«Բարձրարժեք կատակերգության կարիք կար». «Կնոջս անունը Մորիս է» կատակերգության պրեմիերան՝ Հակոբ Ղազանչյանի 65-ամյակին
Հուլիսի 3-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում պրեմիերա էր՝ բեմ բարձրացավ ֆրանսահայ թատերական ռեժիսոր և գրող, կինոռեժիսոր, սցենարիստ և կոմպոզիտոր Րաֆֆի Շարտի «Կնոջս անունը Մորիս է» կատակերգությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ։
Սա սովորական պրեմիերա չէր, այլ հոբելյանական: Այդ օրը լրանում էր Հակոբ Ղազանչյանի ծննդյան 65-ամյակը, ու թատրոնի տնօրինությունն ամեն ինչ այնպես էր կազմակերպել, որպեսզի հենց այդ հոբելյանական օրը բեմ բարձրանա նրա բեմադրած ներկայացումը։
Ներկայացումից առաջ Հակոբ Ղազանչյանը բեմից խոստովանեց՝ երբեք չի սիրել հոբելյաններ, դրանց միշտ սարկազմով է վերաբերվել, սակայն այս պահին կենտրոնացել է ոչ թե հոբելյանի վրա, այլ ներկայացման, որպեսզի հանդիսատեսին ներկայացվի պարզ կատակերգություն։
Արդեն պրեմիերայից հետո, լրագրողների հետ զրույցում Հ. Ղազանչյանն ասաց, որ Րաֆֆի Շարտի ստեղծագործությունը մոտ 20 տարի առաջ էլ էր բեմադրել։
«Բարձրարժեք կատակերգության կարիք կար, հիշեցի այս աշխատանքի մասին։ Ֆրանսահայ մեր հայրենակիցը՝ Րաֆֆի Շարտը, տեսել էր մեր նախորդ ներկայացումը, մեծ ուրախությամբ նորից համաձայնեց, որպեսզի այն նորից Հայաստանում բեմադրենք։ Ներկայացումը բեմադրեցինք, և այնպես ստացվեց, որ թատրոնի տնօրենի հետ երբ որոշում էինք օրը, բացեց ցանկը և ասաց, որ պրեմիերան կլինի հուլիսի 3-ին, մտքումս ասացի, որ սա երևի նշան է, հատուկ է այսպես։
Հոբելյան նշելու ո՛չ տրամադրություն, ո՛չ միտք չկար, ուղղակի առիթն օգտագործվեց, հրատարակվեց փոքր գիրք-ալբոմ, որտեղ հնարավորինս կարողացանք ներկայացնել իմ լավագույն աշխատանքները՝ կարիերայի սկզբից մինչև հիմա, ներառված են նաև այլ նյութեր։ Խոստովանեմ, որ նույնիսկ այս ձևաչափի մեջ եմ ինձ շատ վատ ու անհարմար զգում»,- նշեց Հակոբ Ղազանչյանը։
Տարիների հեռվից Հակոբ Ղազանչյանը հիշում է առաջին բերադրած ստեղծագործությունը՝ 1982 թվականն էր, Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներն» է եղել, որի բեմադրությունը ստացավ «Չապրած տարիներ» անունը. ինքն էր այդպես առաջարկել Վարդգես Պետրոսյանին։ Դրանից հետո Վարդգես Պետրոսյանի և Հակոբ Ղազանչյանի միջև սկսվեց հետաքրքիր մտերմություն։
Ինչ վերաբերում է ստեղծագործական երազանքներին և ներկայացումներին, որոնք Հակոբ Ղազանչյանը համարում է լավագույնները, ապա հոբելյարը խոստովանում է՝ կան ներկայացումներ, որոնք սիրել է, տարբեր ժամանակներում տարբեր ներկայացումներ են եղել։
«Արիստոֆանեսի «Ամպեր» ներկայացումն ինձ համար շատ նշանակալից եղավ, որից հետո ինձ հրավիրեցին Մակեդոնիա՝ Ամֆիթատրոնում բեմադրելու, և Կրովայում՝ Ռումինիայի հայտնի թատերական մայրաքաղաքը, որտեղ ընթանում էր աշխարհի ամենախոշոր շեքսպիրյան փառատոնը»,- պատմեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
Կա՞ մի ստեղծագործություն, որը լուսահոգի Երվանդ Ղազանչյանը ցանկանում էր, որ որդին բեմադրի, սակայն դեռ չի բեմադրել, Հակոբ Ղազանչյանը պատասխանեց՝ նման գործ չի եղել, բեմադրել է այն, ինչն անձամբ է հավանել։
«Եղել են դեպքեր, երբ պիեսը չեմ հավանել, բայց պարտավորված էի այն բեմադրել։ Սակայն հիմնականում այդպիսի «դիկտատ» չի եղել։
Յուրաքանչյուր արվեստագետ ինքնուրույն մարդ է, եթե ինքնուրույն չեղավ, անհասկանալի է, թե ինչ կլինի։ Շատ դեպքեր կան, որ որդիներն իրենց հայրերի նման չեն եղել, վիճել են, ես էլ շատ եմ վիճել, բաներ են եղել, որ չեմ հավանել, իրեն ասել եմ, իհարկե, իմ ասածներն ավելի հիվանդագին էր ընդունում, բայց սա նորմալ է։
Վերջին հաշվով ի՞նչ է բեմը, թատրոնը, ո՞րն է ռեժիսորի աշխատանքը, ինչպե՞ս են տեսնում ստեղծագործությունն այս համատեքստում, դու կարող ես տեսնել այս կերպ, ուրիշն՝ այլ կերպ, տարօրինակ բան չկա»,- ընդգծեց նա։
Առաջիկա ծրագրերի մասին Հակոբ Ղազանչյանը շատ չխոսեց, միայն ասաց, որ մեծ միջազգային ծրագիր կա ներկայացնելու, և խոստացավ՝ մի օր մեծ հարցազրույց կտա և այդ մասին մանրամասն կխոսի։
Հակոբ Ղազանչյանի դուստրը՝ դերասանուհի Մարիամ Ղազանչյանը, ներկայացումում առանցքային հերոսուհիներից մեկին՝ Կատրինին էր մարմնավորում: Իսկ ներկայացումից հետո լրագրողների հետ զրույցում փոխանցեց, որ մեծ սիրով ու հետաքրքրությամբ են աշխատել։
«Երբ թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը որոշեց, որ պրեմիերան պետք է հայրիկի ծննդյան օրը լինի, և սա պետք է նրան նվեր լինի, ավելի ոգևորվեցինք։ Ինչ խոսք, հաճելի էր, ինձ համար՝ առավել ևս։
Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ հայրիկին համարում եմ իմ ուսուցիչը, հիմա սիրով նորից կկրկնեմ։ Վերջին շրջանում միմյանց հետ քիչ ենք աշխատում, ու շատ լավ առիթ էր այս ներկայացումը, որովհետև իսկապես կարոտել էի իր հետ աշխատելուն։
Հայրիկիս առողջություն եմ մաղթում, բուռն ստեղծագործական կյանք, մեր կյանքից անպակաս լինի»,- ասաց Մարիամ Ղազանչյանը։