Երկուշաբթի առավոտյան՝ մտահոգիչ հոսք դեպի Երևան
Նիկոլ Փաշինյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ Սևանի մայրուղով դեպի Երևան եկող մեքենաների առավոտյան հոսքն է: Թե ի՞նչ է ուզում ասել այդ տեսանյութով Փաշինյանը, այնքան էլ պարզ չէ: Ուզում է ցույց տալ տնտեսության շա՞րժ, թե՞ խցանումների արդարացում: Հիշենք, որ շաբաթներ առաջ կառավարության նիստում նա անդրադարձել էր խցանումների խնդրին՝ խոսելով հատուկ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որ կուսումնասիրի հարցը:
Հիմա Փաշինյանը երևի թե տեսանյութ է հրապարակում՝ ցույց տալու համար, որ Երևանում խցանումներ են, քանի որ միայն հյուսիս-արևելյան կողմից արդեն առավոտյան մեքենաների հսկայական հոսք է դեպի Երևան:
Դե, հասկանալի է, հոսքը հո չե՞ս արգելի, եթե մարդիկ երկուշաբթի առավոտյան գալիս են ոչ թե զբոսանքի, այլ՝ աշխատանքի:
Բայց սա որևէ կերպ չի կարող լինել խցանումների բացատրություն կամ արդարացում: Եվ ոչ էլ տնտեսական աշխուժության վկայություն: Սա կարող է լինել պետական տնտեսական քաղաքականության բացակայություն: Մարզերում տնտեսական հնարավորությունների բացակայությունը մարդկանց ստիպում է աշխատանք փնտրել Երևանում: Հայաստանի տնտեսական շարժի առյուծի բաժինը կենտրոնացած է Երևանում, որովհետև չկա մարզերում տնտեսական հնարավորություններն ընդլայնելուն միտված հետևողական, համակարգային, մշակված քաղաքականություն:
Այդ քաղաքականությունը պետք է առաջին հերթին ենթադրեր, օրինակ, մարզերում ներդրումների խթանման, խոշոր ներդրումային ծրագրերի իրականացմանը միտված հետևողական աշխատանք: Պատկերն այդ առումով այն աստիճան ցամաք է, որ վարչապետի մասնակցությամբ հանդիսավորությամբ մեկնարկում է ընդամենը բնակարանաշինության մի ծրագիր՝ այն էլ Երևանին մերձակա մարզերից մեկում:
Ի՞նչ պետք է անեն կառուցվող այդ բնակարաններում ապրողները: Պետք է աշխատանք փնտրեն Երևանում, և Նիկոլ Փաշինյանը մի քանի տարի անց միգուցե մի նոր տեսանյութ հրապարակի, թե, օրինակ, ինչպես են այդ մարզից մեքենաները երկուշաբթի առավոտյան սլանում դեպի Երևան, որովհետև մարզում բնակարան ունեն, իսկ աշխատանք՝ ոչ:
Ընդ որում, Երևանն այդ իմաստով մշտական աշխատատեղ է ապահովում մոտակա մարզերի համար: Մինչդեռ, հեռավոր մարզերից ամենօրյա կոմունիկացիան շատ ավելի բարդ է, հետևաբար՝ մարդիկ կամ լքում են մարզը, կամ Հայաստանն ընդհանրապես:
Օրինակ, 2020 թվականի հոկտեմբերի դրությամբ Սյունիքի մարզն ունեցել է 136 հազար 400 բնակիչ: 2025 թվականի հոկտեմբերին՝ 118 հազար 100: Այլ կերպ ասած, անցնող 5 տարում Հայաստանի համար ռազմավարական նշանակության մարզում՝ Սյունիքում, բնակչությունը ոչ միայն չի ավելացել, ոչ միայն չի մնացել նույնը, այլ պակասել է գրեթե 3 տասնյակ հազարով կամ մոտ 13 տոկոսով: Հայտնի է, որ Սյունիքի մարզը բառի բուն իմաստով պահում է Զանգեզուրի կոմբինատը:
Կոմբինատն է Սյունիքի տնտեսական օրգանիզմի ողնաշարը կամ սիրտը, որի շուրջ է ձևավորվում մնացյալ «օրգանական» պրոցեսը: Այդ կոմբինատն անցնող տարեսկզբին մոտ տասն օր մատնվել էր պարապուրդի՝ գործադուլի պատճառով: Թվում է, որ անգամ մի քանի ժամ պարապուրդը պետք է լրջորեն հուզեր կառավարությանը: Բայց կառավարությունն ըստ էության «չհուզվեց» անգամ տասն օրերի ընթացքում, երբ պետական բյուջեն, նաև Սյունիքի տնտեսական օրգանիզմը կորցնում էին օրական հարյուրավոր միլիոն դրամներ:
Սա մի օրինակ է, որովհետև Սյունիքի տնտեսական օրգանիզմում ցանկացած խցանում՝ լինի որևէ արտադրական ձեռնարկության, թե ենթակառուցվածքի, պետք է հավասարազոր լինի արտակարգ իրավիճակի: Բայց, հարցը միայն դա չէ: Առկա ներդրումային խոշոր ծրագրերի անխափան աշխատանքին ու կայուն զարգացմանը նպաստելուց զատ, կառավարության խնդիրը ներդրումային ծավալներն ավելացնելու համար անհրաժեշտ միջավայրն ընդլայնելն ու խորացնելն է:
Օրինակ, նույն հանքարդյունաբերության ոլորտում ներկայումս ընդհուպ համաշխարհային զարգացումները թևակոխում են նոր փուլ՝ ոլորտի և ռեսուրսների հանդեպ՝ ընդհուպ աշխարհաքաղաքական ուշադրության էական աճի դրսևորումներով: Այդ պայմաններում Հայաստանի համար ռազմավարական հարց պետք է դառնա ոլորտում ներդրումային աճի խթանման գործուն քայլերի իրականացումը:
Թեման մասնավորապես մասնագիտական համակողմանի քննարկման արժանացավ հենց Հայաստանում ամիսներ առաջ ծավալված հանքարդյունաբերության մասնագիտական համաժողովի շրջանակում, որին, ի դեպ, մասնակցում էր նույն Նիկոլ Փաշինյանը: Իսկ հարցը դարձե՞լ է Հայաստանի կառավարության տնտեսական բլոկի լրջագույն ուշադրության առարկա, թե՞ այդ բլոկում ուշադրոությունը միայն տարատեսակ մանր ու միջին առիթներով սոցցանցային տեսանյութեր նկարահանելն ու տնտեսական բումի վիզուալ էֆեկտ ապահովելն է:
Այս ամենը չի վերաբերում միայն Սյունիքին կամ միայն հանքարդյունաբերությանը, թեև կոնկրետ ոլորտն այսօրվա աշխարհում դարձել է գեոռազմավարական գործոն, հետևաբար՝ Հայաստանի համար կարող է լինել ոչ միայն տնտեսություն, այլ նույնիսկ աշխարհաքաղաքականության ռեսուրս: Բայց մարզերում, առավել ևս՝ Երևանից հեռավորության վրա գտնվող մարզերում, խոշոր ներդրումային ծրագրերի խթանումը, օտարերկրյա ներդրումների ներգրավումը Հայաստանի համար կենսական հարց է:
Հակառակ պարագայում, տնտեսության նվաղող մարմնի վրա ավելի ու ավելի ծանրացող գլուխը՝ Երևանը, մի օր տնտեսապես կկոտրվի իր իսկ ծանրությունից: Առավել ևս, որ Երևանում էլ տնտեսական աշխուժության բուն պատճառներն առավելապես արտաքին կոնյունկտուրայի արդյունք են, այլ ոչ թե տնտեսական միջավայրի գրավչության աճի: Իսկ այդպիսի շարժերը միշտ լինում են սպեկուլյատիվ ու ժամանակավոր: Ավելին, այդ ժամանակն էլ «որոշվում» է հենց արտաքին գործոններով, այլ ոչ թե Հայաստանի ներսում: Այսինքն, Հայաստանը չունի վերահսկողություն նույնիսկ այդ ժամանակավորության գործոնի վրա:
Վերահսկողության և տնտեսական ապահովագրության ողնաշարային գործոնը կարող է լինել արտաքին ներդրումների լուրջ հոսքի ապահովումը, ընդ որում, հայաստանյան տնտեսական նվաղող մարմնի հատկապես վերջույթներ, որպեսզի դրանք կարողանան բալանսավորել արտաքին սպեկուլյատիվ գործոններով անընդհատ մեծացող գլխին և տեղի չունենա Հայաստանի տնտեսության թե «անդամահատում», թե «գլխատում», երբ մարզերի բնակիչներն արդեն մայրաքաղաքում էլ չեն գտնի աշխատանք և ստիպված կլինեն ինչ-որ բան փնտրել այլ երկրների մայրաքաղաքներում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
