Իրանի ու Ռուսաստանի պատասխանն ԱՄՆ-ին
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին կրկին կոշտ է արտահայտվել Հայաստանի տարածքում TRIPP ձևավորելու վաշինգտոնյան պայմանավորվածության վերաբերյալ։ IRNA-ի փոխանցմամբ՝ Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանն ու Ալի Աքբար Վելայաթին քննարկել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները, մասնավորապես՝ Հարավային Կովկասում։
Ըստ հրապարակումների՝ Վելայաթին ասել է, թե Իրանն ի սկզբանե դեմ է եղել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային երկրների սահմանների ցանկացած փոփոխություն և զգուշանում է անվտանգության սպառնալիքներից։
«Այդ միջանցքը կարող էր ապահովել ՆԱՏՕ-ի ներկայությունն Իրանի հյուսիսում, ինչն անվտանգության լուրջ ռիսկեր կստեղծեր Իրանի հյուսիսային շրջանների և Ռուսաստանի հարավի համար»,- ասել է նա։
Նա հավելել է, որ «Թրամփի պլանը», ըստ էության, նույն նախագիծն է, միայն փոփոխված անվանումով, և ներկայումս իրականացվում է ամերիկյան ընկերությունների՝ Հայաստան մտնելու միջոցով։
«Իրանը դեմ է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Հարավային Հայաստանով տարանցիկ միջանցք ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին՝ այն համարելով սպառնալիք իր անվտանգության համար»,- ասել է Վելայաթին:
Հատկանշական է, որ Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում չի նշվել Իրանի մտահոգությունների մասին: Հայտարարության մեջ ասված է, որ ՀՀ դեսպանն ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված գործընթացի վերջին զարգացումներն, իսկ Ալի Աքբար Վելայաթին ողջունել է երկու հարևան պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը։
Գրեթե զուգահեռաբար TRIPP-ին է անդրադարձել նաև ՌԴ ԱԳՆ-ն։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և դրանում Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ։
«Մեր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկությունն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը»,- նշել է Կալուգինը։
Նա նշել է, որ «Թրամփի ուղի»-ն մեծ մասամբ անցնելու է ռուսական սահմանապահների պատասխանատվության տարածքով։ «Մենք պետք է հաշվի առնենք նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Ակնհայտ է, որ մեր գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի»,- ասել է ռուս դիվանագետը։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Վելայաթիի արտահայտած մտահոգությանը, բնականաբար, հերթական անգամ կրկնելով իշխանական դիրքորոշումը։ Ըստ նրա, TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքը» չէ, TRIPP-ը բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության իրավազորության ներքո, հավասարության սկզբունքներով։
Նա նշել է, որ իրենք իրանցի գործընկերների հետ մշտապես կապի մեջ են, տեղեկացնում են նրանց զարգացումների վերաբերյալ, հաշվի են առնում նրանց զգայնությունները և շահերը։
«Իրանի ԱԳՆ-ն բազմիցս նշել է, որ այս նախագիծն իրենց կարմիր գծերը հաշվի է առնում և հնարավորություններ է ստեղծում իրենց համար։ Ես կարծում եմ՝ սա ուժի մեջ է»,- ասել է նա։
Ըստ նրա, ցանկացած երկրի պաշտոնական դիրքորոշում հայտնում է տվյալ երկրի ԱԳՆ-ն, և իրենք էլ հիմնվում են Իրանի ԱԳՆ-ի հայտարարության վրա։ Եվ իսկապես, Իրանի դիրքորոշումը TRIPP-ի շուրջ երկփեղկված է։ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարում էր` ո՛չ խաղաղության համաձայնագրի նախագծում, ո՛չ էլ Վաշինգտոնում երկու երկրների կողմից ստորագրված հայտարարության մեջ չի հիշատակվում «միջանցք» կոչվող որևէ բան, այլ քննարկվում է միայն տրանսպորտային ուղիների բացումը, որոնք կապահովեն Ադրբեջանի մուտքը Նախիջևան:
Հայաստանում Իրանի նախկին դեսպանը նշում էր, որ ՀՀ-ն և ԱՄՆ-ը պայմանավորվել են Հայաստանում հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն գրանցել, ինչպես նաև օպերատոր և ներդրող սահմանելու մասին, դա ամբողջությամբ կիրականացվի Հայաստանի ազգային ինքնիշխանության և իրավազորության շրջանակում, ճանապարհը գործելու է Հայաստանի անվտանգության և մաքսային մարմինների վերահսկողության ներքո:

«Ըստ համաձայնագրի` դա կլինի օպերատորի գործառույթ, այլ ոչ թե երթուղու սեփականության»,- ասել էր Սոբհանին:
Սոբհանին վստահեցրել էր` Հայաստանի կառավարությունն Իրանի նախագահի այցի ընթացքում հայտարարել է, որ Իրանի հետ ընդհանուր սահմանն իրենց համար առանձնահատուկ նշանակություն ունի, և իրենք որևէ վնաս չեն հասցնի դրան:
Թեև Փեզեշքիանի օգոստոսյան այցից հետո տեղեկություններ էին տարածվում այն մասին, որ իրանական կողմի մտահոգությունները չեն չեզոքացել, Իրանի նախագահական ինստիտուտը, գործադիր իշխանությունը և դիվանագիտական կորպուսն այս ամիսների ընթացքում որդեգրել են զգուշավոր, մեղմ հռետորաբանություն՝ թերևս, պայմանավորված տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրողություններով։
Եվ, փաստորեն, օգոստոսյան Երևան-Վաշինգտոն-Բաքու պայմանավորվածություններից հետո առաջին անգամ նման մակարդակով Իրանի բարձրաստիճան պաշտոնյան նման սուր դիրքորոշում է հայտնում, ինչը, ի դեպ, հաջորդում է Պուտին-Փեզեշքիան հանդիպմանը, ԻԻՀ ԱԳ նախարարի Ադրբեջան կատարած այցին, ինչպես նաև նախորդում է ԻԻՀ ԱԳ նախարարի Մոսկվա վաղը կատարելիք այցին։
Իրանի մեր աղբյուրների փոխանցմամբ, այս երկակիությունը պատահական չէ, այն բխում է Իրանի քաղաքական համակարգի կառուցվածքից և ռազմավարական հաշվարկներից։ Մեր աղբյուրների համաձայն, գաղափարախոսական և կոշտ կարմիր գծերը մշտապես առաջ է մղում հոգևոր առաջնորդի ճամբարը, Իրանի հոգևոր առաջնորդի և նրա ներկայացուցչական շրջանակի համար Հարավային Կովկասը ոչ միայն արտաքին քաղաքական ուղղություն է, այլ ազգային անվտանգության և ինքնիշխանության հարց։
Եվ իսկապես, Ալի Աքբար Վելայաթին, լինելով Խամենեիի ամենամոտ արտաքին քաղաքական խորհրդականներից մեկը, բազմիցս ընդգծել է, որ ցանկացած նախագիծ, որը կփոխի տարածաշրջանի սահմանների կամ հաղորդակցությունների վերահսկողության բնույթը, անընդունելի է Իրանի համար։ Սա Վելայաթիի առաջին նման մեկնաբանությունը չէ, ամիսներ առաջ ևս Վելայաթին բավականին կոշտ դիտարկումներով հանդես եկավ այս նախագծի մասին։
Իրանի այս կոշտ դիրքորոշման հիմքում մի քանի հիմնարար գործոններ են։
Իրանի համար Հայաստանը ոչ միայն բարեկամ պետություն է, այլ Իրանի հյուսիսային սահմանների անվտանգության և Ռուսաստանի հետ ուղիղ կապի առանցքային տարրը և ցանկացած «միջանցքային» տրամաբանություն, որը կթուլացնի այդ սահմանը կամ կվերացնի Իրանի վերահսկողության հնարավորությունը, ընկալվում է՝ որպես գոյաբանական սպառնալիք։
Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» նախագիծը Թեհրանում դիտարկվում է՝ որպես պանթուրքիստական նախագծի մաս, որը Թուրքիային և Ադրբեջանին կապելու է Կենտրոնական Ասիայի հետ՝ շրջանցելով Իրանը։
Իրանում համոզված են, որ նման նախագծերը չեն սահմանափակվում միայն տարածաշրջանային դերակատարներով և կարող են բացել դուռ ՆԱՏՕ-ի, Իսրայելի կամ արևմտյան անվտանգության մեխանիզմների համար։ Եվ այս մտահոգություններն էլ ավելի են խորանում, երբ միջնորդ է հանդես գալիս հենց ԱՄՆ նախագահը։ Այս պատճառով հոգևոր առաջնորդի ճամբարի համար հարցը ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական և գաղափարախոսական է։
Ի տարբերություն գաղափարախոսական էլիտայի՝ Իրանի նախագահը, կառավարությունը և արտաքին քաղաքական գերատեսչությունը գործում են այլ հարթությունում և փորձում են համագործակցել Ադրբեջանի, Թուրքիայի հետ, թեև, ըստ պաշտոնական դիրքորոշումների, պահպանում են կարմիր գծերը։
Ըստ մեր իրանական մերձդիվանագիտական աղբյուրների, նրանց մեղմ դիրքավորման պատճառներն են տնտեսական ճնշումներն ու պատժամիջոցները, որոնց պայմաններում Իրանը ստիպված է հաշվի առնել համագործակցությունն Ադրբեջանի և հատկապես Թուրքիայի հետ՝ որպես շրջափակումները մեղմելու, տարածաշրջանային մեկուսացում թույլ չտալու գործիք։ Այս ֆոնին դիտարկվում է, որ բացահայտ կոշտ հակազդեցությունը կարող է բարդացնել Իրանի հարավկովկասյան դիվանագիտությունը մի իրավիճակում, երբ ՌԴ-ն ևս պասիվ է դիրքավորված, իսկ մեղմ հռետորաբանությունը թույլ է տալիս Թեհրանին պահել ազդեցության լծակներ՝ առանց բացահայտ հակամարտության մեջ մտնելու։
Սակայն այս հռետորաբանության հետ մեկտեղ՝ Իրանը, ըստ տեղեկությունների, զգոն հետևում է զարգացումներին և ձեռք բերվող պայմանավորվածություններին ու նախընտրում է աշխատեցնել դիվանագիտությունը, բանակցելով Մոսկվայի, Բաքվի, Երևանի ու Անկարայի հետ։
Այդ իսկ պատճառով, անհրաժեշտության դեպքում, մեր աղբյուրների փոխանցմամբ, Իրանը պատրաստ է անցնել գործնական քայլերի՝ ինչպես ինքնուրույն, այնպես էլ՝ Ռուսաստանի հետ համակարգված։
Եվ, փաստորեն, գրեթե զուգահեռաբար Իրանը կոշտ դիրքորոշում է հայտնում TRIPP-ի վերաբերյալ՝ հերքելով իշխանություններին, թե TRIPP-ը «Զանգեզուրի միջանցք»-ը չէ, իսկ ՌԴ-ն հայտարարում է, որ մասնակցելու է կապուղու աշխատանքներին։
Թերևս ոչ պատահականորեն Իրանի ու Ռուսաստանի այս դիրքորոշումները հաջորդում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հարցազրույցին, որում նա խոսել էր TRIPP-ի մասին՝ ասելով, թե այն իսկապես ազդեցիկ նախագիծ կդառնա, և, որ ԱՄՆ-ը այս հարցով ուղիղ աշխատում է Թուրքիայի հետ՝ հավելելով, որ Հայաստանը նույնպես աշխատում է Թուրքիայի հետ՝ փորձելով իրականացնել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այդ տեսլականն իրականացնելու համար։

«TRIPP-ի մշակմանը զուգընթաց, տեսլականն այն է, որ այն կմշակվի Միացյալ Նահանգների հետ՝ ինչ-որ համատեղ ձեռնարկության միջոցով, որի ստեղծման ուղղությամբ հիմա աշխատում ենք։ Հայաստանը մշտական տեղ կունենա բանակցությունների սեղանի շուրջ՝ դրա զարգացմանը նպաստելու և ապահովելու, որ իրականում պահպանվեն իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և իրավասությունը: Այնպես որ, կարծում եմ՝ TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին, որ այն չի բախվի այն խնդիրներին, որոնց մասին կային մտահոգություններ»,- ասել էր ԱՄՆ դեսպանը, որպես լուրջ բոնուս ներկայացնելով բանակցային սեղանի շուրջ ՀՀ ներկայությունը՝ այն դեպքում, երբ ճանապարհը պետք է ձևավորվի ՀՀ տարածքում։
Եվ փաստորեն դեսպան Քվինի՝ օրերս տված հարցազրույցից հետո Իրանն ու Ռուսաստանը հասկացնում են, որ ռեգիոնում պետք է լսելի լինի Իրանի ու Ռուսաստանի «խոսքը»։
