Նման լիազորություն չկա. դա վարչապետի գործն է. Գալյանը` Փաշինյանի կողմից ՀԱԵ գործերին միջամտելու մասին
ՀՀ սահմանադրության հոդված 17-ը սահմանում է, որ «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը», և «կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»:
Իսկ հոդված 18-ում էլ նշվում է.
«1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
2. Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»:
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին այսօրվա ասուլիսում լրագողները հիշեցրին սահմանադրական այս հոդվածների մասին և այդ համատեքստում հարց ուղղեցին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու գործերին միջամտելու փաստերի առնչությամբ:
Այս հարցադրումներին ի պատասխան՝ նա ուշադրություն հրավիրեց, որ ՀՀ սահմանադրությամբ ՀԱԵ-ն անհավասար է այլ կրոնական կազմակերպությունների հետ:
«Եվ սա է պատճառը, որ սահմանվել է սահմանադրական դրույթ, որպեսզի հիմնավորվի Եկեղեցու նկատմամբ օրենքով արտոնյալ վերաբերմունքը: Այդտեղ նշում կա, որ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»:
Այսինքն, մենք ունենք Եկեղեցու հետ հարաբերությունների առանձին օրենք, որը հիմնականում վերաբերում է Եկեղեցուն արտոնությունների տրամադրմանը: Եվ սահմանադրական դրույթն այն երաշխավորն է, որի առկայության պայմաններում այլ կրոնական կազմակերպություններ չեն կարող խոսել խտրական վերաբերմունքի մասին:
Եվ հաշվի առնելով Եկեղեցու տեղն ու դերը մեր կյանքում և պետությունում, ես կարծում եմ, որ սահմանադրական դրույթի փոփոխություն չպետք է որ լինի: Բայց նաև ուզում եմ շեշտել, որ սա մի հարց է, որը դեռևս չի քննարկվել խորհրդի կողմից: Ես նշեցի իմ կարծիքը և օբյեկտիվ իրականությունը»,- մանրամասնեց Արդարադատության նախարարը և անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Եկեղեցու գործերին միջամտելու լիազորություններին, տիրադավ եպիսկոպոսների հետ միասին Եկեղեցու բարենորոգման խորհուրդ ստեղծելուն, և նրան, որ Փաշինյանը հայտարարում է, թե կարգալույծ եղած քահանաները կարգալույծ չեն:
«Նման լիազորություն չկա, ոչ մեկը չի ասել, որ այդպիսի լիազորություն կա: Տարբերություն կա՞՝ քաղաքացի՞ն ասի, թե՞ նախարարը կամ վարչապետը: Ձեր կարծիքով վարչապետը զրկվա՞ծ է քաղաքացու իրավունքներից: Վարչապետը նաև ՀՀ քաղաքացի է: Տեսեք, դա վարչապետի գործն է, նա անում է այն, ինչ ճիշտ է գտնում»,- հավելեց Գալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում



