Մեզ ասում են «Կրեմլի ագենտներ», բայց հենց հասնում են Կրեմլի շրջակայք՝ սկսում են կոշիկներ լիզել. Իշխան Սաղաթելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հույս է հայտնում, որ ԱՄՆ փոխնախագահն Ադրբեջանում կբարձրաձայնի գերիների վերադարձի հարցը։
Անդրադառնալով հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահը չի հստակեցրել՝ առաջիկա ընտրություններին «Հայաստան» դաշինքը կպահպանվի՞, թե՞ նոր ձևաչափով հանդես կգան՝ Սաղաթելյանը հստակեցրեց.
«Ռոբերտ Քոչարյանը ՀՅԴ-ի առաջնորդը չէ։ Այդ մասին ո՛չ ինքն է ասել, ո՛չ էլ՝ մենք։ Երկու միավոր կնքում են համաձայնագիր դաշինքի տեսքով՝ նպատակի շուրջ։ Մենք ասել ենք, որ արժևորելով «Հայաստան» խմբակցության գործունեությունը, նպատակ ունենք պահպանելու և այդ ուղղությամբ բանակցություններ, քննարկումներ են տեղի ունենում։ Ըստ ժամանակ՝ մենք այդ մասին կհայտարարենք»։
Սաղաթելյանը վստահ է՝ խնդիր չունեն ընտրություններին շեմը հաղթահարելու մասով, եթե առանձին մասնակցեն. «Մենք այն ուժերի թվին չենք պատկանում, որ չէինք կարող շեմը հաղթահարել, բայց մենք ունենք ոչ թե խորհրդարան անցնելու խնդիր, այլ մենք խնդիր ունենք ընդդիմադիր դաշտում ստեղծել խոշոր բլոկներ, ովքեր իրենց ուժերը կմեկտեղեն, ավելի լավ արդյունք կգրանցեն, որպեսզի կարողանանք այս չարիքի իշխանությունից ազատվել։ Մենք մեր օրինակով ցույց ենք տվել և կարծում ենք, որ քաղաքական դաշտի մյուս ուժերը ևս պետք է գնան խոշոր բլոկներ ստեղծելու ճանապարհով»։
Նրա դիտարկմամբ՝ դաշտում կան լավ ընդդիմադիր ուժեր՝ իրենց գաղափարներով, բայց ակնհայտ է, որ իրենք շեմը հաղթահարելու դժվարություն ունեն. «Ի՞նչ իմաստ կա այդ ձայները փոշիացնելու։ Եթե մեր համագործակցությունից է կախված լինելու այս իշխանության հեռցումը, մենք պատրաստ ենք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցել»։
Նա նաև հավելեց. «Առավոտից իրիկուն այստեղից գոռում են, մեզ մեղադրում են «հիբրիդային պատերազմի» մեջ, «ռուսի ագենտներ» չգիտեմ՝ «ռսի շպիոներ», բայց հենց հասնում են Կրեմլի շրջակայք, սկսում են այնտեղ կոշիկներ լիզել, ու ինչ այստեղ ասել են՝ ամբողջովին փոխում ու հակառակն են ասում։ Էս են սրանք, այսինքն՝ գան այստեղ խոսեն, բայց հենց Լավրովը կամ ուրիշը լինեն, տեսնեն ու սկսեն կոշիկները լիզել»։


