Բրիտանիան ավելի ու ավելի է խեղդում Հայաստանին իր ռազմական գրկում
Մեծ Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում ռազմական կցորդ է նշանակել, նա մայոր Թոմաս Շորլանդ Բոլն է, այդ մասին հայտնում է բրիտանական դեսպանատունը՝ այդ նշանակումն անվանելով «պատմական քայլ», որը վկայում է երկու երկրների ամրապնդվող և աճող գործընկերության մասին և ուղղված է պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության խորացմանը:
Նման պաշտոններում նշանակվում են կադրային հետախույզներ։ Մայոր Բոլը Սանդհերսթի Թագավորական ռազմական ակադեմիայի շրջանավարտ է։ Վերապատրաստման դասընթաց է անցել (FST) թագավորական դրագունյան գնդում: Որպես վերապատրաստված հետախույզ սպա՝ 2012-2013 թվականներին մասնակցել է Աֆղանստանում բրիտանական զինված ուժերի «Herrick-17» գործողության փուլերից մեկին։ Ծառայության տարիներին Թոմաս Բոլն իրեն դրսևորել է որպես խիզախ սպա՝ ստանալով «Բանակում երկարամյա ծառայության և անբասիր վարքի համար» (LSGC) տարբերանշան և մեդալ՝ ի պատիվ Չարլզ III թագավորի թագադրման:
Հոկտեմբերին Լոնդոնը հայտարարեց Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման արգելքի վերացման մասին՝ այդ քայլը բացատրելով «հայ-ադրբեջանական կարգավորման առաջընթացով, որը ձեռք է բերվել Վաշինգտոնում օգոստոսի 8-ին»:
Օրերս Հայաստան է ժամանել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության հարցերով պետական նախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությունը: Ընդունելով պատվիրակությանը՝ ՀՀ վարչապետն ընդգծել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջին շրջանում ձևավորված ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր լիցք են հաղորդում կապերի շարունակական ընդլայնմանը:
Քոքերն իր հերթին՝ ընդգծել է՝ Հայաստանի հետ հարաբերությունների բարձրացումը ռազմավարական գործընկերության մակարդակի նոր լիցք կհաղորդի բազմաոլորտ կապերին և համատեղ ծրագրերի իրականացմանը: Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետական նախարարը գոհունակություն է հայտնել հայ գործընկերների հետ տեղի ունեցած քննարկումների կապակցությամբ՝ նշելով համագործակցության ընդլայնման և զարգացման նպատակով սերտ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը: Զրուցակիցները կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ ռազմական կրթության և կիբերանվտանգության ոլորտներում: Պաշտպանական օրակարգն անմիջապես կապված է տրանսպորտային միջանցքների ապագա դասավորության և կառուցվածքի հետ։
«Լոնդոնի համար այդ քայլը տեղավորվում է Սևծովյան-Կասպյան տարածք վերադառնալու ավելի լայն կուրսի մեջ։ Ադրբեջանի հետ էներգետիկայի և անվտանգության ոլորտում համագործակցության խորացման, ինչպես նաև Հայաստանին և Ադրբեջանին սպառազինությունների մատակարարման էմբարգոն վերացնելու որոշման խորապատկերին Երևանում բրիտանական պաշտպանական սեկցիան դառնում է Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային կառուցվածքի վրա ազդեցության լրացուցիչ ալիք»,– այսպիսին է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կովկասյան հետազոտությունների սեկտորի ղեկավար Եվգենյա Գորյուշինայի կարծիքը: Այսպիսով, «երկրում ձևավորվում է Արևմտյան ռազմական ներկայության մշտական ենթակառուցվածք, որտեղ նախկինում առանցքային դեր են խաղացել անվտանգության ռուսական մեխանիզմները և Մոսկվայի հետ երկկողմ համաձայնագրերը։ Դա կրճատում է մանևրելու տարածությունը Ռուսաստանի, Իրանի և արևմտյան գործընկերների միջև։ Քանի որ ՆԱՏՕ-ի պետությունների հետ պաշտպանական փոխգործակցության ցանկացած խորացում Մոսկվայում և Թեհրանում կընկալվի որպես ռազմավարական ազդանշան»։
Հայկական կողմից տեղի ունեցածը նկարագրվում է՝ որպես անվտանգության քաղաքականության դիվերսիֆիկացում։ Այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել արևմտյան խաղացողների աճող ներկայությունը հայկական պաշտպանական ոլորտում։
Ֆրանսիան արդեն հայտարարել է սպառազինությունների մատակարարման և երկարաժամկետ պաշտպանական գործընկերության մասին, ԱՄՆ-ը իրականացնում է բարեփոխումների աջակցության սեփական ծրագրերը։ Բրիտանիան դրան ավելացնում է մշտական սեկցիա և ռեզիդենտ կցորդ: Երևանի համար սա իր գործիքակազմի ընդլայնում է, բայց նաև պաշտպանական պլանավորման մասնատման ռիսկ։
«Կառուցվածքային առումով պաշտպանության հայկական հատվածն ավելի կախված է դառնում արտաքին խորհրդատվություններից և չափանիշներից։ Վերապատրաստման ծրագրերը, բարեփոխումների խորհրդատվությունը, պլանավորման և կարիքների գնահատման մասնակցությունը նշանակում են արտաքին դերակատարների ներգրավում որոշումների կայացման մեջ, որոնք նախկինում պաշտոնապես վերաբերում էին ներքին իրավասությանը: Դա հասանելիության հնարավորություն է տալիս ռեսուրսներին և տեխնոլոգիաներին, բայց մեծացնում է Հայաստանի անվտանգության քաղաքականության արտաքին կառավարելիությունը։
Տարածաշրջանային մակարդակում բրիտանական ակտիվությունը համընկնում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի և տրանսպորտային նոր նախագծերի միջոցով տարանցման ողջ ճարտարապետությունը վերաձևակերպելու փորձերին: Հայաստանի շուրջ պաշտպանական նախաձեռնություններին Լոնդոնի մասնակցությունը փաստացի նրան դարձնում է ապագա երթուղիների և դրանց պաշտպանության մեխանիզմների արտաքին մոդերատորներից մեկը»,- կարծում է փորձագետը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանական սեկցիան Երևանում ամրագրում է անցումն իրավիճակային շփումներից դեպի կայուն ռազմական ներկայություն։ Կարճաժամկետ հեռանկարում Երևանը ստանում է ուշադրություն և աջակցություն։ Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում առանցքային կդառնա այն հարցը, թե արդյո՞ք այս ձևաչափը կմնա որպես սեփական սուբյեկտայնության ամրապնդման գործիք, թե՞ կվերածվի ուժի արտաքին կենտրոնների որոշումներից կախվածությունն ուժեղացնող ազդեցության հերթական ալիքի։
Խորհրդանշական է, որ Վերնոն Քոքերն այցելել է նաև Բաքու։ Բավականին հետաքրքիր է ադրբեջանական ինտերնետ-ռեսուրսում այդ այցի մեկնաբանության հակասովետական և հակառուսական համատեքստը: «Բաքվում լորդ Քոքերը հանդիպել է Ալիևի, պաշտպանության նախարար Հասանովի և պաշտպանական արդյունաբերության նախարար Մուստաֆաևի հետ։ Քննարկվել են Բաքվի և Լոնդոնի միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում գործընկերության հետագա զարգացման հնարավորությունները։ Լորդ Քոքերը նաև մասնակցել է Բրիտանական ռազմական խորհրդատվական և ուսումնական խմբի «Մարզիչների պատրաստում» դասընթացի ավարտական արարողությանը, որը տեղի է ունեցել Ադրբեջանի բանակի ուսումնական կենտրոնում։
Չորս շաբաթ տևողությամբ ինտենսիվ դասընթացի մասնակիցները վերապատրաստվել են բրիտանացի և չեխ հրահանգիչների կողմից՝ համաձայն Մեծ Բրիտանիայի «Մարզիչների պատրաստում» մոտեցման։ Լորդ Քոքերը նաև այցելել է շեհիդների ծառուղի և «անմար կրակ» հուշահամալիր՝ հարգելու նրանց հիշատակը, ովքեր սպանվել են Խորհրդային բանակի կողմից 1990 թվականի «սև հունվարի» ժամանակ և 1988-1994 թվականների Ղարաբաղյան առաջին պատերազմում»:
Կարելի է չկասկածել՝ Ադրբեջանը, որի հետ բարեկամությունը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է գրեթե ռազմավարական առաջնահերթություն, Հայաստանին Ռուսաստանից հեռու կմղի՝ առնելով նրան կոկորդիլոսի արցունքների պես անկեղծ գրկախառնությունների իր ծուղակը։
Դեկտեմբերի 17-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հերթական աշխատանքային այցով մեկնել է Լոնդոն: Այն, որ բրիտանացիները ձգտում են ամրապնդվել Հարավային Կովկասում՝ մրցակցելով ամերիկացիների հետ, պարզից էլ պարզ է։ Այն, որ Հայաստանն օրեցօր ավելի ու ավելի սողացող կախվածություն ունի անգլոսաքսերից, կորցնում է իր ինքնիշխանությունն անշրջելի ձևով։ Բաց է մնում այն հարցը, հասկանո՞ւմ են այս ամենն, արդյոք, հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը հօգուտ Փաշինյանին տվող Հայաստանի քաղաքացիները։
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի
