Եթե մարդիկ գնան ընտրության, արտաքին որևէ ուժ, ոչ ոք որևէ ազդեցություն չի կարող ունենալ. ՔՊ-ն չի լինի. Տիգրան Թորոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում քաղաքագիտության դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը խոսել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ու ընդդիմության դերի ու անելիքի մասին։
Նրա խոսքով՝ մեր բոլոր խնդիրները մի աղբյուրից են գալիս՝ Հայաստանի գործող իշխանությունից, և պետք է այնպիսի աշխատանք տարվի, որ հունիսի 7-ից հետո մենք այլ իշխանություն ունենանք:
«2021թ. էլ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններն աջակցում էին Փաշինյանին, բայց ինքը ստացավ ընտրության իրավունք ունեցողների ձայների ընդամենը 26%-ը: Այսինքն՝ Փաշինյանը չի հաղթել, այլ պարտվել է ընդդիմությանը: Եթե մարդիկ գնային ընտրության, Փաշինյանը չէր վերընտրվի: Նույնը լինելու է հունիսին: Ընդդիմությունը պետք է այս ուղղությամբ աշխատի»,- ասաց ԱԺ նախկին նախագահը:

Նրա խոսքով՝ ընդդիմության միասնական թեկնածուով ընտրությունների գնալը կեղծ օրակարգ է. նման բան չի լինում, բայց ընդդիմությունը պետք է հասարակության հետ ակտիվ աշխատի, ու կարողանան մարդկանց բերել ընտրության:
«Մարդուն պետք է համոզել, որ կա հնարավորություն՝ խուսափելու բոլոր այս ու գալիք աղետներից, որոնք մինչև հիմա տեղի են ունեցել: Մարդկանց պետք է բացատրել, որ կարող ենք ունենալ արժանապատիվ պետություն: Եթե մարդիկ գնան ընտրության, արտաքին որևէ ուժ, ոչ ոք որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Հակառակը, երբ թուրքն ու ադրբեջանցին կամ ինչ-որ եվրոպացի սրանց պաշտպանում են, հայ մարդը հարց կարող է տալ՝ սրա՞նք ինչու են շահագրգիռ: Իրենք չեն կարող Հայաստանի քաղաքացու վրա ազդել: Պետք է քաղաքական ուժերը համոզեն այն մարդկանց, ովքեր ընդդիմադիր կողմնորոշում ունեն, որպեսզի նրանք գան ընտրության»,- եզրափակեց Տիգրան Թորոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:



