Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն . Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է. «Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն

«Արցախը վաղուց էր հանձնված» թեզը վերջին տարիներին վերածվել է իշխանության կողմից համակարգված կերպով շրջանառվող քաղաքական խոսույթի առանցքային բաղադրիչներից մեկի։ Այն ծառայում է հետին թվով կայացված որոշումների արդարացմանն ու պարտության համար քաղաքական պատասխանատվության լուծարմանը։ Պարտությունը ներկայացվում է որպես նախապես կանխորոշված և անխուսափելի իրողություն, ինչի արդյունքում հանրային դիսկուրսից դուրս է մղվում քաղաքական սուբյեկտի դերակատարությունը և որոշումների որակի հարցը։

Այս նարատիվի հետևողական կիրառումը հանրային գիտակցության մեջ ձևավորում է վտանգավոր ընկալում․ պետական կառավարման արդյունավետությունը ներկայացվում է որպես երկրորդական, քանի որ, իբր, որևէ այլ ելք սկզբնապես գոյություն չի ունեցել։ Նման տրամաբանությունը հատկապես արագ է արմատավորվում այն սոցիալական միջավայրերում, որտեղ բացակայում է քաղաքական կրթությունը և զարգացած չէ քննադատական մտածողությունը։ Արդյունքում պարտություն համարվում է նորմալ, իսկ պատասխանատվության հարցը՝ լղոզվում։

Արդյունքում հանրային դիսկուրսը կենտրոնանում է ոչ թե սխալների վերլուծության, այլ «անխուսափելիության» վրա, ինչը կարող է խոչընդոտել քաղաքական գիտակցության զարգացմանը:

Սակայն իրավիճակը սկզբունքորեն այլ հարթություն է տեղափոխվում, երբ նույն թեզը հնչեցնում է իշխող խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ով նախկինում զբաղեցրել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը հենց այն ժամանակահատվածում, որը ներկայիս իշխանական խոսույթում բնութագրվում է որպես «Արցախը հանձնած» շրջան։ Այս պարագայում գործ ունենք քաղաքական պատասխանատվության բացահայտ մերժման հետ։ Եթե Արցախը «վաղուց էր հանձնված», ապա տվյալ պաշտոնյայի պետական գործունեությունը կամ եղել է ձևական և անիմաստ, կամ՝ գիտակցված կերպով ներառված պարտվողական համակարգում։

Նման մոտեցումը վկայում է իշխանական վերնախավի ընդհանուր արժեհամակարգային և ինստիտուցիոնալ ճգնաժամի մասին։ Քաղաքական էլիտան, որը հետին թվով հրաժարվում է սեփական պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած գործընթացների պատասխանատվությունից, փաստացի զրկվում է լեգիտիմությունից և վերածվում ինքնարդարացման մեխանիզմի։

Քաղաքական սուտը վերածվում է կառավարման գործիքի։

Նույն տրամաբանության մեջ հատկանշական է նաև իշխանության հանրային վարքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երբ տարածաշրջանային անվտանգային միջավայրը, ներառյալ Իրանի շուրջ զարգացող վտանգավոր գործընթացները, պահանջում է առավելագույն քաղաքական կենտրոնացում և պատասխանատու պետական վարք։ Այդ պայմաններում հանրային դաշտում ցուցադրվող թեթևամիտ և իրավիճակին անհամապատասխան գործողությունները խորացնում են պետական մտածողության և անվտանգության իրական սպառնալիքների միջև առկա դիսոնանսը։

Արդյունքում ձևավորվում է համակարգային խնդիր․ իշխանությունը պարտությունը նորմալացնում է, պատասխանատվությունը վերածում խոսքային մանիպուլյացիայի, իսկ պետականությունը՝ կարճաժամկետ քաղաքական շահերին ծառայող նարատիվի։ Այդպիսի պայմաններում Հայաստանի գլխավոր անվտանգային սպառնալիքը սահմանափակված չէ միայն արտաքին գործոններով։ Այն պայմանավորված է նաև իշխանության ներսում ձևավորված քաղաքական ստի ինստիտուցիոնալացմամբ, որը քայքայում է պետական պատասխանատվության և ինքնագիտակցության հիմքերը»։

Տեսանյութեր

Լրահոս