Փաշինյանի թվաբանության հակառակ կողմը. Տալիս է, որ պետական ապարատը ներսից ճաքեր չտա. Հայկ Ֆարմանյան

«Եթե մենք 20.000-ով բարձրացնենք թոշակը, թոշակառուն տունը տաքացնելու վրա ծախսելու է ոչ թե 27.000 դրամ, այլ՝ 35.000, բայց տունը չի տաքանալու». Նիկոլ Փաշինյանի այս թվաբանությունը, պարզվեց, «հակառակ» կողմ էլ ունի:

Այս օրերին տարբեր հրապարակումներ եղան Փաշինյանի ու նրա ղեկավարած կառավարության միլիոնավոր դրամների պարգևավճարների մասին. նշվում էր, որ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951.000 դրամ պարգևավճար է ստացել՝ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար: Դրանից բացի՝ մոտ 1 մլն 970.000 դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել:

Իսկ առհասարակ վարչապետի աշխատակազմի աշխատողները, երկու փոխվարչապետները 2021-2025 թվականներին ստացել են ընդհանուր 2 մլրդ 835 մլն 550.000 դրամ պարգևատրում և պարգևավճար:

Փաշինյանը սա այսօր պայմանավորեց պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու տրամաբանությամբ:

Կարդացեք նաև

Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը 168.amհետ զրույցում  Փաշինյանի իրական մոտիվացիայի մասին:

«Նախ՝ Փաշինյանի՝ թոշակները բարձրացնելու մասին արած հայտարարության մասին. եթե մեկ բառով բնութագրենք, դա աբսուրդ է, որովհետև աղքատության մեջ կամ աղքատության շեմին գտնվող մարդու համար յուրաքանչյուր 1000 դրամն էլ նշանակություն ունի: Աղքատ ընտանիքներում 20.000 դրամը մի ողջ ամսվա կոմունալ վճար է, կամ սննդի ու դեղորայքի գումար, հետևաբար, խոսել այն մասին, թե դա, միևնույն է, խնդիր չի լուծում, նման է առաջարկին, թե՝ եկեք չտանք կենսաթոշակ ընդհանրապես, վերացնենք և բյուջեն խնայենք:

Ինչ վերաբերում է Փաշինյանի ու նրա կառավարության ստացած միլիոնավոր դրամների պարգևավճարներին. բացատրությունը պարզ է՝ որպեսզի նա կարողանա իր տիրույթում պահել իր ընտրազանգվածի մի հատվածը, և նաև, որ պետական ապարատը ներսից ճաքեր չտա: Դա հնարավոր է՝ մեծ գումարներ բաշխելով, պարգևավճարների, հավելավճարների տեսքով:

Սա նախընտրական ակցիայի շրջանակում պետք է դիտարկել»,- մանրամասնեց Հայկ Ֆարմանյանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե շուտով մեծ ներդրումներ են հոսելու և այդ պատճառով են նաև պետական աշխատողներին հավելյալ վճարում, որ ավելի վերահսկելի լինեն ու կոռուպցիոն ռիսկեր չառաջանան, տնտեսագետը նախ արձանագրեց, որ արտաքի ներդրումները հոսում են հարուստ երկրներ, որտեղ եկամտաբերությունը շատ է, ապա հիշեցրեց՝ կոռուպցիան միայն կաշառք տալը չէ:

«Մեր տիպի երկրները, որտեղ, ըստ էության, չկա կայունություն, մեծ շուկա, կարող են հույսը դնել ներքին ներդրումների վրա կամ էմոցիոնալ ներդրումների վրա, երբ հայրենասիրական մղումներով որևէ բարերար՝ ինչպես, օրինակ, Սամվել Կարապետյանը, Կարեն Կարապետյանը, կատարել է ներդրում՝ չակնկալելով շահույթ»,- ասաց նա՝ արձանագրելով, որ Սամվել Կարապետյանի կալանավորմամբ ազդակ է հաղորդվել, որ որևէ ներքին ներդրում չգա Հայաստան:

Հարցին, թե TRIPP-ը նոր ներդրումային հնարավորություններ չի՞ ստեղծելու, Հայկ Ֆարմանյանն արձագանքեց դիտարկմամբ, որ Թրիփն ունի բաժնետերեր, և պարզ չէ, թե ովքեր են այդ բաժնետերերը, պարզ չէ նաև հարցը՝ ՀՀ-ն լիարժեք մաքսային վերահսկողություն ունենալո՞ւ է, թե՞ ոչ, «մենք կարողանալո՞ւ ենք արդյոք ճանապարհային հարկեր գանձել, տարանցման վճար և այլն»:

Տնտեսագետի համոզմամբ, եթե լինելու են եկամուտներ, ապա դրանք այն բազմամիլիարդանոց եկամուտները չեն լինելու, ինչի մասին խոսում են իշխանությունները:

«Սովորաբար, նման պարագաներում ակնկալվող եկամուտը տարանցիկ վճարներից, ճանապարհային հարկերից ու ինչ-ինչ ենթակառուցվածքների ստեղծմամբ պայմանավորված գումարներն են:

Իսկ երբ իրենք ասում են, որ բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ բաշխելով՝ կոռուպցիան են կանխարգելում, ապա պետք է նկատի ունենալ, որ կոռուպցիայի տարբեր ձևեր կան. կոռուպցիան միայն կաշառք վերցնելը չի, դա նաև տենդերներ են, մեկ անձից գնումները, շահերի բախումով կատարվող գնումները: Մենք տեսնում ենք, թե մեր աչքի առաջ ինչպես են հարստացել տարբեր պետական չինովիկներ: Այսինքն՝ միայն մանրածախ կոռուպցիան վերացելնելը կոռուպցիա վերացնել չէ. ակնհայտ է, չէ՞, շատ մարդիկ ինչպես են հարստացել վերջին յոթ-ութ տարում»,- մանրամասնեց Հայկ Ֆարմանյանը:

Նշենք, որ կառավարությունը 2025թ. նոյեմբերի 27-ին ընդունել էր «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը և պետական կառավարման համակարգի առանձին մարմինների ցանկը հաստատելու մասին» որոշում: Նպատակը եղել է Կառավարության ծրագրով և ռազմավարություններով սահմանված նպատակների և խնդիրների իրականացման ուղղությամբ առաջնահերթ անելիքների բարձր կատարողականը խրախուսելը: Պիլոտային ծրագրի իրականացման ժամանակահատվածը 24 ամիս է, ընդ որում, 2025 և 2026 թվականների համար հաշվետու ժամանակահատվածներ են կիսամյակները:

Ցանկում ներառված է 16 մարմին՝ վարչապետի աշխատակազմը, նախարարությունները, Կադաստրի, Պետական եկամուտների և Քաղաքաշինության կոմիտեները:

Տեսանյութեր

Լրահոս