Ժորա Չիչոյանի ծառայությունները Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատում. նոր բարձր պաշտոն կստանա
Դեռևս 2025թ. մայիսին 168.am-ը գրել էր, որ Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության հուշահամալիրում ապրիլի 24-ին «հողատու» անվանած պապիկին մեղավոր ճանաչելը գին ունի, և Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը կդառնա Երևանի քրեական դատարանի նախագահ:
Արդեն լրացել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանի պաշտոնավարման ժամկետը, և Ժորա Չիչոյանը զբաղեցնելու է նրա տեղը:
Արդեն երեկ հրապարակվեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Արթուր Աթաբեկյանի՝ ԲԴԽ-13-Ո-14 որոշումը, որով առաջարկվում է թեկնածություն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնում։
«2026 թվականի փետրվարի 9-ին, դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի, 121-րդ և 117-րդ հոդվածների համաձայն։
Հանրապետության նախագահին առաջարկել Ժորա Արմենի Չիչոյանի թեկնածությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար»,- նշված է համապատասխան որոշման մեջ:

Մեր հրապարակումից 9 ամիս անց իրավիճակը մնաց անփոփոխ, և չկատարած հանցանքի համար բոլորովին վերջերս՝ 2025թ. հոկտեմբերին, Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին առավելագույն ժամկետով ազատազրկման դատապարտած Ժորա Չիչոյանը կստանա «վաստակած» պաշտոնը:
Ի դեպ, ըստ օդում կախված տեղեկությունների՝ Մնացական Մարտիրոսյանի անգնահատելի ծառայություններն այս իշխանությանն աննկատ չեն մնա, և հնարավոր է՝ նա էլ նշանակվի Հակակոռուպցիոն դատարանի նախագահ, որովհետև լրանում է նաև այդ դատարանի գործող նախագահ Խաչիկ Ղազարյանի պաշտոնավարման ժամկետը:



