Ինչո՞ւ է Ադրբեջանը փակ պահում իր ցամաքային սահմանները
Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմի ժամկետը հերթական անգամ երկարաձգվել է մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը: Այսինքն, մոտ 6 տարի կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով Ադրբեջանը հարևանների հետ իր ցամաքային սահմանները փակ է պահում:
Օրերս Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն անդրադարձել է ցամաքային սահմանները փակ պահելու նպատակահարմարությանը, և, ըստ էության, իրական պատճառին:
«Անցյալ շաբաթ միջադեպ է տեղի ունեցել` կապված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքի ուղղությամբ Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման հետ։ Այդ տհաճ պատահարի արդյունքում ադրբեջանական հասարակությունը և միջազգային հանրությունը մեկ անգամ ևս համոզվեցին, որ նախագահ Իլհամ Ալիևն ուժեղ առաջնորդ է, ով ապահովում է իր ժողովրդի անվտանգությունը։ Հավելեմ, որ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան հիմնավորված ու անհրաժեշտ է Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ պահելու որոշումը։ Սա միևնույն ժամանակ նախագահի հեռատես ու իմաստուն պետական քաղաքականության հերթական հաստատումն է»,– հայտարարել է նա։
Նշենք, որ այդ օրերին Թուրքիայի արտաքին գործերի նախարարը զգուշացրել էր, որ Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրող սցենարները հանգեցնելու են փախստականների մեծ հոսքի հարևան երկրներ և դրանից դուրս:
Այսինքն, Ալիևը բոլոր հնարավոր մեթոդներով փորձում է ապահովել երկրի անվտանգությունը և, ինչո՞ւ չէ, զերծ մնալ երկրի ներսում տարբեր բնույթի բախումներից, այդ թվում՝ միջէթնիկ, դավանաբանական: Թե ինչ են անում Հայաստանում, ավելորդ է խոսել:



