Թրամփն իրանական Խարգ կղզին ռմբակոծելու հրամանը տվել է «հուսահատությունից դրդված»․ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր
Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ռոբերտ Փեյփը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանական Խարգ կղզին ռմբակոծելու հրամանը տվել է «հուսահատությունից դրդված»։
«Դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում որևէ մեկի, առավել ևս՝ Դոնալդ Թրամփի մտքում։ Սակայն ես հակված եմ կարծելու, որ նա փորձում է վերականգնել իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը, որն իր ձեռքից սահում է ժամ առ ժամ, օր օրի», – նշել է Փեյփը։
Ըստ պրոֆեսորի՝ այն, ինչ Թրամփը սկսել էր որպես մի քանի օրվա համար նախատեսված ռազմավարություն, կարող է շատ ավելի երկար տևել։
«Նա կարծում էր, թե կհասնի ռեժիմի փոփոխության, և որ Իրանի ղեկավարությունը փլուզվելու է թղթե տնակի պես, բայց ավելի ուշ նա ասել է, որ զարմացած է, որ նրանք չփլուզվեցին», — ասել է պրոֆեսոր Փեյփը։
Թրամփն այժմ հասկացել է, որ թեև ինքը տակտիկապես հաջողակ էր, սակայն ռազմավարական առումով ձախողվել է, և այժմ նոր մարտավարական ծրագրեր է փնտրում, հավելել է ամերիկացի փորձագետը։
«Խարգ կղզու գրավման կամ ծովային հետևակայինների ներգրավման հետ կապված խնդիրն այն է, որ մարտավարական առումով դա ավելի թանկ կլինի. ԱՄՆ-ն ժամեր շարունակ իր զինվորներին հարվածի տակ կդնի, ինչը նրանց համար կարող է վերածվել իսկական «հրե անձրևի»։ Ռազմավարական տեսանկյունից սա հաղթական լուծում չի թվում։ Ընդհակառակը՝ տպավորություն է, թե նրանք պատրաստվում են շուկայից նավթի զգալի պաշարներ հանել, ինչը կհանգեցնի առաջարկի նվազման և գների բարձրացման», – հավելել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր իրանական Խարգ կղզում տեղակայված ռազմական օբյեկտները ռմբակոծելու հրաման տալու մասին։ Քիչ անց իրանական լրատվամիջոցները հաստատել են ԱՄՆ զինված ուժերի կողմից կղզուն հասցված հարվածների փաստը։



