Ի՞նչ է թաքնված Կովկասում «բրիտանական» խողովակաշարերի շուրջ մանևրների հետևում

«Բրիթիշ պետրոլեում» (British Petroleum) ընկերությունը 2025 թվականի դեկտեմբերի առաջին տասնօրյակից բանակցություններ է վարում Բաքու-Սուփսա և Բաքու Թբիլիսի-Ջեյհան նավթամուղերի օպերատորությունն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պրոֆիլային պետական կառույցներին հանձնելու շուրջ։

Վրացական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ օպերատորությունը պետք է վերջնականապես փոխանցվի 2026 թվականի առաջին կիսամյակի ավարտին՝ համապատասխան համաձայնագրերի կնքման պայմանով։ Չի բացառվում՝ այդպիսով ձևավորվի Թենգիզ հանքավայրից Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի արտադրանքի տարանցման այլընտրանքային տարբերակ՝ Սև ծովում ռազմաքաղաքական իրադրության սրման պատճառով։ Ավելի վաղ Ուկրաինայի զինյալները բազմիցս փորձել են գրոհել Նովոռոսիյսկի նավթային ենթակառուցվածքի և Կասպյան խողովակաշարագծի վրա:

Հիշեցնենք՝ Բաքու-Թբիլիսի-Սուփսա նավահանգիստ գիծը (Ազերի-Չիրագ-Գյունեշլի կասպիական հանքավայրերից BP-ի արդյունահանած նավթի արտահանման երթուղին) շահագործման է հանձնվել 1999 թվականի ապրիլին: Նավթատարի երկարությունը 837 կմ է, այդ թվում՝ 775 կմ նոր խողովակաշար՝ 21 դյույմ տրամագծով (530 մմ) և 55 կմ վերականգնված խողովակաշար։ Տարողունակությունը կազմում է տարեկան 7,35 մլն տոննա (օրական 145 հազար բարել)։ Մոտ 2 կմ անցնում է Հարավային Օսիայով, սակայն BP-ն, հակառակ Թբիլիսիի խնդրանքներին, չի փոխել խողովակաշարի ուղղությունը։

Կարդացեք նաև

Այս ուղղությամբ նավթի մղումը դադարեցվել է 2022 թվականի գարնանը, և ներկայումս ադրբեջանական նավթի գրեթե ամբողջ ծավալն արտահանվում է BTC խողովակաշարով։ 2024 թվականի երկրորդ կեսին մասամբ վերսկսվել է Կասպից ծովի ադրբեջանական հատվածի հանքավայրերից հումքի մղումը, իսկ 2025 թվականից՝ այս երթուղով սկսել է մղվել ղազախական նավթի մի մասը։

Խողովակաշարերի կառավարման համաձայնագրերի համաձայն՝ արտահանման նավթատարների և գազատարների օպերատորությունը նախապես որոշված է և կփոխանցվի համապատասխան կառավարությանը կամ պետական մարմիններին՝ այդ համաձայնագրերում նախկինում համաձայնեցված ժամկետներում, հայտնել են BP-Azerbaijan-ից: «Հենց այդ համաձայնագրերի հիման վրա է 2021 թվականին օպերատորի իրավունքները SOCAR-ին փոխանցվել՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ Վրաստանում: Այդ նույն համաձայնագրերի համաձայն՝ նախատեսվում է Արևմտյան արտահանման խողովակաշարի (Բաքու-Թբիլիսի-Սուփսա) և BP Azerbaijan խողովակաշարի գլխամասային օպերատորի բոլոր գործառույթները փոխանցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչություններին՝ նախապես համաձայնեցված ժամկետներում»։

Ընկերությունում ընդգծել են՝ ներկայում «քննարկումներ են ընթանում համապատասխան գերատեսչությունների հետ՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքները ժամանակին պլանավորելու համար»: Խորհրդակցությունների հիմնական փուլի ավարտը նախատեսվում է սույն թվականի մարտից ոչ ուշ: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, որոնք հղում են անում Վրաստանում ընկերության ներկայացուցչին, BP-օպերատորի փոխանցման գործընթացի ավարտը նախատեսվում է ամենաուշը 2026 թվականի առաջին կիսամյակի ավարտին՝ համապատասխան համաձայնագրերի կնքման պայմանով:

Միևնույն ժամանակ, BP-օպերատորի գործառույթների փոխանցումը չի տարածվում Սանգաչալի տերմինալի վրա, որը նավթ է ստանում Կասպից ծովի հետևյալ հանքավայրերից (Բաքվի մերձակայքում): Ընկերությունը նաև կպահպանի «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» և «Շահդենիզ» հանքավայրերի բլոկի օպերատորի դերը, ինչպես նաև կմնա այդ բլոկը սպասարկող BTC կոնսորցիումի բաժնետեր, որտեղ նրան է պատկանում 30,1 տոկոսը:

BTC-ի բաժնետերերի թվում են նաև ադրբեջանական պետական ​​SOCAR-ը (32.97%), հունգարական MOL-ը (8.9%), թուրքական TPAO-ն (6.53%), իտալական Eni-ն (5%), ֆրանսիական TotalEnergies-ը (5%), ճապոնական Itochu-ն (3.4%), միջազգային ONGC Limited-ը (3.1%), ճապոնական Imnpex-ը (2.5%) և ամերիկյան ExxonMobil-ը (2.5%):

Դեռևս Բաքու-Սուփսա նավթամուղի աշխատանքը փաստացի դադարեցվել է, մինչդեռ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով տարանցումը երրորդ տարին անընդմեջ կրճատվում է: Վրաստանի նավթագազային կորպորացիայի տվյալներից հետևում է, որ 2025 թվականին այն կազմել է 27,2 մլն տոննա, ինչը 2,3 մլն տոննայով պակաս է, քան 2024 թվականի ցուցանիշը։ Էներգետիկայի փորձագետ Էլդանիզ Հուսեյնովի կարծիքով, ամենալավատեսական գնահատականներով, մինչև 2050 թվականը ԲԹՋ-ն և Բաքու-Սուփսա-ն նավթամուղերը կկարողանան ապահովել ղազախական նավթի միայն մինչև 10%-ի փոխադրումը:

ԱԼԵՔՍԵՅ ԲԱԼԻԵՎ

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս