«Ապատեղեկատվության դեմ պայքարի» անվան տակ՝ ընտրական գործընթացի վերահսկում

Հայաստանը 2026թ. հերթական խորհրդարանական ընտրություններին մոտենում է վտանգավոր քաղաքական միջավայրում, որտեղ արտաքին ազդեցությունն ու ներքին բռնաճնշումները ոչ թե հակակշռում են միմյանց, այլ՝ փոխլրացնում։ Այսօր արդեն ակնհայտ է, որ ընտրական գործընթացը վտանգված է ոչ միայն արտաքին դերակատարների ակտիվությամբ, այլև գործող իշխանությունների կողմից ընդդիմադիր դաշտի հետևողական ճնշմամբ։

Իշխանական համակարգի ներսից հնչում են «ահազանգեր» արտաքին ներգործությունների աճի մասին։ ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության 2026թ. տարեկան պաշտոնական զեկույցում արձանագրված է, որ ընտրություններով պայմանավորված՝ Հայաստանի դեմ արտաքին տարբեր դերակատարների ազդեցության գործողությունները մեծ հավանականությամբ կդառնան ավելի ընդգրկուն՝ ներառելով կեղծ և խեղաթյուրված տեղեկատվության տարածում, ինչպես նաև կիբեռգործողություններ։ Սակայն այստեղ առաջանում է հիմնարար հակասություն. եթե իշխանությունը գիտակցում է արտաքին ներգործության վտանգը, ինչո՞ւ է միևնույն ժամանակ բացում դռներն այդ ներգործության առջև։ Իսկ գուցե՞ այն դիտարկում է ոչ թե՝ որպես սպառնալիք, այլ՝ որպես «աջակցություն»։

ԵՄ ներկայացուցիչ Կոսի հայտարարությունը հստակ արձանագրում է այդ հակասությունը։ «5 մլն եվրո համագործակցության ֆինանսավորում ենք տրամադրում Արևելյան գործընկերության տարածաշրջանի համար, այդ թվում՝ Հայաստանին, ընտրություններին ընդառաջ ապատեղեկատվության դեմ պայքարն ապահովելու համար»,– հայտարարում է Կոսը։ Առաջին հայացքից սա գուցե հնչում է՝ որպես բարեկամական աջակցություն, սակայն իրականում այն առաջացնում է լրջագույն հարցեր։

Ո՞վ է սահմանելու, թե որն է «ապատեղեկատվությունը» Հայաստանում։

Կարդացեք նաև

Ո՞վ է որոշելու, թե ո՞ր քաղաքական խոսքն է թույլատրելի, իսկ ո՞րը՝ վտանգավոր։

Եվ ինչպե՞ս կարող է արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող «պայքարը» չդառնալ ներքաղաքական միջամտություն։

 «Ապատեղեկատվության դեմ պայքարի» անվան տակ՝ ընդդիմադիր խոսքի լռեցում

Արտաքին ազդեցությանը զուգահեռ՝ Հայաստանում շարունակվում ու խորանում են ներքին քաղաքական բռնաճնշումները։

Վերջին տարիներին ընդդիմադիր գործիչների, բլոգերների, լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, որոնք իրավամբ կարելի է գնահատել՝ որպես շինծու ու քաղաքական դրդապատճառներից բխող։ Բլոգերներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալությունը, նրանց նկատմամբ կալանքի երկարաձգումը, «խուլիգանության» ձևակերպումներով հարուցված քրեական գործերը դարձել են խոսքի ազատության սահմանափակման խորհրդանիշ։ Երբ իշխանությանը քննադատող խոսքը վերածվում է քրեական հոդվածի, ակնհայտ է՝ խոսքն այլևս իրավական պետության մասին չէ։

Ընդդիմադիր գործունեությամբ ամենաբարձր հնչեղություն ունեցող քաղաքական գործիչների վրա միանգամից «կարվում են» քրեական գործեր։ Ավելորդ չէ խոսել նաև եկեղեցականների նկատմամբ կիրառված ճնշումների մասին, որոնք նույնպես պետք է դիտարկել քաղաքական համատեքստում, քանի որ գործող իշխանությունները եկեղեցու սպասավորներին ակնհայտ ընկալում են որպես մարդկանց, ովքեր կարող են ազդեցություն ունենալ հանրային կարծիքի ձևավորման վրա։

Քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում իշխանությունները հերքում են, սակայն իրականությունն այլ բան է ցույց տալիս. մարդիկ ազատազրկվում են ոչ թե հանցագործությունների, այլ քաղաքական դիրքորոշման համար։ Այս իրավիճակում ԵՄ-ի կողմից «ապատեղեկատվության դեմ պայքարի» համար տրամադրվող միլիոնները դառնում են առավել վտանգավոր։

Երբ արդեն իսկ ձևավորված է ռեպրեսիվ միջավայր, որտեղ քննադատությունը պիտակավորվում է՝ որպես «սադրիչ», «վտանգավոր», արտաքին ֆինանսավորմամբ ծրագրերը միայն կանաչ լույս են բացում ճնշումների ալիքի առավել մեծացման համար ու վերածվում այլակարծության վերահսկման լրացուցիչ գործիքի։ Արդյունքում, ձևավորվում է վտանգավոր համադրություն՝ արտաքին դերակատարները ֆինանսավորում են տեղեկատվական վերահսկողությունը, իշխանությունը երկրի ներսում ապահովում է պատժի մեխանիզմները։

 Ադրբեջանի և Թուրքիայի աջակցությունը

Անտեսել հնարավոր չէ նաև Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների հայտարարությունները, որոնք տարատեսակ ձևակերպումներով ակնարկում են այն մասին, որ Հայաստանի ներկա իշխանություններն իրենց համար «նախընտրելի են»։ Օրինակ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունն այն մասին, որ սոցհարցումները՝ ըստ նրանց, ցույց են տալիս վարչապետ Փաշինյանի առաջատարությունը, և, որ նրանք «այս գործընթացում (տարածաշրջանային) նրա կատարած կառուցողական դերին իսկապես աջակցում են, և այս գիծն ու կամքը պետք է շարունակվի», արդեն իսկ բաց տեքստով արտահայտում է արտաքին շահագրգռվածությունը Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում։

Երբ պետությունների ղեկավարներն ու պաշտոնյաները բարձրաձայնում են իրենց նախապատվությունների մասին մեկ այլ երկրի իշխանության նկատմամբ, դա արդեն իսկ միջամտություն է ներքին քաղաքական գործընթացներին։ Դրան համադրեք ԵՄ-ի աջակցությունը, ներքին ռեպրեսիաները և ընդդիմադիր դաշտի նպատակաուղղված թուլացումը. առաջանում է լուրջ կասկած՝ արդյո՞ք 2026 թվականի ընտրությունները լինելու են ազատ։

 Ի՞նչ անել…

Հանրությունն ընտրություններին ընդառաջ նախևառաջ պետք է գիտակցի իր մասնակցության կարևորությունը։ Ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պարզապես պարտավոր է նշանակված օրը գնալ ընտրատեղամաս։ Միայն բարձր մասնակցությունը հնարավորություն կտա խաթարել ընտրությունների արդյունքների արդեն իսկ որոշված պլանի իրականացումը։

Պետք է պահանջել, որպեսզի ընտրություններին առնչվող յուրաքանչյուր արտաքին ֆինանսավորման հաշվետվություն հրապարակվի ամբողջական ծավալով՝ ծրագրեր, շահառուներ, իրականացման մեխանիզմների մակարդակով։ Դրանք պետք է լինեն ընդդիմադիր ուժերի խոշորացույցի ներքո։

Անիմաստ է և անօգուտ գործող վարչակարգից ակնկալել, որ ընտրություններին ընդառաջ կդադարեցվեն քաղաքական բռնաճնշումները, կվերանայվեն քաղաքական ենթատեքստ կրող դատավարությունները, իսկ բոլոր քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, բայց հանրությունն ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ մեկտեղ՝ պետք է շարունակի բողոքի իր խոսքը բարձրացնել՝ առնվազն ճնշումների հետագա ավելացումը կանխելու համար։

Ոստիկանության, ԱԱԾ-ի և դատախազության աշխատակիցները պետք է, ի վերջո, գիտակցեն ու դուրս գան քաղաքական գործընթացներից։ Ընտրություններին ընդառաջ ուժային կառույցների ցանկացած ներգրավվածություն ընդդիմադիր դաշտի դեմ պետք է դիտարկվի որպես ընտրական գործընթացի խախտում։ Պետական ապարատը չպետք է ծառայի գործող իշխանության վերարտադրությանը։

Եվ, ի վերջո, պետք է հստակ տարբերակել ապատեղեկատվությունը քաղաքական քննադատությունից։ Ապատեղեկատվության դեմ պայքարի ծրագրերն ու մեխանիզմները պետք է մշակվեն միայն ու միայն հանրային լայն քննարկումների արդյունքում, որոնցում ներգրավված կլինեն ոչ միայն իշխանամետ, այլև ընդդիմադիր և ապաքաղաքական անձինք, այլ ոչ թե ինչ-որ երրորդ երկրներ։

Հայաստանը դեռ ունի հնարավորություն կանգնեցնելու այս ընթացքը։ Դրա համար, սակայն, անհրաժեշտ է քաղաքական կամք և հանրային ճնշում։ Այս ընտրությունները կարող են և պետք է որոշեն ոչ միայն, թե որ ուժն է անելու հաջորդ իշխանափոխությունը, այլև՝ արդյո՞ք Հայաստանը կարող է պահպանել քաղաքական ինքնորոշում՝ անկախ արտաքին օրակարգերից և ներքին քաղաքական ճնշումներից։

Տեսանյութեր

Լրահոս