Ջեյ Դի Վենսը մեկնում է Բաքու և Երևան. շռայլ կանխավճարներ և անիրականանալի պատրանքներ. ԱՄՆ-ը Կովկասը ներքաշում է վտանգավոր խաղերի մեջ

ԱՄՆ-ի հետ բարեկամանալ  ձգտողների առանձնահատկությունն օրիգինալ չէ։ Բոլորը կամ գրեթե բոլորն անկեղծորեն համոզված են. «Մեզ հետ ամեն ինչ այլ կլինի»։ Բայց ամեն անգամ իրականությունը ստիպված է նրանց հուսահատեցնել՝ ցրելով պատրանքները։ Բացի այդ,  Վաշինգտոնի համար «դաշնակցի» և «վասալի» միջև սահմանագիծը չնչին է, եթե ընդհանրապես գոյություն ունի։

Ակամայից նման եզրակացության հանգում ես՝ դիտարկելով փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի համատեքստը։  Ավելի վաղ Դավոսի համաշխահային տնտեսական ֆորումում արդյունքների վերաբերյալ համապատասխան ծրագրերով Truth Social-ում կիսվել էր նրա ղեկավար Դոնալդ Թրամփը։ Պաշտոնապես հայտարարվել է՝ ամերիկյան իշխանական հիերարխիայի երկրորդ անձի՝ այդ մայրաքաղաքներ այցի նպատակն Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդումն է և Հայաստանի հետ միջուկային ոլորտում խաղաղ համագործակցության մասին նրա շեֆի կողմից ավելի վաղ ստորագրված «հրաշալի համաձայնագրի» ստորագրումը։

Բացի այդ, ծրագրվում է կիսահաղորդիչների ամերիկյան խոշոր արտադրողների հետ կնքել գործարք և մերձկասպյան երկրին վաճառել ԱՄՆ-ում արտադրված ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «զրահաբաճկոններ, նավակներ և շատ այլ բաներ»,- պարզաբանել է օվալաձև կաբինետի տերը: Զուգահեռաբար լոբբիստներն ակտիվացնում են ջանքերը 907-րդ բանաձևի վերջնական չեղարկման ուղղությամբ, որը հիպոթետիկորեն կարող է արգելակել Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի ռազմատեխնիկական անխոչընդոտ համագործակցությունը։

Բացի այդ, Սպիտակ տան տերը նախատեսված շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ 2025 թվականի օգոստոսին ստորագրված «խաղաղության համաձայնագրի» պահպանման համար։ Նրա խոսքով՝ «դաժան պատերազմն» այժմ այն ութնյակի շարքում է, որոնք նա սիրով բարեհաճել է «ավարտել»՝ հերթական անգամ ազդարարելով «բարգավաճում և խաղաղություն»:

Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը հիմնավորված ընդգծել է՝ Վենսի գլխավոր խնդիրը Հայաստան և Ադրբեջան այցի ժամանակ, մեծ հավանականությամբ, կդառնա «Թրամփի ճանապարհի»՝ Ադրբեջանի հիմնական տարածքի, Նախիջևանի ինքնավարության և Թուրքիայի միջև կոմունիկացիոն միջանցքի իրականացման աշխատանքների մեկնարկը: Իհարկե, սրանից չի հետևում, որ այցի բոլոր նպատակներն իրականացվում են մեկ այցով (կամ մեկ հռչակագրով), բայց Վաշինգտոնը համառորեն ծրագրում է հետագայում ևս առաջ մղել իր նախագիծն Անդրկովկասում։ Չի բացառվում, որ Բաքուն և Երևանն ԱՄՆ միջնորդությամբ որոշեն ևս մեկ անգամ ամրապնդել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Չնայած նախագծի լայնածավալ և լարված PR-ին՝ դրա տեխնիկական իրականացման շատ ասպեկտներ մնում են չմշակված:

Այսպես թե այնպես, ենթադրվում է, որ հենց ԱՄՆ փոխնախագահին է հանձնարարվել Սպիտակ տանը Վերահսկել «կովկասյան ուղղությունը»։

Փետրվարի 9-10-ն ԱՄՆ առևտրի պալատը Պետդեպարտամենտի և առևտրային գերատեսչության հետ համատեղ կազմակերպում է պատմության մեջ առաջին երկկողմ բիզնես առաքելությունը դեպի Ադրբեջան: Հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է էներգետիկայի և թվային փոխակերպման, պաշտպանության և տրանսպորտի, գյուղատնտեսության և առողջապահության, ֆինանսների և ներդրումների վրա:

Ոչ պակաս ուշագրավ է ամերիկացիների մտադրությունը Հայաստանում կիսահաղորդիչների արտադրություն բացելու, Հանրապետությունում փորձարարական մոդուլային ատոմային ռեակտոր տեղադրելու և տվյալների կենտրոն գործարկելու համար՝ ԱԻ-ի վերաբերյալ հարցումների մշակման համար, ինչի մասին նույնպես շատ են խոսակցությունները։ Ենթադրություններ են հնչում, որ Վաշինգտոնի հետ Երևանի և Բաքվի համագործակցությունը դուրս է զուտ տնտեսական և նույնիսկ քաղաքական հարցերի սահմաններից, և շատ հավանական է, որ Վենսի այցը կբացահայտի նաև նախկին Խորհրդային Անդրկովկասի երկրների հետ ԱՄՆ-ի համագործակցության ռազմական չափումը։

Այս համատեքստում դժվար թե նպատակահարմար է անտեսել Սենատի զինված ուժերի կոմիտեի անդամ Մալլինի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպման փաստը, ինչը բոլորովին էլ եզակի չէ: Զրուցակիցները քննարկել են ռազմական փոխգործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: ԱՄՆ-ի հակաիրանական հռետորաբանության խստացման խորապատկերին դա կարող է նշանակել միայն մեկ բան՝ Վաշինգտոնն Անդրկովկասում պատրաստում է նաև պլացդարմ ռազմական գործողությունների համար։

Այստեղ ԱՄՆ ռազմավարության երեք հիմնական ասպեկտներ պետք է դիտարկել որպես համաշխարհային երկրների մեծամասնության համար պոտենցիալ մարտահրավերների աղբյուր։ Առաջինը վերաբերում է Վաշինգտոնի՝ գլոբալ տեխնոլոգիական գերակայության հավակնություններին, ընդ որում՝ ոչ միայն արտադրության ոլորտում, այլև տվյալների զանգվածների նկատմամբ գլոբալ վերահսկողության առումով։ Երկրորդը ենթադրում է հազվագյուտ հողերի և այլ հումքային ռեսուրսների շրջանառության անվերապահ վերահսկողություն, որոնցից շատերը գտնվում են Նահանգներից դուրս (Չինաստանի հետ աճող մրցակցության խորապատկերին, որն ունակ է ամենատարբեր ձևեր ընդունել):

Դրա հիման վրա, երրորդ ասպեկտը վերաբերում է աշխարհի տարբեր տարածաշրջաններում կարևոր կամ ռազմավարական նշանակություն ունեցող տրանսպորտային ուղիների նկատմամբ գերիշխանությանը: Հարավային Կովկասը միանգամայն տեղավորվում է այս կատեգորիայի մեջ։ Միևնույն ժամանակ, նշված բոլոր ուղղություններում ԱՄՆ-ը հիմնականում շեշտը դնում է ռազմականացման և ռազմական ուժի կիրառման վրա, ներառյալ՝ մասնավոր ռազմական ընկերությունները, որոնցից մեկը, ավելի վաղ հաղորդվել էր, տեղակայվում է Արաքսի ափերին՝ «Թրամփի միջանցքը» պաշտպանելու պատրվակով: Փաստորեն, ամերիկացիները մերժեցին չմիջամտելու գաղափարը՝ որպես գոյություն ունեցող կամ հեռանկարային աշխարհակարգի անբաժանելի մաս։ Բայց կա մեկ այլ նրբերանգ, որը և նրանք, և «խաղաղության խորհրդով» իրենց կրտսեր գործընկերները ստիպված կլինեն այս կամ այն կերպ հաշվի առնել։

Փաստն այն է, որ հազվագյուտ հողերի պաշարների 85%-ը, որոնք անհրաժեշտ են նաև կիսահաղորդիչների համար, գտնվում են BRICS-ի հինգ երկրների տարածքում՝ Ռուսաստանում, Չինաստանում, Վիետնամում, Հնդկաստանում, Բրազիլիայում: Հայաստանն ու Ադրբեջանն ակնհայտորեն այդ շարքում չեն։ Ի դեպ, միանգամայն հնարավոր է, որ հազվագյուտ հողերի պաշարների առումով թվարկված առաջատար պետությունները մոտ ապագայում որոշեն ստեղծել կազմակերպություն, որը կոչված է դառնալու ՕՊԵԿ-ի անալոգը որոշ բնական ռեսուրսների արդյունահանման ոլորտում: Ամեն դեպքում, նման կազմակերպության ստեղծումը կարող է դառնալ կարևոր գործիք և նույնիսկ ճնշման լծակ, և գուցե նաև գլոբալ Հարավն ու Արևելքը պաշտպանելու համար «խաղաղություն ուժի միջոցով» ադեպտների դեմ, որի հետևում ընկած է սովորական համաշխարհային կողոպուտը:

Զարմանալի է, թե ինչպես նույն Հայաստանում դեռևս հաշվի չեն առնում Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական ինքնավարության ամերիկյան «հովանոցի» տակ շուրջ 10 տարի գոյատևած Ռոժավայի տխուր, բայց ուսանելի պատմությունը, որը վերջերս փլուզվել էր՝ որպես աշխարհաքաղաքական և էթնո-կրոնական նախագիծ։ Նրա ուժային ծածկույթն ապահովող «Սիրիայի դեմոկրատական ուժերը» Ռոժավան դարձրին Մերձավոր Արևելքում քաղաքական և սոցիալ-տնտեսական ամենանշանավոր գործոններից մեկը։ Ըստ այդմ, քրդական նախագիծը մինչ այժմ ամերիկացիների աչքում շատ ավելի բարձր էր, քան Հայաստանը։ Ի տարբերություն Երևանի՝ Ռոժավան ԱՄՆ-ի աջակցությամբ վերահսկում էր նաև Սիրիայի հյուսիս-արևելքի նավթաբեր շրջանները, բայց դա էլ նրան չօգնեց այն բանից հետո, երբ Սպիտակ տունը փոխեց իր մարտավարությունը։ Այն, ինչ ժամանակին սկսվել էր որպես տեղային էթնոքաղաքական և սոցիալական նախագիծ, որն ուղղված էր «իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, ավարտվեց ինքնավար կառույցի արագ ապամոնտաժմամբ՝ քրդական համայնքի համար խիստ բացասական հետևանքներով՝ չնայած Դամասկոսի կողմից անվանականորեն հայտարարված մշակութային և լեզվական իրավունքներին։

Իսկ նրանց համար, ովքեր անտեսում են այդ ցայտուն օրինակն այն պատճառաբանությամբ, թե ԱՄՆ-ը «այդպես է վարվում միայն Արևելքում», լավ կլիներ թարմացնել հիշողությունն ամերիկա-ֆրանսիական հարաբերությունների պատմությամբ։ Նույնիսկ դաշնակից երկրի առաջնորդ Էմանուել Մակրոնի համար, որը եվրոպական խոշոր պետություններից մեկն է, Թրամփը հաղորդակցության մեջ արտահայտություններ և մեթոդներ չի ընտրում: ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը 200 տոկոս մաքսատուրքեր կսահմանի ֆրանսիական գինու և շամպայնի համար, և այդ ժամանակ Ելիսեյան դաշտերի բնակիչն անպայման կհամաձայնի ընդունել Գազայի հարցով «Խաղաղության խորհուրդ» իր հրավերը:

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով Մակրոնին մոտ կանգնած աղբյուրին, հայտնել էր՝ Ֆրանսիան մտադիր է մերժել «Խաղաղության խորհրդին» միանալու Թրամփի հրավերը, քանի որ վախենում է ՄԱԿ-ի ազդեցության նվազումից: Ֆրանսիայի նախագահը կարծում է՝ նոր կազմակերպության կանոնադրությունը դուրս է գալիս այն խնդիրների շրջանակից, որոնք վերաբերում են Գազայի հատվածին:

Կարելի է հիշել նաև Թրամփի հրապարակած անձնական հաղորդագրությունը, որը նա ստացել է Մակրոնից Signal մեսենջերով։ Կարելի է ոչ մի րոպե չկասկածել՝ հարկ եղած դեպքում, նույն կերպ, եթե ոչ ավելի վատ, կշփվեն և Փաշինյանի, և Ալիևի հետ, որոնց տնտեսական և քաղաքական «արժեքը», ամերիկյան իսթեբլիշմենթի աչքում, անհամեմատ «ցածր է» ֆրանսիականից։

Ինչ վերաբերում է փառապանծ TRIPP-ին, ապա դրա հետ կապված խնդիրն այն է, որ այն ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի ինքնիշխանությունը դասական և միջազգայնագետների կողմից ընդունված ընկալմամբ (պետության վերահսկողությունն իր տարածքների, սահմանների և ռեսուրսների նկատմամբ), այլև չի բացառում, որ ամերիկյան բաժնետոմսերի 74%-ը ցանկացած պահի կարող է վաճառվել ցանկացածին՝ ներառյալ Հայաստանի արևմտյան կամ արևելյան հարևաններին, էլ չասած այն մասին, որ ոչ վետոյի, ոչ որոշումներ կայացնելու իրավունք հայկական իշխանություններն այստեղ այլևս չեն ունենա։

fondsk.ru

ՅՈՒՐԻ ՄԱՎԱՇԵՎ

 Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս