ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ԳՈՐԾԱԿԱԼ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ. ՍՐԱՆՑ ԼՍԵՍ՝ ԹՐԱՄՓԸ ՊՈՒՏԻՆԻ ԱԳԵՆՏՆ Է, ՊՈՒՏԻՆՆ ԷԼ՝ ԿՐԵՄԼԻ. #ԴԱՍԵՐ

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն ու հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանն են։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Կարդացեք նաև

Սուրեն Սուրենյանց.- Օրերս ներկայացված ԱՄՆ ռազմավարական զարգացման փաստաթուղթը շատ կարևոր է, որովհետև դրանում կասկածի տակ է դրվում Եվրոպայի զարգացման հեռանկարը։ Ըստ այդմ՝ Եվրոպան ու Մերձավոր Արևելքն այլևս առաջնահերթություն չեն ԱՄՆ-ի համար։ Եվ այս ֆոնին շատ ոչ ադեկվատ է թվում Հայաստանի Խորհրդարանում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, այդ թվում՝ օրերս Բրյուսելում ստորագրված ԵՄ-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը:

Էլեկտորալ առումով Եվրոպայի ուլտրագլոբալիստական առաջնորդները խայտառակ վիճակում են։ Վաշինգտոնում առնվազն այսօրվա ադմինիստրացիայի մակարդակով ընդունում են, որ Ռուսաստանը Եվրոպայի առնչությամբ անվտանգային սպառնալիքներ է տեսել դեռ շատ վաղուց՝ պատերազմից շատ առաջ, ի հակառակ այն պնդման, որ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվեց, որովհետև Ռուսաստանն ուզում էր կայսրություն ստեղծել։

Նիկոլ Փաշինյանը սիրահոժար Հայաստանը վերածել է ուլտրալիբերալ գլոբալիստների ֆորպոստի։

Էդգար Ղազարյան.- Եվրամիությունը բոլոր որոշումները կայացնում է կոնսենսուսով։ Եվ երբ գալիս է քվեարկության պահը, որով մեզ, ասենք, Եվրամիության Խաղաղության հիմնադրամից 10 միլիոն եվրո օգնություն պետք է տան, Հունգարիան՝ Օրբանի գլխավորությամբ, արգելափակում է, դեմ է քվեարկում՝ ասելով, որ եթե Հայաստանին ինչ-որ բան եք ուզում տալ, ապա Ադրբեջանին էլ պետք է տաք, և, արդյունքում, ոչինչ էլ չեն տալիս։

Ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ամենաբարձր մակարդակի փաստաթուղթն է պետությունների միջև։ Եվ երբ ընդամենն օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ նման փաստաթուղթ են ստորագրել Գերմանիայի հետ, բացում ես փաստաթուղթը, կարդում՝ «ԱՅՍ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԷ ԵՎ, ՀԵՏԵՎԱԲԱՐ, ՉԻ ՍՏԵՂԾՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ»:

Այսինքն՝ դա որևէ ուժ չունեցող թուղթ է:

ՔՊ-ն 7 տարի իշխանության է, նույնիսկ ստորագրված Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության (ՀԸԳՀ-CEPA) համաձայնագրի դրույթներն էլ չեն արել, որը, ի դեպ, 2017թ․ստորագրել էր Էդվարդ Նալբանդյանը՝ Սերժ Սարգսյանի ներկայությամբ… Բայց սրանք մինչև հիմա էդ փաստաթղթին են հղում տալիս։

Իր ֆունկցիոնալ իմաստով TRIPP-ը Մեղրիի հանձնումն է Ադրբեջանին՝ ամերիկյան վերահսկողության ներքո։ Այդ ճանապարհի բացումը չի նշանակում, որ Ադրբեջանը Հայաստանի համար սահման պիտի բացի։ Իսկ եթե Ադրբեջանը չբացի, Թուրքիան էլ չի բացի։

Սուրեն Սուրենյանց.– Էն խաղաղության մոդելը, որ մեզ հրամցվում է, ենթադրում է, որ դու պիտի լինես երկիր, որի արտաքին քաղաքականությունը մաքսիմալ սահմանափակված է։ Մեր ԱԳՆ-ի արձագանքն ադրբեջանական հոխորտանքին համարժեք չէր, վախվորած, կմկմած արձագանք էր։ Ըստ էության, այսուհետ մեր կողմից կայացված բոլոր որոշումները պետք է հաստատվեն Ադրբեջանում։ Սա նշանակում է, որ մենք վերածվել ենք Ադրբեջանի ենթապետության։

Էնքան խեղճացած վիճակում է Փաշինյանը, որ Ադրբեջանին գործարք է առաջարկում՝ հավասարության նշան դնելով արցախցիների վերադարձի իրավունքի և ադրբեջանցիների՝ Հայաստան գալու միջև։

Ալիևին նաև մեսիջ ուղարկեց՝ էդքան մի՛ կրկնիր, որ ձեր պահանջով ենք Սահմանադրություն փոխում, մեկ է, ձեր ուզածն անելու եմ, փոխելու եմ, բայց ուրիշ սոուսով մատուցեմ հայ ժողովրդին… Ալիևն ինչքան հնարավոր է՝ բոնուսներ կտա Նիկոլ Փաշինյանին, բայց նա վստահ չէ, որ վերջինս կվերընտրվի 2026-ի ընտրություններում։ Բացի դրանից՝ Ալիևը հասկացնում է Փաշինյանին՝ առանց իմ աջակցության դու չես կարող վերարտադրվել։

 Էդգար Ղազարյան.- Նիկոլ Փաշինյանը բազմիցս է Ադրբեջանին հրապարակային առաջարկներ արել, բայց որևէ առաջարկի Ալիևը չի արձագանքել։ Ես տպավորություն ունեմ, որ Իլհամ Ալիևը որդեգրել է շան տեղ չդնելու քաղաքականություն։

Սուրեն Սուրենյանց.- Վաշինգտոնում տեղի է ունեցել ադրբեջանա-ամերիկյան գործարք, որտեղ Նիկոլ Փաշինյանը բուտաֆորիայի դեր է կատարել։ Դա Իրանի դեմ ուղղված մի գործարք էր, որտեղ Հայաստանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ընդամենը կնիքի դեր էր կատարում։

Բաքու գնացած հայ փորձագետները զբաղված են Ալիևի ռեժիմի հումանիզացիայով։ Այդ մարդիկ մեզ ասում են, որ խաղաղության համար ոչ թե ինստիտուցիոնալ մեխանիզմներ են ստեղծվել, այլ, որ նման բան խոստացել է Հաջիևը։ Անամոթաբար այդ թեզը կրկնեց նաև Ժիրայր Լիպարիտյանը։ Ու օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող մի ՀԿ-ի ղեկավար իրենց ընդդիմախոսներին անվանում է գործակալ։

Օրախնդիր է, որ այն ուժը, որը կգա իշխանության, անհապաղ զբաղվի «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքով։

 Էդգար Ղազարյան.Նիկոլ Փաշինյանը գնացել է Մոսկվա, Լյուբլյանկայի շենքի դիմացից էլ լուսանկար է հրապարակել։ Հիմա ո՞վ է գործակալը։

Արցախի ներկայացուցչության շենքն ինչի՞ են ուզում վերցնել։ Դա ժամանակին եղել է  ադրբեջանական դրամատիկական թատրոնի շենքը։ Ես կասկած ունեմ, որ այդ շենքն ուզում են վերցնեն, տան Ադրբեջանին, որ դարձնեն ադրբեջանական մշակութային ներկայացուցչության շենք։

Դու մեր ժողովրդին խաբել ես, ստացել ես ժողովրդի վստահության քվեն ու գործել Հայաստանի դեմ։ Էլ դավաճանությունն ինչպե՞ս է լինում։

Արարատ Միրզոյանին տեսե՞լ եք՝ հանդիպի ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի հետ։ Ում հետ ասես, հանդիպում է, բացի Լավրովից։

ՔՊ-ն և նրան սատարող, դրսից ֆինանսավորվող ՀԿ-ները (այդ թվում՝ Բաքու գնացածները,- հեղ.) «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի անվան տակ քաղաքական հետապնդումների են ենթարկում քաղաքական ընդդիմախոսներին, ընդդիմադիր հայացքներ ունեցողներին բանտերն են լցնում: Ով կարծիք է արտահայտում, քննադատում է իրենց քաղաքականությունը, ասում են՝ Պուտինի, Կրեմլի գործակալ է…

Սուրեն Սուրենյանց.- Մենք որ տարիներ շարունակ ասում էինք,  զգուշացնում էինք էս ամեն ինչի մասին, մեզ Կրեմլի ագենտի պիտակ էի կպցնում…

Սաթիկ Սեյրանյան.- Թրամփն էլ է, չէ՞, Կրեմլի ագենտ։ Պուտինն էլ է՞ Թրամփի ագենտը։ 

Էդգար Ղազարյան.- Չէ։ Պուտինը Կրեմլի ագենտն է։ 

Սուրեն Սուրենյանց.- Նիկոլ Փաշինյանին ամեն գնով պետք է պահպանել աթոռը։ Այդ պրոցեսում հայտնվում են մի քանի շահառուներ։ Գլոբալիստական ուժերը քեզ օգտագործում են հակառուսական ստրիպտիզում, Թուրքիան ու Ադրբեջանն էլ խժռում են մեր ինքնիշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է պահել իր իշխանությունը, անգամ, եթե Հայաստանը գոյություն չունենա։ 

Էդգար Ղազարյան.ՀԷՑ-ի լիցենզիայի կասեցնելուց առաջ ՀԿԾՀ 5 անդամներից 3-ը եղել էին Թուրքիայում։ Հիմա եթե ՀԷՑ-ը հայ սեփականատիրոջից խլեցին, ո՞ւմ են վաճառելու։ Բացառվո՞ւմ է, որ կվաճառեն թուրքական ընկերության։ 

Սուրեն Սուրենյանց.- Կա՛մ Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու հարցում օտար լսարաններին հաշվետվություն է տալիս, ինչը նշանակում է, որ օտար շահառուներ կան Եկեղեցու դեմ արշավի մեջ, կա՛մ բաժանարար գծերը տանում է Սփյուռք։ Նիկոլ Փաշինյանը, ցավոք, գնալու է մինչև վերջ։ Սա նրան պետք է ոչ միայն զուտ Կաթողիկոսի հետ հաշվեհարդար տեսնելու կոնտեքստում։ Իրեն պետք է, որ մինչև 2026թ. ընտրական ցիկլի մեկնարկը ստանա հուսահատ, կոտրված, ոչ մի բանի չհավատացող ժողովուրդ։ Առնվազն փորձելու է Եկեղեցին պառակտել, ստեղծել զուգահեռ եկեղեցի, որ մեր հասարակությունը մինչև ընտրություններ որևէ տեսլական, հույս չտեսնի։

Մերձավոր Արևելքում տեղի է ունենում նոր ստատուս-քվոյի ձևավորում։ Հայկական ներկայությունը Մերձավոր Արևելքում պայմանավորված է Հայ Առաքելական եկեղեցով։ Ուզում են թուլացնել նաև հայկական գործոնը Մերձավոր Արևելքում, Իսրայելում։ 

Էդգար Ղազարյան.– Բրիտանական թանգարանում հատուկ ֆոնդ կա, որը գաղտնի է պահվում, որը միջոցներ է տրամադրում Բրիտանական թանգարանի համար նմուշներ ձեռք բերելու համար։ Պատկերացնո՞ւմ եք գեղարդի նյութական արժեքն այդ թանգարանի համար։ Ես վստահ եմ՝ Մատենադարանի տնօրենը նշանակվել է այն քանդելու համար։

Սուրեն Սուրենյանց.Քաղկալանավորումներով երկրում ի՞նչ հույս կարելի է կապել 2026-ի ընտրությունների հետ։ Այդ մարդիկ պատանդներ են։ Եթե կարծիք հայտնելու համար ազգային բարերար է փակված, հոգևորականներ են փակված, ո՞վ է այն հասարակ մարդը, որն աշխատանքը կորցնելու վտանգն աչքի առաջ՝ գնալու է նախընտրական հանդիպումների։ Դրանք չեն կարող լեգիտիմ ընտրություններ լինել: Մտավախություն ունեմ, որ 2026-ի ընտրությունները կդառնան Նիկոլ Փաշինյանի վերարտադրության լեգիտիմացման միջոցառում։ Կա՛մ այս անարդարությունները կվերացվեն, կա՛մ բոլորս միասին այդ ընտրություններով ակամայից մասնակցելու ենք Նիկոլ Փաշինյանի վերարտադրմանը։

Նիկոլի «ճշտով» Կաթողիկոս են ընտրում, ընտրական փուլում Նիկոլի «ճշտով» ընդդիմություն են ընտրելու, հետընտրական շրջանում՝ քաղաքացի։ Չի լինում այնպիսի բան, որ ունենաս քաղկալանավորումներ ու մրցակցային ընտրություններ։

Էդգար Ղազարյան.– Խնդրի լուծման իմ տարբերակը շարունակում է մնալ վարչապետին անվստահություն հայտնելու միջոցով՝ իմպիչմենտով փոփոխության հասնելը։ Նիկոլ Փաշինյանին ոչինչ չի խանգարում չգրանցել որևէ կուսակցություն, կամ գրանցել, հետո հանել ընտրապայքարից։

Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն առաջ է տանում Եկեղեցին քանդելու իր գործը: Մեկը կարող էր մտածել, որ թեմի առաջնորդը կարող է դուրս գալ Կաթողիկոսի դե՞մ։ Քայլ քայլ քանդում է: Այսինքն՝ դա հնարավո՞ր էր, բայց ՔՊ-ականների քվեարկելը իմպիչմենտի գործընթացում՝ անհնա՞ր: Հարցս ուղղված է խորհրդարանական ընդդիմությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս