«Թրամփը կարող է Ալիևին պարտադրել, սակայն չի անի՝ գոյություն ունեն Ադրբեջանի հետ շահավետ տնտեսական նախագծեր». Արմինե Ադիբեկյան

Երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ, տեղի ունեցավ Խաղաղության խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում էին նաև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։

Խաղաղության խորհուրդն ի սկզբանե ստեղծվել է Գազայի ապագայի վերաբերյալ չլուծված հարցերին անդրադառնալու համար։ Ինչպես նախապես հայտարարվել էր, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Չինաստանը, չեն մասնակցելու:

Խորհրդի նիստից հետո Նիկոլ Փաշինյանը և Ալիևը ոչ պաշտոնական զրույց են ունեցել։ ԱՄՆ նախագահն էլ կարծիք է հայտնել, թե Փաշինյանն ու Ալիևն ընկերներ են դարձել։

Այս ամենին զուգահեռ՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «X» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Արցախի նախկին պետնախարար, 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանին։

Կարդացեք նաև

Հաջիևն ասել է, որ «որոշումը դիտվում է՝ որպես «արդարության վերականգնում», ինչպես նաև 30-ամյա հակամարտության «խորհրդանշական և տրամաբանական ավարտ»։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Միացյալ Նահանգներից վերադառնում է «խաղաղության ավելի մեծ վստահությամբ»։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ որևէ զրույցում Բաքվում ապօրինի դատապարտված գերիների հարցը չի բարձրաձայնել ու չի բարձրաձայնելու։

«Գերիների հարցում Թրամփը կարող է Ալիևին պարտադրել՝ գնալ դրական քայլերի։ Սակայն չի անի, քանի որ գոյություն ունեն Ադրբեջանի հետ շահավետ տնտեսական նախագծեր, որոնց այս խոսակցությունը կարող է խոչընդոտել, հետևաբար՝ Միացյալ Նահանգների ղեկավարը լռելու է։ Կամ խոսակցությունների մակարդակով այդ թեման կբարձրաձայնեն, Ալիևից կստանան մերժում ու դրանով հարցը կփակեն։

Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նա այն կարգավիճակում չէ, որ նման խնդրանքով, առավել ևս՝ պահանջով, դիմի Ալիևին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Ադիբեկյանը։

Ըստ փորձագետի, այստեղ հակառակն է՝ Փաշինյանն է անում այն ամենը, ինչ պահանջում է Ալիևը։

«Առհասարակ լուրջ ընդունել Փաշինյանի որևէ գրառում՝ միամտություն է, որովհետև նրա մտքի փոթորիկները, որոնք թղթին է հանձնում, չի նշանակում, որ համապատասխանում է իրականությանը։ Այդ ամենը փորձում է մեզ վաճառել՝ որպես իրականություն»,- հավելեց Արմինե Ադիբեկյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի գրառման մասին, թե «ԱՄՆ-ից վերադառնում է խաղաղության ավելի մեծ վստահությամբ»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ստեղծված իրավիճակում որքանո՞վ հնարավոր կլինի հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը փոխել, եթե ներկայիս իշխանությունը չվերընտրվի, Արմինե Ադրբեկյանը պատասխանեց՝ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելն այնքանով է հավանական, որ նա ունի դրսի աջակցությունը։

«Մեր ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ արտաքին խաղացողների հետ համագործակցություն ստեղծի և երաշխիքներ ստանա։

Երկրորդը՝ եթե Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի, ապա նա այնպիսի ճակատագրական քայլեր է արել մեր երկրի համար, որ ձախողել է ամեն ինչ։ Արտաքին քաղաքականության մեջ դժվար թե մի բան փոխվի, ոչ էլ կարող ենք ԹՐԻՓՓ-ից հրաժարվել, ժողովրդի «վզին է դրել» 14 մլրդ արտաքին պարտք։ Եկող իշխանություններն Արտաքին քաղաքականությունում ստիպված են լինելու խաղալ խաղի այն կանոններով, որի մեջ մեզ ներքաշել է Փաշինյանը։ Սակայն ներքին դաշտում լինելու են լուրջ փոփոխություններ։ Այսինքն՝ Գևորգ Պապոյանի անհեթեթ հայտարարությունները, թե՝ եթե մենք չլինենք իշխանության, ԹՐԻՓՓ-ը չի լինելու, ցավոք, լինելու է, որովհետև ընթացքը հետողորմյա անելու ենթակա չէ՝ առնվազն այս պատմական փուլում»,- ընդգծեց Արմինե Ադիբեկյանը։

Տեսանյութեր

Լրահոս