ԿԳՄՍՆ-ի «անփոխարինելի» մատակարարը. 49 միլիոն դրամ՝ նույն ընկերությանը՝ նույն միջոցառման համար
Նախօրեին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դրամաշնորհի հերթական պայմանագիրն է կնքել։ Այս անգամ ևս պետական գերատեսչությունը շուրջ 49 միլիոն դրամ է հատկացրել «Վարչապետի գավաթ» սիրողական թենիսի մրցաշարի անցկացման համար։
Մատակարարը, պարզվում է, արդեն ավանդույթ դարձած, ԿԳՄՍՆ-ի ֆավորիտ մատակարարներից է՝ «Կոնցեպտ իվենթս»-ը։
Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերից արդեն մեծամասամբ ոչ մրցակցային ընթացակարգերով մասնակցել պետգնումներին․ մի քանի տարի շարունակ, օրինակ, ԿԳՄՍ նախարարությունը նույն միջոցառումների կազմակերպումն է հանձնարարում այս ընկերությանը։
Հիշեցնենք՝ 2025 թվականի փետրվարի 19-ին գրեթե նույն գումարի չափով՝ նույն ընկերությունն էր ստանձնել նույն միջոցառման կազմակերպումը, ավելին՝ 2024 թվականին ևս նույն ընկերությունն է ընտրվել նույն միջոցառման կազմակերպման մատակարար։
168․am-ն առիթ ունեցել է նշելու, որ «Կոնցեպտ իվենթս»-ը գործարար Վլադիմիր Գևորգյանի կողմից հիմնված «Գևորգիան Կոնցեռնի»-ի մի մասնիկն է։ Ի դեպ, նրա հարկի տակ հավաքված մյուս ՍՊԸ-ներ ևս՝ «Օլ հոթելս», «Պեցցո», «Լոռե Թրավել», և այլն, խիստ պատահականությամբ շարունակում են հաջողություններ արձանագրել պետգնումներում՝ հաճախ ոչ մրցակցային գնման եղանակներով ունենալով հաստատուն տեղ։



