«Մեր պատմության մեջ նման դրվագ չի եղել. նույնիսկ խորհրդային տարիներին Վազգեն վեհափառը ճանապարհորդում էր աշխարհով մեկ». Ամատունի Վիրաբյան
ՀՀ դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ՝ արգելելով, որ կաթողիկոսը լքի երկրի սահմանները, մինչդեռ փետրվարի 16-19-ն Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում նախատեսված է Եպիսկոպոսաց ժողով։ Չնայած այս քրեական հետապնդմանը, օրերս Նաթան սրբազանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Եպիսկոպոսաց ժողովը տեղի է ունենալու։
Վեհափառի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման առնչությամբ Քննչական կոմիտեն էլ հայտարարել էր, որ Կաթողիկոսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով, որը կապված է Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանի հետ։ Նա կարգալույծ էր հռչակվել, ինչից հետո դիմել էր դատարան, և դատարանը ապահովել էր նրա պահանջը։
Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը Հայոց պատմության մեջ չի հիշում մեկ դեպք, երբ երկրի իշխանությունները նման հետապնդման ենթարկեն Կաթողիկոսին և արգելեն լքել երկիրը։
«Մեր պատմության մեջ նման դրվագ չի եղել։ Նույնիսկ Խորհրդային Միության տարիներին Վազգեն վեհափառը ճանապարհորդում էր աշխարհով մեկ, նրան որևէ մեկը չէր համարձակվում արգելել, նա ազատ գնում էր արտերկիր։
Թե ինչ զարգացումներ կարող է այս ամենն ունենալ՝ չեմ կարող ասել, քաղաքագետները կարող են ասել։ Բայց ակնհայտ է, որ այս իշխանությունները փորձում են մեր երկրում եղած բոլոր կառույցները ենթարկեցնել իրենց, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցին։ Իշխանությունն ուզում է, որ եկեղեցին ենթարկվի իր կամքին և կատարի իր ցանկությունները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ամատունի Վիրաբյանը։
Ըստ պատմաբանի, այսօր ՀՀ-ում բոլոր մարմիններն ու կառույցները պետք է կատարեն իշխանությունների հրահանգներն ու կամքը, նրանց բոլոր գործողությունները հենց դրան են ուղղված։
«Չի բացառվում, որ իշխանությունները վախենում են Կաթողիկոսի հեղինակությունից։ Հետևաբար՝ իշխանությունը ցանկանում է կաթողիկոսական գահին տեսնել այնպիսի մարդու, որը կենթարկվի իրեն։
Չնայած այս ամենին, կասկածում եմ, որ իշխանությունը կարող է հասնել իր նպատակին, նրանց համար ավելի կարևոր բան կա՝ շուտով լծվելու են նախընտրական պայքարին։ Իշխանության հիմնական ուշադրությունը կենտրոնացվելու է ընտրությունների վրա։ Այնպիսի օրեր ենք ապրում, որ չեմ կարող ասել՝ վաղն ի՞նչ կարող է լինել»,- շեշտեց Ամատունի Վիրաբյանը և հավելեց՝ որպես ՀՀ քաղաքացի՝ իր համար ցավալի է տեսնել այս ստեղծված իրավիճակը եկեղեցու շուրջ։
Մեր զրուցակիցը չբացառեց, որ եկեղեցու ու Կաթողիկոսի դեմ այս պայքարը տեղի է ունենում արտաքին միջամտությամբ։
«Այս գործում նաև չեմ բացառում, որ այստեղ լծվել են Թուրքիայի ու Ադրբեջանի ցանկությունների կատարմանը,- ընդգծեց Ամատունի Վիրաբյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին փաստաբան Արա Զոհրաբյանն էր հայտնել, որ Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, և նա հարցաքննվել է, որի ավարտին Վեհափառն օրհնել է քննիչին ու նրա ընտանիքին։



