Նիկոլ Փաշինյանի մատնությունը
Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) դեմ իշխանությունների սանձազերծած կեղտոտ արշավը շատերը պայմանավորում են Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ ունեցած անձնական հաշիվներով։ Ըստ այլ կարծիքների, տեղի ունեցողը պայմանավորված է 44-օրյա պատերազմից հետո նաև Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ Հայ Առաքելական եկեղեցու կողմից Փաշինյանի հրաժարականի պահանջով, որը վերջինս այդպես էլ չի կարողանում մոռանալ։
Այս, ինչպես և այլ վարկածներ, գոյության իրավունք ունեն։ Բայց վերջին իրադարձությունները վերջնականորեն ցույց են տալիս, որ Փաշինյանը պայքարում է ոչ թե Ամենայն Հայոց կաթողիկոսի կամ իրեն ոչ հաճո հոգևորականների, այլ հենց Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ որպես համակարգի։ Դրա ամենաթարմ ապացույցը նախօրեին հրապարակել է Նիկոլ Փաշինյանն անձամբ՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո» վերտառությամբ գրության մեջ՝ մատնելով ՀԱԵ-ի դեմ իր կողմից վարվող ասպատակության իրական դրդապատճառը։
Անհեթեթության գագաթնակետին հասնող այդ գրվածքում Փաշինյանն առաջարկում է փոխել ՀԱԵ-ի դարավոր կանոնակարգը և եկեղեցու կառավարումը հասցնել մոտավորապես կառավարությանն առընթեր որևէ ՊՈԱԿ-ի ղեկավարման մակարդակի։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի թիրախն իրականում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը չէ, նա նույնն անելու էր նաև այն դեպքում, եթե այսօր Կաթողիկոսի գահին լիներ պատմության մեջ ամենաանբասիր որևէ կաթողիկոս։
Նիկոլ Փաշինյանի իրական նպատակը Հայ Առաքելական եկեղեցու՝ որպես համահայկական կառույցի, վերացումն է այն տեսքով ու բովանդակությամբ, որը խանգարում է հայկականության, ազգայինի զրոյացման իր ծրագրին։ Եկեղեցին մնացել է ինստիտուցիոնալ վերջին միավորը, որն «իրական Հայաստանի հպարտ հարկատու քաղաքացուն» կարող է հիշեցնել, որ նա, այդուհանդերձ, ինքնություն ունի ու տարբերվում է որևէ կարգի ցորենը՝ էժանության պատճառով ոգևորությամբ անասնաբար որոճացող կենդանուց։
Գարեգին Երկրորդի անձը, կենսագրությունը, կենսակերպը եկեղեցու դեմ վարվող արշավի հետ իրականում որևէ աղերս չունի։ Բոլոր նրանք, ովքեր այսօր հանդես են գալիս իշխանության այս նողկալի արշավի դեմ, իրականում պաշտպանում են ոչ թե Գարեգին Երկրորդին ու հալածվող մյուս հոգևորականներին անձնապես, այլ հենց կառույցը՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին։ Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանին ընդհանրապես չեն հուզում Ամենայն Հայոց կաթողիկոսի ոչ անձը, ոչ կենսակերպը, ոչ առաքինություններն ու ոչ էլ արատները։ Նա լուծում է բովանդակային, ֆունկցիոնալ խնդիր՝ Հայ Առաքելական եկեղեցու հպատակեցման խնդիրը։
Եթե Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը համաձայներ համապատասխանել նրա «իրական Հայաստանի կաթողիկոսի» չափանիշներին, այսինքն՝ ընդուներ Փաշինյանի կողմից նախօրեին հրապարակված, բայց վստահաբար նրա գլխում շատ վաղուց ծագած «ճանապարհային քարտեզը», նա ոչ միայն կշարունակեր անխռով ծառայությունը Սուրբ Էջմիածնում, այլև ՔՊ-ի կողմից կհռչակվեր վերջին 1700 տարիների ամենաանբասիր Հայոց կաթողիկոսը։
Իշխանության ու Եկեղեցու միջև ծավալվող գործընթացը համակարգերի պայքար է։ Ընդ որում, Եկեղեցու դեմ Փաշինյանի հետ միասին պայքարում են Էրդողանը, Ալիևը, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն և այլք: Եկեղեցին դժվարությամբ, բայց դեռևս պայքարում է որպես համակարգ՝ չտրվելով տեղի ունեցողն անձնական դաշտ տեղափոխելու՝ իշխանության անգամ ամենալկտի սադրանքներին։
Ի տարբերություն ՀԱԵ-ի պաշտպանությամբ հանդես եկողների մեծամասնության, որոնք իրենց պաշտպանությունն արտահայտում են անձնական, հուզական, լալահառաչ և ամենևին ոչ համակարգային պայքարին բնորոշ մեթոդներով։
Հարություն Ավետիսյան
