36.000 դրամ՝ թոշակառուին, միլիոններ՝ իշխանավորներին. սոցիալական «արդարության» փաշինյանական մոդելը

Իշխանական քարոզչությունը հերթական անգամ փորձում է սոցիալական զգայուն թեման վերածել քաղաքական ինքնագովազդի։ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությունը, թե իրենց օրոք թոշակները «16.000 դրամից դարձել են մոտ 43.000 դրամ», իրականության հետ ունի միայն մասնակի և խիստ մանիպուլյատիվ կապ։

Սկսենք պարզ ճշմարտությունից. 16.000 դրամ թոշակ ստացել է թոշակառուների բավական փոքր մասը։ Այդ չափը վերաբերում էր բացառապես նվազագույն կենսաթոշակին, որը ստանում են աշխատանքային ոչ մի ստաժ չունեցող քաղաքացիները։

2023 թվականի տվյալներով՝ նրանց բաժինն ընդհանուր թոշակառուների քանակի մեջ մոտ 12% է եղել՝ շուրջ 70.000 թոշակառու։ Այսինքն՝ իշխանությունը հանրությանը ներկայացնում է ամենացածր ցուցանիշը` որպես «հին համակարգի ընդհանուր պատկեր», որպեսզի սեփական «աճը» առավել տպավորիչ երևա ու մոլորեցնի հասարակությանը։

Բայց նույնիսկ այդ մանիպուլյատիվ մեկնարկային կետից հետո իրական բարելավման մասին խոսելն անազնիվ է։ 2024 թվականին նվազագույն կենսաթոշակը՝ 36.000 դրամ, շարունակում է կազմել նվազագույն սպառողական զամբյուղի կեսից էլ պակասը։ 2018-ին այն կազմում էր զամբյուղի ընդամենը 26%-ը, իսկ 2024-ին՝ մոտ 47%։ Այլ կերպ ասած՝ նույնիսկ «աճից» հետո թոշակառուն շարունակում է ապրել նվազագույն կարիքների կեսից էլ պակասով։

Կարդացեք նաև

Իշխանությունը, սակայն, խուսափում է խոսել միջին կենսաթոշակի մասին, քանի որ այստեղ պատկերն իշխանական թեզերին ընդհանրապես չի համապատասխանում։

Եթե 2018 թվականին միջին կենսաթոշակը կազմում էր նվազագույն սպառողական զամբյուղի ավելի քան 66%-ը, ապա 2024-ին այդ ցուցանիշը նույնիսկ փոքր-ինչ վատթարացել է՝ հասնելով մոտ 65%-ի։ Այսինքն` թոշակառուների մեծամասնության իրական գնողունակությունը ոչ միայն չի բարելավվել, այլև փաստացի տեղում է մնացել՝ նույնիսկ հաշվի չառնելով գնաճը, գույքահարկի, աղբահանության վճարների բարձրացումը, դեղորայքի ու այլ կենսական ծախսերի ավելացումը և այլն։

Որպես պարզ համադրություն՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ամեն տարի միջինում բարձրանում էր շուրջ 2700 դրամով, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին՝ տարեկան մոտ 1300 դրամի բարձրացում։

Առանձին մանիպուլյացիա է նաև «36000 + 20%» թեզը։ Իրականում՝ 20% ավելացումը կենսաթոշակի ուղղակի բարձրացում չէ, այլ հետվճարի ծրագիր, որը չի վերաբերում բոլորին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հնչեցրած տվյալներով ստացվում է, որ 2025 թվականի վերջին հետվճարի ծրագրից օգտվում է կենսաթոշակ և նպաստ ստացողների մոտ 57%-ը, իսկ միջին ամսական հետվճարը կազմում է շուրջ 4200 դրամ, ինչը զգալիորեն պակաս է 2025-ի «առավելագույնը՝ 6000 դրամ» շեմից։

Ավելին, եթե հետվճարը դիտարկվի որպես կենսաթոշակի բարձրացում (ինչպես իշխանությունն է փորձում մանիպուլացնել), ապա պետք է վերցվեն ոչ թե միայն հետվճարի ծրագրից օգտվող 57%-ը, այլ բոլոր կենսաթոշակ և նպաստ ստացողները, և այդ դեպքում 4200 դրամի փոխարեն՝ կստացվի 2400 դրամ։ Էլ չասած, որ հետվճար չի տրվում կոմունալ վճարների համար, ինչը լրջորեն սահմանափակում է ծրագրի ազդեցությունը։

2024-ին (2025-ի տվյալները դեռևս չեն հրապարակվել) հետվճարի համար փաստացի ծախսվել է 10 մլրդ դրամ, և եթե շահառուների թիվը նախարարի հնչեցրած 660,000-ի փոխարեն՝ նույնիսկ 600,000 դիտարկվի, ապա կենսաթոշակ կամ նպաստ ստացող մեկ անձի հաշվով ամսական միջին հետվճարի մեծությունը 1400 դրամի էլ չի հասնի։ 2026 թվականի պետական բյուջեով հետվճարի համար պլանավորվում է ծախսել 20 մլրդ դրամ, որի դեպքում ստացվում է, որ կենսաթոշակ կամ նպաստ ստացող մեկ անձը միջինում ամսական ստանալու է մոտավորապես 2500-2800 դրամի հետվճար։

Այս ամենի ֆոնին իշխանության հայտարարությունները թոշակների «աննախադեպ աճի» մասին ավելի շատ հիշեցնում են թվերով աճպարարություն, քան սոցիալական քաղաքականության իրական հաջողություն։ Թոշակները կարող են թվերով աճել, բայց եթե դրանց հարաբերակցությունը նվազագույն սպառողական պայմանները չի բարելավում, ապա խոսել արժանապատիվ ծերության մասին պարզապես ցինիզմ է։

Մինչ իշխանությունը բարձրաձայն խոսում է «թոշակների աճից», նույն ժամանակահատվածում պետական ապարատում ձևավորվել է բոլորովին այլ իրականություն։ Պաշտոնյաների, պատգամավորների, նախարարությունների աշխատակիցների պարգևավճարները հաշվվում են միլիոնավոր դրամներով։ Մի դեպքում՝ թոշակառուն ստիպված է ընտրություն անել հացի, կոմունալ վճարի ու դեղորայքի միջև, մյուս դեպքում՝ իշխանական ներկայացուցիչը ստանում է «աստղաբաշխական» պարգևավճար, որպես կանոն, առանց որևէ չափելի արդյունքի։

Ի վերջո, փաստերը հստակ են․ թոշակառուների մեծամասնության համար վերջին տարիներին կյանքը չի դարձել ավելի հեշտ, որքան էլ իշխանությունը փորձի դա ներկայացնել գեղեցիկ թվերով ու կիսաճշմարտություններով։ Մինչ իշխանական ներկայացուցիչները վայելում են իրենց պարգևավճարները, թոշակառուից ակնկալվում է 36.000 դրամին գումարած մի քանի հազար դրամի չափով հետվճարով ինքն իրեն ապահովել «արժանապատիվ կյանքով»։

Տեսանյութեր

Լրահոս