատ է եղել, քան Հայաստանից մեկնածներինը։
«Սա, ըստ էության, նշանակում է, որ 2025 թվականի արդյունքներով՝ արտագաղթը փոխարինվել է ներգաղթի»,- շտապեց եզրակացնել Նիկոլ Փաշինյանը։
Նախ՝ առաջին տարին չէ, որ Հայաստան վերադարձողներն ավելի շատ են եղել, քան մեկնողները։ Նախկինում նման տարիներ էլի են եղել։ Խոսքն ամենևին էլ քովիդի շրջանի մասին չէ։ Նիկոլ Փաշինյանից ու ՔՊ-ից շատ ավելի առաջ էլ եղել են տարիներ, երբ ներգաղթ է արձանագրվել։ Բայց խնդիրը դա չէ. Անցած տարվա արդյունքներով, Հայաստան վերադարձածներն 8.600-ով շատ են եղել, քան մեկնածները, Նիկոլ Փաշինյանը փորձում է դրանից աննախադեպ հաջողություն կերտել։ Իսկ որ տարիներ շարունակ «մեծ արտագաղթ» է թողել իր հետևից, դրա մասին չի խոսում։
Նիկոլ Փաշինյանի վարչապետության 8 տարիներին Հայաստանից տասնյակ-հազարավոր քաղաքացիներ են գնացել ու չեն վերադարձել։ Արտագաղթ է տեղի ունեցել՝ խոստացած «Մեծ հայրենադարձության» փոխարեն։
Ներկայացնենք՝ ըստ տարիների.
Պաշտոնական վիճակագրության տվյալներով, 2018թ. Հայաստանից գնացած քաղաքացիները 4 585-ով գերազանցել են վերադարձածներին։
2019թ., երբ Նիկոլ Փաշինյանը մեծ խոստումներով նոր էր եկել իշխանության ու դեռ շատ չէր բացահայտել այն կործանարար քաղաքականությունը, որը պատրաստվում էր իրականացնել հայ ժողովրդի նկատմամբ, Հայաստանից գնացողների ու չվերադարձողների թիվը նույնիսկ ավելի շատ էր։ Այդ տարի ելքերը 6529-ով գերազանցեցին մուտքերին։
2020թ. մուտքերն ավելի շատ էին, բայց պայմանավորված քովիդով, երբ համատարած սահմանափակումների պատճառով ոչ միայն քաղաքացիները դուրս չէին կարողանում գնալ, այլև դրսում գտնվողներն էին ստիպված վերադառնալ։
Իսկ այն, ինչ կատարվեց 2021թ., վեր էր բոլոր սպասելիքներից։ Այդ տարի մասսայական արտագաղթ արձանագրվեց։ 2021թ. Հայաստանից հեռացած քաղաքացիների թիվը 73.571-ով գերազանցեց վերադարձողներին։
Արտագաղթի միտումը շարունակվեց նաև հաջորդ տարիներին, երբ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն «ապագա կա» էին խոստանում Հայաստանի քաղաքացիներին։ 2022թ. Հայաստանի քաղաքացիների ելքերը 27.941-ով գերազանցեցին մուտքերին։ 2023թ. տարբերությունը նույնիսկ ավելի շատ էր՝ գնացողներն 36.512-ով շատ էին վերադարձողներից։ 2024թ. էլ բացասական տարբերությունը կազմեց գրեթե 15.000։
Այս տարիներին ընդհանուր առմամբ Հայաստանից գնացել ու չի վերադարձել 164 հազարից ավելի քաղաքացի։
Այդքանից հետո, այն, որ անցած տարի վերադարձողները մի քանի հազարով ավելի են եղել մեկնողներից, փորձ է արվում ներկայացնել՝ որպես մեծագույն ձեռքբերում։ Իհարկե, լավ է, որ քաղաքացիների տեղաշարժի դինամիկան անցած տարի դրական է եղել, բայց թե ինչքանո՞վ այդ միտումն առաջիկայում կպահպանվի, ժամանակը ցույց կտա։ Մեկ տարվա դրական փոփոխությունը տեսնել ու չտեսնել դրան նախորդած շրջանի «կորուստները»՝ աչքակապությամբ զբաղվել է։
Նիկոլ Փաշինյանի վարչապետության տարիներին Հայաստանից անգամներով ավելի շատ քաղաքացիներ են հեռացել, քան վերադարձել, ու դա պաշտոնական վիճակագրությամբ հաստատված փաստ է։ Հեռացել են, որովհետև այստեղ ապագա չեն տեսել, ապրելու հնարավորություն չեն ունեցել, իրենց ու իրենց երեխաների ապագան չեն կապել Նիկոլ Փաշինյանի հետ, ով «Մեծ հայրենադարձություն» էր խոստանում հայ ժողովրդին, բայց տասնյակ-հազարավոր քաղաքացիների արտագաղթի պատճառ դարձավ։
Անցած տարի քաղաքացիների տեղաշարժի դրական հաշվեկշիռ է արձանագրվել, բայց դա դեռ չի նշանակում, թե մարդիկ սկսել են իրենց ու իրենց երեխաների ապագան կապել Հայաստանի ու Հայաստանի այսօրվա կառավարիչների հետ։ Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը փորձում է սրանով միֆեր ստեղծել իր բերած «խաղաղության» վերաբերյալ։ Իբր «խաղաղությունն» արդեն եկել է, Հայաստանում անվտանգ է, մարդիկ գոհ ու երջանիկ ապրում են, գնացածները վերադառնում են, իրենց ապագան վերստին Հայաստանի հետ են կապում։ Բայց թե իրականում ինչքանով է այդպես, տեսնում ենք մեկ այլ, շատ ավելի կարևոր, երկրի ժողովրդագրական վիճակը բնութագրող ցուցանիշում։ Խոսքը ծնված երեխաների քանակի մասին է։
Անցած տարի Հայաստանում ավելի քիչ երեխա է ծնվել, քան մեկ տարի առաջ։
Պաշտոնական տվյալներով՝ 2024թ. ծնվել էր՝ 33.593, 2025թ.՝ 32.042 երեխա։
Անցած տարի ծնված երեխաները 1551-ով կամ 4.6 տոկոսով ավելի քիչ են եղել, քան մեկ տարի առաջ, երբ ՔՊ-ի բերած «խաղաղությունը» դեռ չէր եկել։
Նախորդ տարիների մասին նույնիսկ չենք ասում, երբ չեղած «խաղաղության» պայմաններում Հայաստանում անհամեմատ ավելի շատ երեխաներ էին ծնվում։
Օրինակ՝ 2017թ., երբ Նիկոլ Փաշինյանի «անվտանգ ու ապահով» Հայաստանը չկար, նախկին իշխանություններն էլ չէին մտածում Արցախը հանձնելու գնով «խաղաղություն» բերելու մասին, Հայաստանում 37.700 երեխա էր ծնվել։ Անցած տարի ծնվել է ընդամենը 32.042 երեխա։
Նիկոլ Փաշինյանի Հայաստանում անցած տարի 5658-ով ավելի քիչ երեխա է ծնվել, քան 8 տարի առաջ։
Դեռ չենք հաշվում, որ Արցախում նախկինում ծնվող երեխաները՝ Նիկոլ Փաշինյանի արցախակործան քաղաքականության պատճառով, արդեն 3 տարի է, ինչ Հայաստանում են ծնվում։ Ու դրանով հանդերձ, Հայաստանում ծնվող երեխաների թիվն անհամեմատ ավելի քիչ է, քան տարիներ առաջ, երբ երեխաներ էին ծնվում ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում։
Այսպիսի ապագա է բերել Նիկոլ Փաշինյանը։ Ու հիմա հպարտանում է, որ 8 տարվա մեջ, անցած տարի «առաջին անգամ» Հայաստանից ավելի քիչ մարդ է հեռացել, քան վերադարձել։ Երբ նույն Հայաստանում մեկ տարում ավելի քան 1500-ով պակաս երեխա է ծնվել, որովհետև մարդիկ չեն հավատում Նիկոլ Փաշինյանի բերած «խաղաղությանն» ու պատրաստ չեն իրենց ապագա երեխաների ապագան տեսնել այսպիսի Հայաստանում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



