Ձախողումը պարգևատրվում է. զբոսաշրջության ծրագրի «իրական» գինը

Երբ պետական կառավարման արդյունավետությունը չափվում է ոչ թե իրականացված ծրագրերով, այլ պաշտոնյաների ինքնագովազդով, պետությունն անխուսափելիորեն կանգնելու է կառավարման ճգնաժամի առաջ։ Տնտեսական քաղաքականությունը չի կարող հենվել գեղեցիկ հայտարարությունների ու թվային մանիպուլյացիաների վրա, երբ փաստացի արդյունքները խոսում են ծրագրերի տապալման մասին։ Զբոսաշրջության ոլորտում, ի թիվս շատ ու շատ այլերի, ունենք հենց այդ պատկերը՝ ձախողված կատարողական, «աննախադեպ» հաջողությունների մասին հրապարակային հայտարարություններ և, ամենաուշագրավը, դրա համար ստացված մեծ պարգևավճարներ։

Համաձայն 2025թ. պետական բյուջեի իննամսյա կատարողական հաշվետվության (դա վերջին պաշտոնական հրապարակումն է)՝ 9 ամիսների արդյունքներով էկոնոմիկայի նախարարության պատասխանատվության ներքո իրականացվող «Զբոսաշրջության զարգացման ծրագիրը» թերակատարվել է 83.4%-ով։ Սա պարզապես չոր վիճակագրություն չէ, այլ պետական կառավարման արդյունավետության բացահայտ գնահատական։ 83.4% թերակատարումը, ըստ էության, նշանակում է, որ ծրագիրը փաստացի գրեթե չի իրականացվել։

Ընդ որում, խոսքը բավական մեծ ծրագրի մասին է. ծրագրի համար 2025թ. պետբյուջեով հատկացվել է 6.5 մլրդ դրամ, որից 5.6 մլրդ դրամը Համաշխարհային բանկի (ՀԲ) վարկային ծրագրերով։ Կառավարությունը, փաստացի ընդունելով ծրագրի ձախողումը և տարեվերջին արձանագրելով, որ միջոցառումը 2025 թվականի ընթացքում հնարավոր չի լինի իրականացնել, դեկտեմբերի 18-ի որոշմամբ նվազեցրել է վերջինիս հատկացված միջոցների մի մասը՝ 2.6 մլրդ դրամը: Հաշվի առնելով, որ ՀԲ-ն վարկավորում է իրականացնում այն դեպքում, երբ ծրագրի ընդհանուր արժեքի մի մասը (սովորաբար 20%-ը) համաֆինանսավորվում է կառավարության կողմից, ֆինանսավորման կրճատումից հետո կառավարության համաֆինանսավորման համար նախատեսված միջոցների մի մասն «ազատվել է»։ Այդ «ազատված» միջոցները վերաբաշխվել են էկոնոմիկայի նախարարության պատասխանատվության ներքո իրականացվող այլ ծրագրերի վրա։

Այնուամենայնիվ, չնայած այս ամենին, պարզվում է, որ 2025-ն «աննախադեպ հաջողությունների» տարի է եղել։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ 2025թ. դեկտեմբերի 15-ին ելույթ ունենալով Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառման ժամանակ։ Մասնավորապես, նա ասել է, որ «տարին զբոսաշրջության համար եղել է կարգավորումների, կայունացման և առաջընթացի տարի»։

Կարդացեք նաև

Այս հայտարարությունը հատկապես արտառոց է հնչում այն դեպքում, երբ արձանագրում ենք, որ նույն տարվա ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աշխատակիցների դրամական խրախուսման և պարգևավճաների համար հատկացվող միջոցները, որոնք 2025-ի պետական բյուջեով պլանավորված էին 21.5 մլն դրամ, տարվա ընթացքում իրականացված ներքին վերաբաշխումների արդյունքում դարձել են 31.8 մլն դրամ, իսկ արդեն 2025-ի դեկտեմբերի 25-ին կառավարության նոր որոշմամբ գումարն ավելացվել է ևս 7 մլն դրամով։

Սովորաբար պարգևավճար տրվում է սպասվածից ավելի բարձր կամ առնվազն սպասվածի չափ արդյունք ապահովելու դեպքում։ Մինչդեռ այստեղ ունենք հակառակ պատկերը՝ պետական խոշոր ծրագիրն ունի չափազանց մեծ թերակատարում, դրա համար նախատեսված միջոցները վերաբաշխվում են այլ ուղղություններով, սակայն նույն ոլորտի պաշտոնյաները ստանում են նախատեսվածից գրեթե կրկնակի ավելի պարգևավճարներ։ Այս պարագայում բնական հարց է ծագում՝ «Զբոսաշրջության զարգացման ծրագրի» ձախողումը որևէ կերպ չի՞ խոչընդոտել, որպեսզի 2025-ը զբոսաշրջության համար հայտարարվի «կարգավորումների, կայունացման և առաջընթացի տարի», և կոմիտեի աշխատակիցների պարգևավճարային ֆոնդի կրկնակի ավելացմանը։

2026թ․ հունվարի 8-ին էլ կառավարությունը հաստատեց ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030թթ․ ռազմավարական ծրագիրը։ Կառավարության նիստում ծրագիրը ներկայացնելով՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ «ռազմավարական ծրագրի պատշաճ իրականացման պարագայում 2030թ. կունենանք 3 մլն ներգնա զբոսաշրջային այցելություններ, 3.8 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք զբոսաշրջիկների ծախս և 4.5 միլիոն ներքին զբոսաշրջային այցելություններ։ Կստեղծվի լրացուցիչ 20 հազար աշխատատեղ: Այս ամենի հաշվին պետական բյուջեի եկամուտները կավելանան 750 մլն դոլարով»։

Թվերը, ինչ խոսք, տպավորիչ են, սակայն տնտեսության մեջ գեղեցիկ թվերը արժեք չունեն, եթե դրանք հիմնված չեն փաստացի իրավիճակի ու զարգացման միտումների ադեկվատ վերլուծության վրա։ Այս առումով նախարարի ներկայացրած պատկերն ավելի շատ հիշեցնում է ոչ թե ռազմավարական ծրագիր, այլ ցանկությունների ցանկ։

Ռազմավարական ծրագրով պետությունը մինչև 2030 թվականը խոստանում է զբոսաշրջության «նոր դարաշրջան», ոլորտի աննախադեպ տնտեսական թռիչք ու միլիարդավոր դոլարների ներհոսք։ Սակայն նույնիսկ մակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ նման լավատեսությունն առնվազն տարակուսելի է։ Մասնավորապես, ռազմավարական ծրագրով նախատեսվում է (այդ մասին նաև նշեց նախարարը), որ Հայաստանը պետք է դառնա «զբոսաշրջային խաչմերուկ»։ Սակայն գործնականում Հայաստանն այսօր ավելի շուտ գտնվում է տրանսպորտային և տնտեսական մեկուսացման մեջ, քան խաչմերուկում։ Երկիրը «զբոսաշրջային խաչմերուկ» կարող է դառնալ միայն առնվազն հետևյալ 4 գործոնների միաժամանակյա առկայության պարագայում՝ մրցունակ գներ, անվտանգություն, բավարար զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքներ, տրանսպորտային հասանելիություն։ Իրականությունն այլ է. Հայաստանում գները հեռու են մրցակցային համարվելուց, հատկապես 44-օրյա պատերազմից հետո սրվել է անվտանգության խնդիրը՝ ինչքան էլ քարոզեն «խաղաղության դարաշրջանի» մասին, ենթակառուցվածքների վիճակը մնում է խնդրահարույց, իսկ աշխարհագրական, տնտեսական, տրանսպորտային և քաղաքական տարբեր գործոնները միայն նպաստում են Հայաստանի մեկուսացման խորացմանը։

Հեշտ է հայտարարել, որ մոտ ապագայում Հայաստանը կդառնա «զբոսաշրջային խաչմերուկ»։ Մինչդեռ ներկա իրավիճակն ավելի շատ հիշեցնում է ոչ թե խաչմերուկ, այլ՝ փակուղի։

Զբոսաշրջության ոլորտում արձանագրված այս պատկերը մեկ ծրագրի ձախողման մասին չէսա պետական կառավարման մշակույթի արտացոլումն է։ Երբ տասնյակ միլիարդների պատասխանատվություն ունեցող համակարգը փաստացի չի իրականացնում իրեն վստահված ծրագիրը, սակայն դրա փոխարեն վերագրում է «առաջընթաց» և պարգևատրում ինքն իրեն, ապա խոսքը ոչ թե սխալի, այլ քաղաքական վարքագծի մասին է։ Եվ հենց այստեղ է խնդրի էությունըեթե կառավարությունը չի ընդունում իր ձախողումները, ապա ոչ մի ռազմավարություն՝ անգամ ամենագեղեցիկ փաթեթավորմամբ, չի կարող վերածվել զարգացման գործիքի։ Մինչև չլինի հաշվետվողականություն, արդյունքի վրա հիմնված գնահատում և իրական քաղաքական պատասխանատվություն, «զբոսաշրջային խաչմերուկ», «նոր դարաշրջան» և «աննախադեպ աճ» ձևակերպումները մնալու են ընդամենը ներկա իշխանությունների՝ իրականությունից կտրված պաշտոնական բառապաշար։ 

Տեսանյութեր

Լրահոս