Իշխանության ստի ռեկորդները. Շոկոլադե գործարանից՝ մինչև արտագաղթ

Հայաստանի կառավարումն ընկել է փողոցից եկած մի խումբ մարդկանց ձեռքը, ովքեր 8 տարի շարունակ երկիրը ստի ու կեղծ խոստումների մեջ են պահում։ Բերած աղետները քիչ են, նոր ստեր են հորինում ու փորձում պահել իշխանությունը։ Կորցրած վարկանիշը վերականգնելու համար՝ սպասվող ընտրություններից առաջ սկսել են փրփուրներից կառչել. Չբացված գործարաններն են «բացում», չստեղծած աշխատատեղերն են գովազդում, արտաքին չնվաճված շուկաներն են «նվաճում», «մեծ հայրենադարձության» պատրանքներ են փորձում ստեղծել։

Հիշել են նույնիսկ տարիներ առաջ հայտարարված մի գործարանի կառուցման մասին ու այնպես են ներկայացնում, կարծես առաջին անգամ են այդ մասին խոսում։

Երեք տարի առաջ այդ գործարանի կառուցման մասին ազդարարել էր էկոնոմիկայի նախկին նախարարը, այսօր գործող նախարարն է նույնը կրկնում։ Երեք տարի անց գործարանը չի բացվել, բայց դա չի խանգարում, որպեսզի ընտրություններից առաջ շրջանառեն, թե Հայաստանում սկսել են կառուցել տարածաշրջանի ամենախոշոր շոկոլադի գործարանը։

«Երեք տարվա ընթացքում նախատեսվում է գործարանի ամբողջական գործարկում, որի արդյունքում արտադրական ծավալները կհասնեն օրական մինչև 200 տոննայի, իսկ աշխատատեղերի թիվը կհասնի մինչև 2000-ի»,- ասում է էկոնոմիկայի գործող նախարարը։ Նախորդ նախարարը նույն գործարանի մասին ավելի համեստ թվեր էր հրապարակում։ Բայց էականը նույնիսկ այդ թվերը չեն, նախկին նախարարի հայտարարությունից 3 տարի հետո էլ շոկոլադի գործարանը շարունակում է «բացվել»։ Հայտնի էլ չէ, թե երբ կբացվի, տարիներ անց թարմացումներ են անում ու փորձում որպես նորություն մատուցել։

Կարդացեք նաև

Հայաստանի այսօրվա կառավարիչների նման գործելաոճը, բնականաբար, վաղուց նորություն չէ մեր հանրության համար։  Ժամանակին ինչեր ասես չէին կառուցում Հայաստանում՝ հեռուստացույցների, լվացքի մեքենաների, կենցաղային այլ տեխնիկայի արտադրության գործարան, վերելակների գործարան, գազաբալոնների գործարան, շաքարի գործարան, ավտոմեքենաների, ավտոբուսների, նույնիսկ ինքնաթիռների արտադրության գործարաններ, պղնձաձուլարան, բամբակի, տեքստիլի արտադրության գործարաններ ու էլի բազմաթիվ նման գործարաններ։ Նույնիսկ կոկորդիլոսների բուծման ֆերմա էին բացում։ Թղթի վրա բոլորը բացվեցին, բայց ինչպես բացվեցին, այնպես էլ փակվեցին։

Հիմա Հայաստանում ո՛չ հեռուստացույցների, ո՛չ լվացքի մեքենաների, ո՛չ գազաբալոնների, ո՛չ ավտոմեքենաների, ո՛չ ինքնաթիռների, ո՛չ վերելակների, ու ո՛չ էլ մյուս գործարանները կան։ Բայց դրանցով ժամանակին խաբում ու ստերի մեջ էին պահում քաղաքացիներին։

Այդքան հպարտանում են իրենց արձանագրած տնտեսական աճերով, ո՞վ կարող է ասել, այս տարիներին Հայաստանում քանի՞ նոր արտադրություն ու նոր գործարան է բացվել։ Այդպիսի գործարաններ ու արտադրություններ դժվար է հիշել։ Լավագույն դեպքում բացվել ու մի քանի ամսից փակվել են։ Մինչդեռ, տնտեսության ապագան արտադրության ու նոր հզորությունների ստեղծման, ոչ թե չարչիության մեջ է։ Մի բան, ինչը վերջին տարիներին եղել է Հայաստանի տնտեսության աճերի հիմքը։ Փոխարենը՝ իրական տնտեսությունը մատնված է եղել անտերության։

Նույն էկոնոմիկայի նախարարը, որը 3 տարի առաջ ազդարարված շոկոլադի գործարանի կառուցումը փորձում է նորի տակ անցկացնել ու նորովի մատուցել, պարբերաբար եվրոպական շուկաները «նվաճելու» պատրանք է ուզում ստեղծել։

«2025թ.-ին, 2024թ. համեմատ, Հայաստանից դեպի Եվրոպական Միություն արտահանումն աճել է 9,2%-ով՝ կազմելով 667.0 մլն ԱՄՆ դոլար (2024-ին կազմել է 610.7 մլն ԱՄՆ դոլար)»,- վերջերս իր ֆեյսբուքյան մի գրառմամբ ազդարարել էր էկոնոմիկայի նախարարը, ով իր բան ու գործը թողած՝ շատ հաճախ զբաղված է իշխանության քաղաքական քարոզչությամբ։

Հիմա տեսեք, թե ի՞նչ տխուր պատկեր է թաքնված այս թվերի հետևում. Գրեթե 40 մլն դոլար սուբսիդավորում են տվել պետական բյուջեից, հայկական ապրանքների արտահանումը Եվրամիության երկրներ խրախուսելու համար, արտահանումն ավելացել է ընդամենը 57 մլն դոլարով։ Ծիծաղելի է։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ կլիներ, եթե այդ 40 միլիոն դոլարն էլ չտային։ Սրանից Հայաստանը, մեծ հաշվով, ոչ թե շահել է, այլ տուժել։

Դեռ չենք ասում, որ տարիներ առաջ մեր տնտեսության արտահանման պոտենցիալն, անգամ առանց բյուջեից տրված խրախուսական գումարների, ավելի մեծ էր եվրոպական շուկաներում, քան հիմա։

2018թ. Հայաստանից ԵՄ էր արտահանվել 683 մլն դոլարի ապրանք, անցած տարի արտահանվել է 667 մլն դոլարի ապրանք՝ 16 միլիոնով պակաս։

ՀՆԱ կրկնապատկման արդյունքը, որը մեծագույն ձեռքբերում են ներկայացնում, այստեղ է երևում։

Այսպես են այսքան տարի «նվաճել» եվրոպական շուկաները։ Թեև այլ բան դժվար էր սպասել այն տնտեսական քաղաքականությունից, որն իրականացրել են։ Վիճակագրական աճերը տնտեսության իրական զարգացումների ու արտադրական կարողությունների ավելացման հետ ոչ մի կապ չունեն։ Ինչպես նոր աշխատատեղերի ստեղծման հետ կապ չունեն աշխատատեղերի հայտարարվող թվերը։

Այն բանից հետո, երբ «Մեր Ձևով» շարժումը խոստացավ իշխանության գալու պարագայում 300.000 աշխատատեղ բացել, կրկին հիշեցին իրենց «ստեղծած» աշխատատեղերի մասին։

Հայտնի «մահվան նախարար» Արսեն Թորոսյանը շտապեց հակադարձել՝ «հեղափոխությունից մինչև օրս ստեղծվել է 275.000 աշխատատեղ»։ Բայցահայտ կեղծիք ու սուտ։ Մեկը հարցնի, եթե այդքան աշխատատեղ եք ստեղծել, ինչո՞ւ Հայաստանում աղքատությունը գրեթե չի նվազում։ Այդպես է, որովհետև իրականում ոչ թե նոր աշխատատեղեր են ստեղծվել, այլ նախկինում եղածներն են հայտարարագրվել։ Դրանով է պայմանավորված, որ աշխատատեղերն ավելացրել են, բայց մարդկանց եկամուտները չեն աճել։

Աշխատատեղերի, նաև աշխատավարձերի այն աճերը, որոնց մասին խոսում են, նոր աշխատատեղերի ստեղծման ու աշխատավարձերի իրական աճերի հետ քիչ կապ ունեն։ Զարմանալի չէ, որ Հայաստանում ոչ միայն աղքատությունը գրեթե չի նվազում՝ այդքան աշխատատեղեր «ստեղծելուց» ու աշխատավարձերը «բարձրանալուց» հետո, այլև զբաղվածությունը համարժեք չի աճում։

Վերջերս էլ Նիկոլ Փաշինյանն էր շտապել «ուրախալի լուրով» կիսվել քաղաքացիների հետ՝ փորձելով 8 տարի առաջ խոստացած «մեծ հայրենադարձության» տպավորություն ստեղծել։ Հայտարարել էր, որ առաջին անգամ Հայաստան ավելի շատ քաղաքացիներ են մուտք գործել, քան հեռացել։

Անցած տարի քաղաքացիների մուտքը 8660-ով ավելի է եղել, հիշել է, իսկ որ դրան նախորդած 4 տարիներին Հայաստանից շուրջ 150.000 քաղաքացի հեռացել ու չի վերադարձել, որևէ անգամ նույնիսկ փորձ չի արել գնահատական տալ։ Հաշվե՛ք, թե 150.000-ի մեջ քանի 8660 կա, ու այդ ժամանակ պարզ կլինի՝ այսօրվա կառավարիչների օրոք վերջին 5 տարում քանի անգամ ավելի շատ քաղաքացի է գնացել երկրից, քան եկել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս