
ԿԳՄՍՆ-«Կոնցեպտ իվենթս» սիմբիոզը, կամ՝ 49 միլիոնանոց հերթական դրամաշնորհը՝ վարչապետի գավաթ միջոցառման համար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերթական աստղաբաշխական՝ 48 միլիոն 919.000 դրամ դրամաշնորհն է տրամադրել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի միջոցառումների իրականացումն ապահովելու համար։ Մատակարարի ընտրության հարցում ԿԳՄՍՆ-ն այս անգամ էլ է կանխատեսելի եղել և ընտրել է իր ֆավորիտ «Կոնցեպտ իվենթս» ՍՊԸ-ն։
Նշենք, որ 2019 թվականին գրանցված այս ընկերությանը ԿԳՄՍ նախարարությունն արդեն 7 դրամաշնորհ է տվել, այդ թվում՝ տարբեր տարիներին «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի և թենիսի մրցաշարերի անցկացումն ապահովելու համար։
Ի դեպ, 168.am-ը պարբերաբար անդրադարձել է «Կոնցեպտ իվենթս» ՍՊԸ-ի ու նրան առնչվող այլ կազմակերպությունների՝ պետգնումներում ունեցած հաջողություններին, արձանագրել, որ գործարար Վլադիմիր Գևորգյանի հովանու ներքո գործող այս և այլ ընկերությունները պետգնումներում հաճախ են դառնում նախընտրելի մատակարար, այդ թվում՝ ոչ մրցակցային գնման ընթացակարգերով։
Օրինակ, Վլադիմիր Գևորգյանին առնչվող մյուս` «Գևորգիան կոնցեռն ՍՊԸ-ին ԿԳՄՍՆ-ն նախորդ տարի էր 438 միլիոն 627.600 դրամ դրամաշնորհ հատկացրել` պատվիրակելով Երևանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության անցկացումը` ներառյալ նախապատրաստական աշխատանքները։