ՊՆ-ն՝ Ադրբեջանի կողմից հայ զինվորներին ստուգելու և Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

«ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ժամանակ հայտարարել էր՝ տեղեր կան, որտեղ ադրբեջանական կողմը ստուգում է հայ զինվորներին և նոր միայն թողնում դիրքեր։ Այս տեղեկությունը նաև այլ աղբյուրներ էին հաստատել։

Նոյեմբերի 21-ին 168.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե արդյո՞ք իրականում կա նման իրավիճակ, և ո՞ր հատվածի մասին է խոսքը, ինչի՞ հետևանքով է նման իրավիճակ ստեղծվել, արդյո՞ք հայկական կողմն էլ իր հերթին է ստուգում ադրբեջանական զինվորներին:

Մոտ մեկ ամիս հետո պաշտպանական գերատեսչությունը պատասխան գրություն է ուղարկել, որտեղ նշվում է.

«Ի պատասխան Պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր 2025 թվականի նոյեմբերի 21-ի հարցման՝ հայտնում ենք, որ Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է մամուլի և սոցցանցերի հրապարակումները, դրանց արձագանքում ըստ անհրաժեշտության։

Կարդացեք նաև

Հայտնում ենք նաև, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հերթափոխերն իրականացնում են բնականոն»:

Այսինքն, պաշտպանական գերատեսչությունը, ըստ էության, չի հերքել, որ ադրբեջանական կողմն ինչ-որ հատվածում ստուգել կամ դեռ ստուգում է հայ զինվորներին և նոր միայն թողնում դիրքեր, հակառակ դեպքում վաղուց մամուլի հաղորդագրություն կտարածեին և համապատասխան տեղեկության տարածումը կտեղավորեին հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ, թեև նման իրավիճակին այլ գնահատական պետք է տալ:

Ինչևէ, մենք Պաշտպանության նախարարությանը մեկ այլ հարց էլ ենք ուղղել, թե արդյո՞ք հաստատում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն պնդումը, որ՝ «110 կմի չափով մենք  ադրբեջանական տարածքում ենք», և քանի՞ քկմ է օկուպացվել ՀՀ ինքնիշխան տարածքից 2021-2022 թվականի ադրբեջանական գործողությունների ընթացքում, ո՞ր ուղղություններում և քանի՞ քկմ յուրաքանչյուր ուղղությամբ։

Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունն այս հարցադրումներին էլ ի պատասխան՝ հորդորել է ծանոթանալ նոյեմբերի 24-ի՝ լրագրողների հետ նրա ճեպազրույցին:

Այդ ճեպազրույցում՝ հարցին, թե տեղեկություն ունե՞ք՝ ի՞նչ 110 կմ-ի մասին է խոսում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Պապիկյանը նախ նշում է, որ վաղ է այդ մասին խոսելը։

«Այդ հարցը եկեք թողնենք սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովին։ Հիմա խոսել մի բանի մասին, որի շուրջ պիտի հանձնաժողովն աշխատի, կարծում եմ՝ իմաստ չունի: ԱԺ նախագահը, եթե թվեր է հայտարարել, ուրեմն դրա համար ունի բավարար հիմքեր»,- շարունակում է նա ճեպազրույցում:

Հարցն այն է, որ հենց այդ հիմքերն էինք փորձում պարզել ՊՆ-ից մեր գրավոր հարցմամբ, կամ՝ թե որքանո՞վ է այն հիմնավոր: Հիմա ինչպե՞ս ընկալել՝ ԱԺ նախագահն իրականությանը համապատասխանող տեղեկությո՞ւն է հայտնել, թե՞…, հատկապես, երբ հիշատակված ճեպազրույցում Սուրեն Պապիկյանը չի բացառում, որ ԱԺ նախագահը ճիշտ տվյալ հայտնած լինի:

Սակայն այս ճեպազրույցում, որը զլացել են ՊՆ-ում սղագրել, անդրադարձ չկա մեր մյուս հարցադրումներին, թե քանի՞ քկմ է օկուպացրել Ադրբեջանը 2021-2022 թվականներին:

Այստեղ էլ, թերևս, անենք այն, ինչ պետք է աներ պաշտպանական գերատեսչությունը, և հիշեցնենք, որ 2022թ. դեկտեմբերին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին պաշտոնական գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ տարածքային կորուստների վերաբերյալ:

Արդյունքում պարզել էր, որ 2022թ. դեկտեմբերի դրությամբ ՀՀ տարածքից օկուպացված է 139.24 քկմ տարածք, ընդ որում՝

-2021 թվականի մայիսյան ագրեսիայի ընթացքում՝ 45.84 քկմ,

-2021 թվականի նոյեմբերի ագրեսիայի ընթացքում՝ 2.47 քկմ տարածք,

-2022 թվականի սեպտեմբերի 13-14-ն իրականացված ագրեսիայի ընթացքում՝ 90.93 քկմ:

Ավելին, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից ընդդիմադիր պատգամավորին ուղարկված պատասխան գրության մեջ 168.am-ը նաև մի ուշագրավ փաստ-արտահայտություն էր արձանագրել՝ «Թշնամու կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացված է…»:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ 2023 թվականի աշնանը հայտարարել էր, որ 200 քառակուսի կմ Հայաստանի Հանրապետության տարածք է գտնվում ադրբեջանական ուժերի ներքո. նա նկատի էր ունեցել և՛ 1990-ականներին անցածները, և՛ 2021-2022 թվականներին օկուպացվածը: Եվ շրջանառության մեջ մտավ հենց այս թիվը, թե ՀՀ ավելի քան 200 քկմ օկուպացված է Ադրբեջանի կողմից, այլ հարց է՝ որքա՞նը կվերականգնվի սահմանազատման գործընթացի արդյունքում:

Տեսանյութեր

Լրահոս