Աթենքի Ակրոպոլիսից վտարեցին վուլգար հագուկապի համար. իսկ ի՞նչ տեսքով են մտնում հայկական վանքեր. Յաշա Սոլոմոնյան
2025թ․ ունեցել ենք 2 մլն 263 հազար 642 զբոսաշրջիկ, ինչը 2,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից և 19,4 տոկոսով ավելի է 2019 թվականի ցուցանիշից: Այս մասին Կառավարության հունվարի 8-ի նիստին ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ինչպիսի՞ն էր տարին զբոսավարների համար, որո՞նք են ոլորտի զարգացմանը խոչընդոտող հարցերը։ Այս մասին զրուցել ենք Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանի հետ։

– Ինչպիսի՞ն էր 2025 թվականը զբոսավարների համար։
– Համաձայն պաշտոնական տվյալների՝ զբոսաշրջային այցելությունների թվով, արդեն մի քանի տարի է՝ գերազանցել ենք հայկական զբոսաշրջության համար լավագույն տարին՝ 2019 թվականը, բայց մեկ բան է քանակական աճը, մեկ այլ բան՝ որակականը։
Կորոնավիրուսի ժամանակ՝ 2020 թվականին, արդեն տարբեր միջազգային կառույցներ խոսում էին զբոսաշրջության տրամաբանության փոփոխության մասին։ Նշվել էր, որ հետքովիդյան շրջանում բավական կրճատվելու է, այսպես կոչված, կազմակերպված զբոսաշրջությունը։ Դրան գումարվում են տարբեր տեխնոլոգիաների զարգացումները, արհեստական բանականությունը, օնլայն տուրիզմի աճը։ Եվ այս ամենով պայմանավորված՝ Հայաստանն անմասն չմնաց, և 2020թ. հետո մեր երկրում նույնպես կրճատվեց կազմակերպված զբոսաշրջության թիվը, իսկ զբոսավարները հիմնականում զբաղված են կազմակերպված զբոսաշրջությամբ, քանի որ անհատ կամ, այլ կերպ ասած՝ բյուջետային զբոսաշրջիկները հազվադեպ են օգտվում զբոսավարի թանկարժեք ծառայությունից։ Այսինքն, նրանք, ովքեր բեքփեքեր են, վերցրել են իրենց ուսապարկը, էժան ավիաուղիով ժամանել Հայաստան, բնականաբար, կրճատում են ցանկացած ծախս։
2025թ. վերջապես որակական առումով եկանք, հասանք 2019թ. մակարդակին։ Հատկապես պիկ սեզոնին ունեցանք դեպքեր, երբ տարբեր լեզուներով մասնագետներ գտնելու հավանականությունը հավասարվում էր զրոյի։
Մեզ մոտ խնդիրը զբոսաշրջության սեզոնայնությունն է. Օրինակ՝ մայիս ամսին գերմանախոս շուկայում անհնար է գտնել ազատ զբոսավար, բայց դրան հակառակ՝ ամռանը բոլորն ազատ են։

– Ձմեռային Հայաստանն ինչո՞ւ գրավիչ չէ զբոսաշրջիկների համար։
– Փորձեմ հարցին կեսկատակ պատասխանել. երբեմն ձմեռային Հայաստանը Հայաստանի քաղաքացիների համար գրավիչ չէ, մասնավորապես, այն իրավիճակին, ինչին բախվում են այսօր Երևան քաղաքի բնակիչները՝ սառած մայթերի և բազմաթիվ կոտրվածքների տեսքով, բայց, բացասականից անցնելով դրականի, ասեմ, որ Հայաստանը գրավիչ է ցանկացած եղանակի։ Այլ է բնակլիմայական պայմանների հարցը։ Ցավոք, չենք կարող պլանավորել ձմեռվա արևի ջերմությունը և հասկանալ, թե մեր լեռնադահուկային կետերում կունենա՞նք բավարար քանակի ձյուն, թե՞ չէ։ Սեզոնի սկզբին մեր լեռնադահուկային կուրորտներից մեկում լուրջ խնդիր կար։ Մի կողմից արհեստական ձյուն էր կազմակերպվում, որպեսզի սահուղիներն աշխատեն, բայց մյուս կողմից՝ օդի ջերմաստիճանն այնքան բարձր էր, որ ձյունը շատ արագ վերածվում էր ցեխի։ Այո, ձմեռային տուրիզմի մասով մեծ գործ կա անելու՝ երկիրը միջազգային շուկայում դիրքավորելու տեսանկյունից։
– Զբոսավարներից շատերն առաջարկում են գործարարական տուրիզմը զարգացնել ձմռանը, այսինքն՝ հիմնականում կոնֆերանսներ կազմակերպել, բայց, եթե կազմակերպում են Դիլիջանում, կգնան այնտեղ և այլ տեղեր չեն գնա։ Ավելին, կարծեմ ծախսերը հոգում է հենց կազմակերպող կողմը, էլ մեր օգուտը ո՞րն է լինելու։
– Տեսե՛ք, մայր տուրիզմը կամ կորպորատիվ, բիզնես տուրիզմը, իհարկե, շատ լուրջ մասնաբաժին ունի առհասարակ համաշխարհային զբոսաշրջության գնագոյացման մեջ, և հուրախություն մեզ՝ Հայաստանը նույնպես անմասն չի մնում։ Հատկապես վերջին տարիներին՝ տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից բավական շատ արդեն սկսում ենք ստանալ կորպորատիվ խմբեր, որովհետև, եթե նախկինում տվյալ հայտնի կազմակերպություններն իրենց արտագնա հանդիպումները, տարբեր ֆորումներն իրականացնում էին Եվրոպայում, այսօր իրենք այդ հնարավորությունը չունեն, և այդ տեսանկյունից մենք շահեկան դիրքում ենք հայտնվում․ օդային ուղիներն են բաց Հայաստանի հետ, փաստաթղթային առումով խնդիրներ չկան, ներքին անձնագրերով կարելի է գալ, համեմատաբար ավելի մատչելի է մեր երկիրը։ Եվ, այո, կորպորատիվ տուրիզմը, չնայած էականորեն տարբերվում է դասական զբոսաշրջությունից, միևնույն է, բավական մեծ քանակով ֆինանսական հոսքեր է ապահովում դեպի պետության բյուջե, և մյուս կողմից, իհարկե, ապահովում է զբաղվածություն այդ ոլորտի աշխատակիցների համար։
Միգուցե իքս վայրում գաթա ծախող տատիկը չունի եկամուտ, որովհետև այդ մարդը գալիս է, 2-3 օր հենց հյուրանոցում է մնում, իր ֆորումներն անցկացնում և գնում, բայց իր վճարած գումարից տատիկը հաստատ, չգիտեմ, թոշակային ֆոնդում է գումար ստանալու կամ սոցիալական այլ ծառայությունների տեսքով։
Այստեղ շատ հետաքրքիր մի պահ կա․ պետք է տարբերակենք ուղղակի և անուղղակի օգուտները։

– Անուղղակի օգո՞ւտ է նաև համաշխարհային աստղերի համերգների արդյունքում զբոսաշրջիկների այցը Հայաստան, որտեղ կրկին որևէ տեղ չեն գնում, մեկ օրով գալիս են և հեռանում։
– Եթե խոսում ենք իրադարձային տուրիզմի մասին, որի շրջանակներում, այո՛, համերգների, փառատոների, միջազգային խորհրդաժողովների կազմակերպումն է, շատ կարևոր ճյուղ է ցանկացած պետության համար։
Զբոսաշրջությունը, բացի տնտեսական ճյուղ լինելուց, սովորական բիզնես ոլորտ է, բայց միևնույն ժամանակ, ի տարբերություն այլ ճյուղերի, պարունակում է փափուկ ուժի հնարավորություն, այսինքն՝ տալիս է հնարավորություն՝ մեր երկիրը գովազդելու, միջազգային ոլորտում դիրքավորելու առումով, ու այդ մասով երգիչների, երաժշտական խմբերի, դերասանների, ինչո՞ւ չէ, ինչ-որ քաղաքական գործչի ներգրավումը լավ է։
Օրինակ, երբ տարիներ առաջ, պատմության մեջ առաջին անգամ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանեց տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան, ամբողջ գերմանական մեդիան սևեռվել էր Հայաստանի Հանրապետության ուղղությամբ։ Այս քայլի արդյունքում՝ տևական ժամանակ Հայաստանի անունը հնչում էր տարատեսակ գերմանական ԶԼՄ-ներում, որը, եթե որոշեինք մեր զբոսաշրջության բյուջեով կազմակերպել՝ միլիարդներ պետք է ծախսեինք։
Իհարկե, խոսում էինք քաղաքական կոնտեքստով, բայց էական է, որ քո երկրի անունը հնչում է, և միջին վիճակագրական գերմանացին, ով անգամ աշխարհագրության դասից չի անցել, որ այսպիսի երկիր կա աշխարհում, մեկ էլ կարդում է, իր մոտ այդ անունը դառնում է արդեն ավելի ճանաչելի, և վաղը, երբ ինչ-որ տուրիստական ամսագրում կամ փաթեթում հանդիպում է այդ անվանը, իր համար այլևս տարօրինակ կամ ինչ-որ անծանոթ անուն չէ, ավելի հետաքրքրված է լինում։ Նույնը համաշխարհային աստղերի այցի դեպքում է։ Պատկերացրեք, կան երգիչներ, ովքեր միլիոնավոր հետևորդներ ունեն ամբողջ աշխարհում, և եթե զբոսաշրջային մեր բյուջեով մենք նախատեսենք տարատեսակ գովազդային ծրագրեր, որպեսզի հասնենք այդ մեկ միլիոն թիրախին, ահռելի գումար է պետք, իսկ այս դեպքում դու ընդամենը ներդրում ես անում։ Ասեմ ավելին, երբեմն համերգից կարող ես օգուտով էլ դուրս գալ՝ տոմսերի վաճառքի շնորհիվ։
– Տարիներ առաջ շատ էին կազմակերպվում փառատոներ՝ տոլմայի, խորովածի և այլն, մի քիչ նվազել են, բայց դրանք նպաստո՞ւմ էին, որ զբոսաշրջիկներ շատ գան Հայաստան։
– Իրականում փառատոնային կյանքը վերջին տարիներին ակտիվացել է։ Մի քիչ տրանսֆորմացվել է, որոշ փառատոներ աճել են, զարգացել, որոշներն այլևս չեն գործում, և դա նորմալ է։ Պրոդուկտ է, իջեցնում ես շուկա, 1-3 տարի պիլոտային ծրագրեր են արվում, և եթե աշխատում է, շարունակում է։ Ամենահայտնի փառատոնը Երևանի գինու օրերն է, որը, միանշանակ, տարածաշրջանային մակարդակի զբոսաշրջային բրենդի է վերածվել։ Շատ արտասահմանյան գործընկերներ իրենց խմբերի այցերը Հայաստան պլանավորելիս մեզանից պահանջել են Հայաստանի փառատոնային օրացույցը, որպեսզի կարողանան տարատեսակ հետաքրքիր միջոցառումներ ներառել իրենց ծրագրերում։
– Շատերը մեծ հույսեր են կապում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման հետ՝ նշելով, որ բազմահազար զբոսաշրջիկների կբերի Հայաստան։ Ի՞նչ կարծիքի եք։
-Կրոնական զբոսաշրջությունն աշխարհում գնալով նվազում է։ Վերջին տարիներին շատ մեծ թափով ակտիվանում է հենց ակտիվ տուրիզմը, որի կարևոր կոմպոնենտներից մեկը քայլարշավային տուրիզմն է, և զոհաբերելով մեր Հատիս լեռն այս ծրագրին, ես վստահ չեմ, միգուցե գան։ Չեմ բացառում, որ կարող է ունենալ ինչ-որ ազդեցություն։
Հսկայական գումարները, որոնք ծախսվում են, եթե ուղղվեին Հայաստանի արտաքին գովազդի և մարքետինգի ուղղությամբ, ապա դրանից եկած միջազգային արձագանքն անհամեմատ ավելի մեծ կլիներ։
Տաթևի ճոպանուղին գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։ Դա զբոսաշրջային լուրջ պրոդուկտ է, չէ՞, իսկ ի՞նչ ունենք մենք իրականում։ Վերջին տարիներին տարեկան այցելությունը չի գերազանցել 4000 մարդը։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, մենք ունենք այդ պրոդուկտը, բայց դրա մասին գրեթե ոչ ոք չգիտի արտերկրում, կամ, եթե անգամ գիտեն էլ, ապա հավանականությունը, որ մարդը գումար կծախսի, ինչ է թե՝ ինչ-որ ճոպանուղի նստի՝ 1000-ավոր կիլոմետրեր կկտրի, կգա՞։ Կամ մարդը 1000-ավոր կիլոմետրեր կկտրի, կհասնի Հայաստան, ինչ է թե՝ տեսնի Քրիստոսի ժամանակակից արձա՞նը։
Եկեք մեկ բան հասկանանք։ Հայաստանի զբոսաշրջությունը սպառողները հիմնականում զարգացած երկրներն են և այնտեղ բնակվող կոնկրետ շերտերի մարդիկ։ Այսինքն՝ միջին և ավելի եկամուտ ունեցող մարդիկ, ովքեր մեծամասամբ, առանձնապես կրոնական կյանքով չեն ապրում, և նրանց Հայաստան գալու նպատակն ամենևին քրիստոնեությունը չէ։
Այո, դա պատճառներից մեկն է, որ քրիստոնյա, խաղաղ ապահով երկիր է, ունի հսկայական քրիստոնեական ժառանգություն, սա չի կարելի որևէ կերպ չնկատել, բայց մարդիկ կրոնական տուրիզմի չեն գալիս, և հավանականությունը, որ չգիտեմ, Շվեյցարիայում բնակվող Հանսը կնոջը վերցնելու է, հատուկ փաթեթ առնի, ինչ է թե՝ գա տեսնի Հատիս լեռան վրա կանգնած արձան՝ բարդ է պատկերացնելը։
Եթե չեմ սխալվում՝ այս պահին Քրիստոսի ամենաբարձր արձանը կամ Իտալիայում, կամ Լեհաստանում է գտնվում։ Գիտենք, որ վերջին տարիներին Հայաստանից դեպի Իտալիա այցերը բավական մեծացել են․ ուզում եմ տեսնել Իտալիա այցելող որևէ հայի, ով հատուկ գնացել է, որ նկարվի Իտալիայում գտնվող Քրիստոսի արձանի մոտ։ Միշտ խնդրել եմ ու խնդրում եմ, որ զբոսաշրջության քողի ներքո այս նախագիծը չներկայացվի, ի սեր Աստծո։

– Հայաստան այցելող զբոսաշրջիկները հիմնականում ո՞ր ուղղություններն են նախընտրում և ինչո՞ւ։
– Առաջին տեղում մշակութային զբոսաշրջություն է, այնուհետև գալիս է ակտիվ զբոսաշրջությունը, հետո՝ գաստրո, էթնոտուրիզմը, և այլն։ Եթե խոսենք տարածաշրջանային տեսանկյունից, ապա, բնականաբար, ամենաշատն այցելում են Երևան։ Կապված է նրա հետ, որ զբոսաշրջային հոսքերի ճնշող մեծամասնությունն օդային ճանապարհներով է գալիս, ու բոլորն առաջնահերթ Երևան են գալիս։ Չհաշված որոշ քանակի զբոսաշրջիկներ, ովքեր սահմանային՝ Վրաստանի կողմից կամ Իրանից են գալիս։ Առաջին տեղում շարունակում է մայրաքաղաքը մնալ և նրանից 60 կմ հեռավորությամբ գտնվող հուշարձանները՝ Գառնի, Գեղարդավանք, Մայր Աթոռ, Սևան, Դիլիջան, Խոր Վիրապ, Նորավանք։ Ներառվել է այս շրջանակում նաև Գյումրին։
Սյունիքը, Լոռին, Տավուշը հատկապես եվրոպացի զբոսաշրջիկների կողմից ամենասիրված մարզերն են։
– Զբոսաշրջիկների և զբոսավարների ուշադրության կենտրոնո՞ւմ են մեր պատմամշակութային հուշարձանները, հատկապես ամրոցները, բերդերը։
– Ցավոք, շատ ամրոցներ չունենք, որպեսզի կարողանանք որպես պրոդուկտ վաճառել։ Տվյալ պահին կարող եմ նշել կոնկրետ 3 ամրոց կամ բերդաքաղաք, որոնք վաճառվում են տուրիստական փաթեթներում․ Լոռի բերդ, Ամբերդ, Դաշտադեմի ամրոց։ Ցավոք, Ամբերդի հետ կապված մենք շատ վաղուց ունենք խնդիր՝ կապված ճանապարհների հետ, և շատ տուրիստականներ հանել են Ամբերդն իրենց ծրագրերից, որովհետև մեքենան վնասվում է, ու ճանապարհը, որը կարելի էր անցնել 40 րոպեում, անցնում ես երկու ժամում։ Ամրոցի վերականգնումը երկու տարի է՝ ընթացքի մեջ է, բայց խոսքը բուն ամրոցի մասին չէ, մենք կարող ենք ամրոցը շքեղ վերակառուցել, բայց չունենք դեպի ամրոց տանող նորմալ ենթակառուցվածք, տվյալ դեպքում՝ ճանապարհ։ Դրան հակառակ՝ Դաշտադեմի ամրոցն այսօր շահեկան դիրքում է հայտնվել, հրաշալի ճանապարհ է։ Ամրոցը վերջերս մասամբ վերականգնվել է, պեղումներ են արվել։ Նույնը՝ Լոռի բերդի դեպքում։ Կան շատ այլ ամրոցներ՝ Մարզպետունու ամրոցը՝ Վեդիից ոչ շատ հեռու, Տավուշի մարզում ունենք, Խոսրովի արգելոցում, ուղղակի այստեղ արդեն մի քիչ հասանելիության խնդիր կա։ Կաքավաբերդ հասնելու համար կամ պետք է օգտվել ամենագնացներից, կամ, որ շատ հաճախ արվում է, միայն քայլարշավային տուրիզմի շրջանակներում ենք այցելում։
– Շատ երկրներ իրենց մշակութային ժառանգությունը շատ գեղեցիկ, ճոխ փաթեթավորմամբ են ներկայացնում, մենք՝ ոչ այդքան։ Օրինակ՝ Զորաց քարերի հետ կապված, քանի տարի է՝ հնագետներն ու աստղագետները վիճում են։ Արդյո՞ք չենք կարող մի քիչ էլ ճոխ փաթեթավորմամբ ներկայացնել, քանի դեռ վեճերը շարունակվում են գիտական առումով։
– Զորաց քարերը կամ նույն Քարահունջը հետաքրքիր պրոդուկտ է, միևնույն ժամանակ՝ խնդրահարույց, եթե այդ գիտական քաշքշուկների և վեճերի մեջ ենք մտնում։ Բայց ասեմ՝ «Սթոունհենջը» նույն պատմության միջով է անցնում․ պատմաբաններն այլ կարծիք ունեն, էզոթերիկներն ու աստղագետները՝ այլ, ու սա շատ նորմալ է, և նմանատիպ հուշարձաններ աշխարհում շատ կան։ Ուղղակի մենք՝ հայերս, շատ էմոցիոնալ ենք, մաքսիմալիստ, սև ու սպիտակներ ենք։ Նման խնդիր, անկեղծ ասած, Զորաց քարերի տարածքում ունեցել եմ, երբ պեղումներ էին իրականացվում, և գերմանացի զբոսաշրջիկների հետ այնտեղ էի։ Ցանկացած զբոսավարի խնդիրն իրականությունն օբյեկտիվ ներկայացնելն է, իսկ օբյեկտիվ իրականության մեջ կան տարբեր կարծիքներ, հետևաբար՝ դու պարտավոր ես ներկայացնել բոլոր հնարավոր կարծիքները՝ տվյալ օբյեկտի հետ կապված, և շատ հաճախ զբոսաշրջիկն է որոշում՝ որ տարբերակներն են իրեն ավելի հետաքրքիր և հաճելի։ Բնականաբար, ներկայացնում եմ պատմությունը և՛ Զորաց քարերի, և՛ Քարահունջի, և՛ Հերունու տեսակետն եմ ներկայացնում, ցավոք, հնագիտական արշավախմբի ղեկավարն իմ գերմաներեն խոսքի մեջ «բռնեց» Քարահունջ արտահայտությունը՝ մինչ այդ չլսելով, որ նաև Զորաց քարեր եմ ասել, և շատ ագրեսիվ տոնով անգլերենով հարձակում գործեց ինձ վրա խմբի ներկայությամբ։ Շատ անախորժ իրավիճակ ստեղծվեց, որովհետև չէի ուզի, որ իմ երկրի գիտնականն այդ լույսի ներքո ներկայանար զբոսաշրջիկներին։
Այո՛, ես համամիտ եմ, կա գիտական կարծիք. դա ոչ մեկը չի ժխտում, բայց կա հետաքրքիր մարքետինգային էլեմենտ, որով մենք կարողանում ենք այդ օբյեկտը «վաճառել», ի սեր Աստծո, թողեք վաճառենք, դա ոչ մեկի չի վնասում, ես չեմ խոսում հակագիտականության մասին, ես գիտնական չեմ։
– Զբոսաշրջիկներին զարմացնո՞ւմ է մեր վերաբերմունքը պատմամշակութային ժառանգության հանդեպ։ Գնում ես Էրեբունի ամրոց. պատերին՝ անուններ, սրտիկներ։ Այս ամենը տեսնելով՝ ի՞նչ են ասում։
– Չեմ ուզում հիմա արդարացնել մեր վատ կողմերը՝ ինչ-որ զուգահեռներ տանելով, բայց, ցավոք, վանդալիզմն ամեն տեղ կա։ Նույն զարգացած երկրներում, շատ հայտնի հուշարձանների տարածքում այնպիսի վանդալիստական երևույթների կարելի է հանդիպել, որ ուղղակի ապշում ես, երբ տեսնում ես զբոսաշրջային փաթեթում գեղեցիկ, հայտնի հուշարձանի լուսանկար, հասնում ես տեղ՝ լրիվ այլ իրականության մեջ ես հայտնվում։ Բոլորը չէ, որ ունեն նույն կրթական մակարդակը, հայրենասիրության նույն ընկալումը։ Խնդիրն ավելի շատ վերահսկողական է։ Վերջերս հրապարակում էի արել Զվարթնոցի հետ կապված, երբ ինչ-որ օտարազգի բլոգերուհի շատ վուլգար, կիսամերկ հագուստով տեսանյութ է նկարում և այդ ընթացքում հենվում է Զվարթնոցի պատմական պատին՝ քարերը պատահաբար պոկում։ Նախորդ տարի Աթենքի Ակրոպոլիսում էի, ամեն մարդու մեկ աշխատակից հսկում էր։ Իմ աչքի առջև մեկ զբոսաշրջիկ աղջկա ուղղակի վտարեցին տարածքից՝ գռեհիկ, վուլգար հագուկապի համար։ Երևի Տիկ-տոկ էր նկարում։ Տեղում ուսերից բռնեցին ու դուրս հանեցին։ Հայաստանում անգամ ամենահայտնի վանք կարող եմ ցույց տալ, թե ինչ հագուկապով են մտնում թե՛ տեղացիները, թե՛ զբոսաշրջիկները։ Վանքերից մեկում հեթանոսական ծես էին անում՝ անհասկանալի փողային գործիքներով նվագելով, ու անձամբ եմ միջամտել՝ դուրս հրավիրելով։ Տեղի ունեցավ նաև քաշքշուկ, բայց ինչո՞ւ ես դա պետք է անեմ։ Դուք նշեցիք Էրեբունի ամրոցը, ես՝ Զվարթնոցը. երկու փակ գոտի, որ մուտքը տոմսով է, ու եթե այդտեղ չկա վերահսկողություն, ի՞նչ ակնկալենք մյուս հուշարձանների դեպքում, որտեղ մուտքն ազատ է։
– Աղբի, հասարակական զուգարանների խնդիրը շարունակո՞ւմ է արդիական մնալ։
– Ցավոք, այո։ Չի կարող մի միջավայր զբոսաշրջիկի համար հարմար լինել, եթե այն հարմարեցված չէ տվյալ երկրի քաղաքացիներին։ Եթե մեր մայթերը, թեքահարթակները մեզ համար անհարմար են, չեն կարող զբոսաշրջիկի համար հարմար լինել։ Երևանի բնակիչը տարատեսակ գետնանցումներում է իր բնական կարիքները հոգում, որովհետև չունենք քաղաքային զուգարանների մշակույթ։ Խոշորացույցով պետք է ընկնես, քաղաքում ման գաս, եթե գտնես էլ՝ հարց է, օգտագործման ենթակա կլինի՞, թե՞ ոչ։ Այդ խնդիրը քանի դեռ որպես հասարակություն՝ մեզ համար չենք լուծել, անլուծելի է մնալու ցանկացած զբոսաշրջիկի համար։ Նույնը՝ աղբի խնդիրը։ Իհարկե, փորձում ենք մեր աշխատանքի շրջանակում մարդկանց ուշադրությունը շեղել, ինչ-որ սրճարանի հետ լավ հարաբերություն ունենալ, որ հյուրերին ներս թողնեն՝ օգտվեն զուգարանից։ Հա, բայց ինչքա՞ն։ Երբ ոտքով զբոսնում ես հյուրերի հետ՝ կանգնում ես փաստի առջև։ Սրճարաններում ինչքա՞ն սուրճ խմել տաս, ինչ է թե՝ կարողանան սանհանգույցից օգտվել։
– 2025թ․ հունվարի 1-ից զբոսավարները որակավորման փուլ էին անցնելու, արդյո՞ք իրականացվում է։
– Կա «Զբոսաշրջության մասին» օրենք, որն ընդունվել է 2023թ., բայց երկար է տևում ենթաօրենսդրական ակտերի մշակումը, և այլն, և 2025թ. ավարտին նոր ներկայացվել է Կառավարության հաստատմանը։ Զբոսավարների որակավորման թեմային, ենթադրում եմ, այս տարի չեն անդրադառանա, բայց ասեմ՝ ոլորտին այն ոչինչ չի տա։ Ուղղակի թղթաբանությունը կշատանա։
– Օրինակ՝ ամեն ոք զբոսաշրջիկի չի ընդունի, էկզոտիկ բաներ չի պատմի։
– Դա որևէ կերպ վերահսկել անհնար է։ Ամեն քաղաքացու հետևից մա՞րդ է քայլելու, որ տեսնի՝ զբոսաշրջիկին ինչ է պատմում։ Հենց այստեղ է խնդիրը, որ մեծ հաշվով բան չի փոխվելու։ Ամբողջ վերահսկողությունը թողել են Պարեկային ծառայությանը։ Կներեք, իսկ Պարեկային ծառայությունը քանի՞ լեզվով է խոսում։ Մեր ասոցիացիայում ունենք 120 զբոսավար, ովքեր 17 լեզվով խոսում են. պարեկը կորեերե՞ն է խոսում, հունարե՞ն, գերմաներե՞ն։ Եկավ, լիցենզիան ստուգեց, տեսավ՝ թուղթ ունեմ, բայց թե ի՞նչ եմ խոսում՝ ոչ ոք չի կարող վերահսկել։ Միակ տարբերակն այնպիսի միջավայր ստեղծելն է, որ մարդիկ ցանկանան գալ և կրթվել։
