Իրանի ճանապարհը փակվելու վտանգ կա, ու այս ֆոնին Նիկոլը Մեծամորում զառ է գլորում. Սուրեն Սուրենյանց

Այսօր առավոտյան Միացյալ Նահանգներն Իսրայելի հետ միասին հարձակում է գործել Իրանի Իսլամական Հանրապետության վրա։ Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ նախատեսվում է հարձակում Իրանի վրա։

Իրանցի վերլուծաբան Աբբաս Ջուման գրում է, որ ԶԼՄ-ները, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում են՝ գործողությունը ծրագրվել է մի քանի ամիս առաջ, իսկ դրա իրականացման թույլտվությունը տրվել է մի քանի շաբաթ առաջ։ «Եթե սա համապատասխանում է իրականությանը, ապա բանակցությունները կարող էին պարզապես ուշադրությունը շեղելու միջոց լինել»,- նշում է նա։

Ըստ Ջումայի՝ Թեհրանում հաստատված թիրախներն են՝ Իրանի հետախուզության նախարարությունը, Իրանի պաշտպանության նախարարությունը, Գերագույն առաջնորդի գրասենյակը և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը։

Ի՞նչ զարգացումներ կարող են լինել Իրանի շուրջ, Հայաստանին ի՞նչ վտանգներ են սպառնում։

Կարդացեք նաև

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը խոսելով այս հարցերի շուրջ, նկատեց՝ այստեղ հարցն այն է, թե այս գործողությունները կավարտվեն խորհրդանշական հարվածներո՞վ, թե՞ կլինի երկարատև պատերազմ։

«Այս պահին դժվար է կոնկրետ կանխատեսումներ անելը, բայց Միացյալ Նահանգների և Իսրայելի պաշտոնյաների հայտարարությունները, ցավոք, լավատեսություն չեն ներշնչում։

Իրանում կարծես թե ռեժիմը փոխելու ակնարկներ կան, քանի որ Թրամփը կոչ է անում, որ Իրանի Իսլամական հեղաափոխության պահապանների կորպուսը դիմադրություն ցույց չտա, և այլն։  Այդուհանդերձ, ցանկացած պարագայում՝ այս հարձակումը կարճաժամկետ կլինի, թե երկարաժամկետ՝ Հայաստանի համար կարող է անվտանգության ռիսկեր առաջանան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Սուրենյանցը։

Ըստ քաղաքագետի, տուրբուլենտ իրավիճակներում միշտ էլ այն երկրները, որոնք անվտանգության տեսակետից շատ խոցելի են, հայտնվում են լրացուցիչ ծանր ավտանգային ռիսկերի ճնշման տակ։

Նա չի բացառում, ո,ր եթե Իրանի դեմ հարձակումները շարունակվեն, Ադրբեջանը հանգիստ կարող է օգտվել իրավիճակից։

«Ադրբեջանը կարող է Հայաստանի նկատմամբ պահանջները կոշտացնել, եթե չասեմ՝ գնա ինչ-որ գործողությունների։

Եթե Իրանի դեմ պատերազմը երկարատև լինի, ապա Իրանի ճանապարհը կփակվի, որով Ադրբեջանը կապվելու է Նախիջևանի հետ, որից հետո Ադրբեջանի մոտ «գայթակղություններ» կառաջանան Հայաստանից ինչ-որ բաներ պահանջելու։

Կարող է առաջանալ հումանիտար ճգնաժամ՝ Իրանում մենք ունենք տասնյակ-հազարավոր հայրենակիցներ, նրանց խնդիրը պետք է կարգավորվի, եթե երկարատև պատերազմ լինի։ Ես չեմ խոսում այն մասին, որ երկարատև պատերազմի դեպքում սահմանն անցնելու փորձեր կանեն հազարավոր մարդիկ։

Այսօրվա Իրանն իր դիրքորոշումներով էապես նպաստում էր Հայաստանի անվտանգային համակարգի կայունացմանը, հիմա Հայաստանը զրկվում է իր այդ անվտանգության բաղադրիչից»,- հավելեց Ս. Սուրենյանցը։

Քաղաքագետի խոսքով՝ Իրանում սկսված գործընթացների ֆոնին ՀՀ իշխանությունը ոչինչ չի անում՝ սեփական երկրի անվտանգության համար։

«Իրանում պատերազմի ֆոնին Նիկոլը Մեծամորում զառ է գլորում, Իրանին հասցվող առաջին հարվածներին զուգահեռ՝ այդ մարդը Մեծամորում քաղաքացիների հետ նարդի էր խաղում։ Ցավոք, գործ ունենք ոչ ադեկվատ իշխանությունների հետ, վստահ չեմ, որ սրանք «Պլան-Ա» կամ «Պան-Բ» ունեն, եթե հարևան Իրանում էսկալացիան խորանա։

Ինչ վերաբերում է ՀՀ անվտանգության երաշխքներին և իշխանությունների կողմից ԱՄՆ-ից ունեցած սպասելիքներին, ապա Միացյալ Նահանգները Հայաստանին անվտանգության երաշխիքներ չի տվել, և այդ TRIPP-ը ո՛չ Հայաստանի մասին է, ո՛չ էլ Ադրբեջանի, այլ Կենտրոնական Ասիայի ռեսուրսներն Իրանը և Ռուսաստանը շրջանցելով՝ Եվրոպա հասցնելու մասին է։

TRIPP-ը Միացյալ Նահանգները հանգիստ կարող է ստանալ, նույնիսկ առանց որևէ անվտանգային երաշխքներ Հայաստանին տալու։ Խաղաղությունը ցանկություն ու հայտարարություն չէ, այլ բալանս է, միջազգային երաշխքներ ու վերահսկողական մեխանիզմեր են, իսկ TRIPP-ն այս ձևով նման երաշխիքներ Հայաստանի համար չի ստեղծում։ Պետք է Միացյալ Նահանգների հետ բանակցեին TRIPP-ն ավելի բարենպաստ դարձնելու համար»,-ընդգծեց Սուրեն Սուրենյանցը։

Տեսանյութեր

Լրահոս