«Գերիների, անհետ կորածների հարցում պետք է լինի պետության ակտիվ ներգրավվածություն, որոշ գործընթացների պետք է տրվի թափանցիկություն, հանրայնացում». Սիրանուշ Սահակյան
Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին, պատանդներին հայրենիք վերադարձնելու հարցը շարունակում է մնալ հայ հասարակությանը մտահոգող խնդիրներից մեկը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը շեշտում է՝ այս խնդրի վերաբերյալ չի կարող խոսել որևէ առաջընթացի մասին, միայն կարող է մատնանշել տեղաշարժեր՝ մեկ ժամանակահատվածը համեմատելով մեկ այլ ժամանակահատվածի հետ։
«Պետք է արձանագրենք, որ նախորդ տարի մենք չենք ունեցել որևէ հայ գերու, պատանդի ազատ արձակում, թեև 2025 թվականը նշանավորվել է նրանով, որ ինտենսիվ երկկողմանի բանակցություններ են ընթացել և ենթադրաբար դրանք այնքան կառուցողական են եղել, որ հանգեցրել են խաղաղության պայմանագրի նախաստորագրման։ Բայց անգամ նման հարաբերությունների պարագայում հնարավոր չի եղել լուծել մարդասիրական խնդիր, այսինքն՝ որևէ հայ գերի 2025 թվականին հայրենիք չի վերադարձել։ Ավելին, անցնող տարում տեղի ունեցավ մեկ դեպք, երբ Ստեփանակերտում մնացած հատուկենտ արցախահայերից մեկը՝ Կարեն Ավանեսյանը, ձերբակալվեց, կալանավորվեց, և ինչպես տեսանք՝ դարձավ շինծու դատավարությունների մաս։
Անցնող տարում մենք ականատես եղանք նաև ձերբակալված մեր հայրենակիցների ցուցադրական դատավարությանը Բաքվի դատարանում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սիրանուշ Սահակյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ անցած ամբողջ մեկ տարվա ընթացքում նաև հնարավոր չի եղել բացահայտել անհետ կորած մեր հայրենակիցներից որևէ մեկի ճակատագիրը։ Եթե խոսվում է 2021, 2022 թվականների մասին, երբ անհետ կորած անձանց հարցում կան դրական տեղաշարժեր՝ նոր մարմիններ վերադարձվեցին հայկական կողմին կամ անհետ կորած անձանց դիերի գտնվելու վայրն է բացահայտվում, ապա անցած տարում որևէ դրական տեղաշարժ այդ հարցում չի արձանագրվել։
«Թե այս հարցում ինչ տեղաշարժ կլինի այս տարում՝ կտեսնենք։ Այս հարցում պետք է լինի պետության ակտիվ ներգրավվածություն, նաև թափանցիկ բանակցային գործընթացի միջոցով, քանի որ իշխանությունը վկայակոչում է, որ հարցը քննարկվում է, բայց մենք՝ որպես հասարակության անդամներ, տեսնում ենք՝ խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ Հետևաբար, եթե քննարկումներն արդյունք չեն տալիս, պետք է որոշ գործընթացների տրվի թափանցիկություն, հանրայնացում, և դրանով իսկ ակնկալել միջազգային հանրության ավելի ակտիվ ներգրավվածություն»,- շեշտեց Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ այսօր հայ ազգի համար շատ կարևոր է համախմբված խնդիրները լուծելու կարողության ձևավորումը, առանց որի հնարավոր չի լինի համազգային նշանակության խնդիրներ լուծել։
«Ուզում եմ, որ գոնե այս տարում մեր ազգը կարողանա համախմբվել ճիշտ խնդիրների լուծման գաղափարի շուրջ, ինչն էլ կհանգեցնի մեր պետության ուժեղացմանը։ Ուզում եմ նաև, որ մարդասիրական չլուծված բոլոր խնդիրները վերջնականապես լուծվեն և մարդկային հետագա տառապանքները դադարեցվեն, քանի որ այդ տառապանքներով մեր հասարակությունը մշտապես տրավմաների շղթայի մեջ է, որի պարագայում չենք կարողանում մեր երկրի ու հասարակության համար նոր բարիքներ ստեղծել»,- ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։
Հիշեցնենք, որ այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը:
Բաքվի ռազմական դատարանում դատախազները պահանջում են, որպեսզի ցմահ ազատազրկման դատապարտվեն Արցախի նախկին նախագահները, իսկ մյուս գերիներին ու պատանդներին դատարանը դատապարտի 16-19 տարվա ազատազրկման։
