Արևմուտքի առաջխաղացումը Կովկասում. բրիտանացիները որոշել են Հայաստանին և Ադրբեջանին ապահովել իրենց զենքով
Մեծ Բրիտանիան ավելի քան 30 տարի անց կվերացնի Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման էմբարգոն. այս մասին հայտնել է թագավորության փոխարտգործնախարար Սթիվեն Դաութին:
Նա նշել է՝ սահմանափակումների ելակետային պատճառները կորցրել են արդիականությունը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում զգալի առաջընթացի, ինչպես նաև Վաշինգտոնում վերջերս կայացած գագաթնաժողովի արդյունքների խորապատկերին, որը կազմակերպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Դաութիի խոսքով՝ էմբարգոյի վերացումը թույլ կտա զարգացնել համագործակցությունն անվտանգության ոլորտում և պաշտպանել երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելը:
Էմբարգոն սահմանվել է 1992 թվականին ԵԱՀԿ-ի առաջարկությամբ և վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողություններին մասնակցած ուժերին զենքի և զինամթերքի բոլոր մատակարարումներին: Հայտնի է՝ օգոստոսի 8-ին Հայաստանն ու Ադրբեջանը Թրամփի մասնակցությամբ համատեղ հռչակագիր են ստորագրել խաղաղ հարաբերությունների մասին:
Եռակողմ փաստաթղթում նշված է՝ պայմաններ են ստեղծվել Հայաստանի և Ադրբեջանի միջև բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու համար: Դրանք հիմնված են «միջազգային սահմանների անձեռնմխելիության և հսկայական մարդկային տառապանքներ բերած հակամարտության ավարտից հետո տարածք ձեռք բերելու համար ուժի կիրառման անթույլատրելիության վրա»:
Թրամփը հանդիպումը պատմական է անվանել՝ ընդգծելով, որ երկրները պարտավոր են «ընդմիշտ դադարեցնել ռազմական գործողությունները», հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքները: Բացի դիվանագիտական հարաբերություններից, նրանք կվերսկսեն առևտուրն ու զբոսաշրջությունը:
«Լոնդոնը չի ցանկանում հետ մնալ Վաշինգտոնից։ ԱՄՆ‑ում օգոստոսյան պամանավորվածություններից հետո ամերիկացիները չեղյալ են հայտարարել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը՝ դրանով իսկ բացելով Ադրբեջանին սպառազինությունների մատակարման և պաշտպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունը»,- պարզաբանել է քաղաքագետ և անվտանգության հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովը, որը բրիտանական իշխանությունների հայտարարություններում նշել է աշխարհաքաղաքական ենթատեքստի առկայությունը:
Մասնավորապես, նախարար Դաութին ընդգծել է Երևանին և Բաքվին օգնելու անհրաժեշտությունը՝ «համարժեք արձագանքել այլ պետությունների և ոչ պետական սուբյեկտների կողմից սովորական և հիբրիդային սպառնալիքներին»:
«Ակնհայտ է՝ այդ սպառնալիքների տակ Լոնդոնը նկատի ունի նաև Ռուսաստանին: Այդ տեսանկյունից կարելի է խոսել Հարավային Կովկասում իր ազդեցությունն ուժեղացնելու և Ռուսաստանին զսպելու Մեծ Բրիտանիայի ձգտման մասին»,- հավելել է Հարությունովը:
«Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների սառեցումն Արևմուտքին հնարավորություն է տալիս միջամտել՝ ստեղծելով Ռուսաստանին հակակշիռ և նպաստելով տարածաշրջանում շահավետ խաղաղության ձեռքբերմանը»,– կարծում են բրիտանական պաշտպանական և ռազմավարական հետազոտությունների թագավորական ինստիտուտի (RUSI) վերլուծաբանները:
«Հարավային Կովկասը, որը գտնվում է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի խաչմերուկում, ավելի ու ավելի մեծ աշխարհառազմավարական նշանակություն է ձեռք բերում: Միջին միջանցքը՝ Չինաստանի և Եվրոպայի միջև ամենակարճ առևտրային ուղին, ամեն տարի ավելացնում է ապրանքաշրջանառությունը 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո: Ռուսաստանը պատմականորեն գերիշխել է տարածաշրջանում։ Սակայն, պետական ռեսուրսների մեծ մասն Ուկրաինա վերահղելով, Հարավային Կովկասի վրա ազդելու Ռուսաստանի կարողությունը զգալիորեն նվազել է:
Արևմուտքը սահմանափակ դեր է պահպանել տարածաշրջանում, սակայն նրան դժվարությամբ է հաջողվում ուժեղացնել իր ազդեցությունը՝ չնայած Ռուսաստանի դիրքերի թուլացմանը»,– նշում են բրիտանացի փորձագետները:
Նրանց կարծիքով՝ Բաքուն և Երևանն «այժմ միասնական են Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը նպաստելու ձգտումներում:
Այս ջանքերի առանցքային տարրը Զանգեզուրի միջանցքն է, որը, չնայած իրականացման շուրջ վեճերին, խոստանում է ռազմավարական տարանցիկ երթուղի, որն ուղղակիորեն կապում է Ադրբեջանը Թուրքիայի հետ՝ ամրապնդելով Անկարային՝ որպես աճող տարածաշրջանային տերություն»:
Եթե անգամ բրիտանացի գիտնականները բացահայտ հայտարարում են Զանգեզուրի տրանսպորտային երթուղու նկատմամբ թուրքական հետաքրքրության մասին, ապա նրանց հետ վիճել պետք չէ: Նկատենք միայն՝ Ադրբեջանի շահույթը «Զանգեզուրի հարցի» լուծման մեջ անգլոսաքսերի գծանշումով շատ ավելի քիչ է, քան թուրքականը, իսկ Հայաստանի շահերն ընդհանրապես չեն երևում:
Եվ ահա գլխավոր ուղերձն՝ իսկական բրիտանական ոճով. «ԱՄՆ-ի կողմից այդ միջանցքը յուրացնելու իրավունքի հաջող ձեռքբերումը ևս մեկ անգամ վկայում է կայուն խաղաղության ձևավորման գործում Արևմուտքի մասնակցության ավելի լայն հնարավորությունների մասին:
Այնուամենայնիվ, այս փխրուն համաձայնագիրը լուրջ ռիսկեր է պարունակում: Մի կողմ քաշված Ռուսաստանը կարող է դիմել հիբրիդային ապակայունացման մարտավարության, մինչդեռ թուլացած, բայց ըմբոստ Իրանը մնում է անկանխատեսելի: Երկարաժամկետ կայունության ապահովումը կպահանջի Արևմուտքի մշտական մասնակցությունը ապատեղեկատվության դեմ պայքարին, վստահության վերականգնմանը և տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնմանն աջակցելուն:
Այս համակարգված հակառուսական ջանքերը շրջադարձային պահ են Արևմուտքի համար՝ տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելու, ռուսական ազդեցությունը հավասարակշռելու և տարածաշրջանային կայունության մոդելը խթանելու համար, որը համապատասխանում է արևմտյան շահերին… առանց անվտագության և տնտեսության ոլորտում համարժեք փոխարինողների Հայաստանի և Ադրբեջանի համար դժվար կլինի դուրս մղել Ռուսաստանին»:
Անշուշտ, Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացումը ռազմավարական հնարավորություն է Արևմուտքի համար: Ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական ուղենիշների արմատական վերագնահատման պայմաններում, տարածաշրջանում, որը երկար ժամանակ գտնվում էր Ռուսաստանի գերակշռող ազդեցության տակ, Արևմուտքի համար հնարավորությունների հազվագյուտ պատուհան է բացվել:
«Եթե Արևմուտքը չմիջամտի, իշխանության վակուումը, որը, հավանաբար, կառաջանա, կարող է լցվել Չինաստանի հավակնություններով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում կամ Իրանի ապակայունացնող ազդեցությամբ: Այս երկու ռիսկերն էլ, հավանաբար, կուժեղացնեն ավտորիտար միտումներն ու աշխարհաքաղաքական մասնատումը»,- կարծում են RUSI-ում՝ տարածաշրջանի մասնատման վերաբերյալ սեփական մտադրությունները վերագրելով աշխարհաքաղաքական մրցակիցներին:
Ամենայն հավանականությամբ, բրիտանացիները ստիպված կլինեն բավարարվել Արևմուտքի՝ Հարավային Կովկաս էքսպանսիայի ընթացքում երկրորդական դերերով։ Դեռևս 2025–ի մայիսին Atlantic Council-ի վերլուծաբանները հայտարարել էին.
«Միացյալ Նահանգները, հնարավոր է, պետք է վերանայի իր տարածաշրջանային ռազմավարությունը, քանի որ Ռուսաստանի մշտական ուշադրությունն Ուկրաինայի հակամարտության նկատմամբ հնարավորությունների պոտենցիալ պատուհան է ստեղծում, որի ընթացքում տարածաշրջանային տերությունները, այդ թվում՝ Իրանը, ձգտում են ընդլայնել իրենց ազդեցությունը: ԱՄՆ-ի մասնակցությունը Հարավային Կովկասում կարող է նպաստել կայունության ամրապնդմանը, փոխկապակցվածության ամրապնդմանը և երկարաժամկետ ռազմավարական հավասարակշռության ձեռքբերմանը:
ԱՄՆ-ը պետք է միջամտի Հարավային Կովկասի գործերին, դա կարող է օգնել տարածաշրջանին՝ դառնալ բազմաբևեռ փոխգործակցության մոդել, որտեղ արտաքին ուժերը կառուցողականորեն միավորվում են՝ միաժամանակ նվազեցնելով հարևան մեկ կամ երկու սուբյեկտների անհամաչափ ազդեցության ռիսկը»:
Վաշինգտոնյան մեկնաբանության հավասարակշռված միջավայրն այն է, երբ Ամերիկան իր լիակատար վերահսկողության տակ է պահում իրավիճակը թիրախ տարածաշրջանում՝ «գործի վրա» պահելով բրիտանացիներին և թուրքերին:
Կարծես թե շուտով Երևանում և Բաքվում կարող են հայտնվել ամերիկյան պաշտպանության թոփ-մենեջերներ՝ սկսելով «աբորիգեններին» այնպիսի առաջարկներ անել, որոնք նրանք չեն կարողանա մերժել: Դրանով Հայաստանն ու Ադրբեջանը պաշտպանության ոլորտում լիակատար կախվածության մեջ կհայտնվեն ԱՄՆ-ից ու Բրիտանիայից, ինչը նշանակում է ինքնիշխանության լիակատար կորուստ:
Օգոստոսի վերջին Երևանում կայացած հանդիպման ժամանակ Դաութին Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի մարդկանց հետ պայմանավորվել են հարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի:
Մեծ Բրիտանիան ավանդաբար համարվում էր Ադրբեջանին ավելի մոտ երկիր՝ սերտ ֆինանսական կապերի և Կասպից ծովի ափին այնպիսի ընկերությունների լայն շահերի պատճառով, ինչպիսիք են British Petroleum-ը և Shell-ը: Հենց բրիտանացիներն են հայկական իշխող շրջանակների համար պատրաստել Արցախից հրաժարվելու և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը, որը հետևողականորեն իրականացվում է Փաշինյանի կառավարության կողմից:
«Սա Սըր Ջորջ Փեմբերթոն Ռոս Նորթոնն է, ով 2022 թվականին անձամբ մշակել է ռազմավարական ծրագիր, որը հետագայում կշրջի ողջ հայկական իրականությունը: Բրիտանացիներին չի հետաքրքրում, թե ինչու Հայաստանը պարտվեց Ադրբեջանին և ինչ տեղի ունեցավ դրանից հետո… երբ ադրբեջանական հաուբիցները քանդում էին Արցախը երկրի երեսից, նրանց համար միևնույն էր»:
Հիշատակված սըր Նորթոնը պաշտպանական հետազոտությունների Թագավորական քոլեջի ներկայիս ղեկավարն է, բրիտանական ռազմական շտաբի քոլեջ, որտեղ վերապատրաստվում են ավագ սպաներ, դիվանագետներ և քաղաքացիական ծառայողներ: Փափուկ և կոշտ ուժ՝ մեկ շշում:
ԹԻՄՈՒՐ ԳԱՐԱԵՎ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի



