Հայաստանը խորապես գնահատում է Գերմանիայի աջակցությունը Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերին. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական ուղերձով և Գերմանիայի ժողովրդին մաղթել խաղաղություն ու բարեկեցություն։

Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կշարունակի ընդլայնվել Հայաստանի և Գերմանիայի միջև համակողմանի փոխգործակցությունը՝ ուղղված երկու ժողովուրդների բարեկամության և բարօրության ամրապնդմանը:

«Հայաստանն ու Գերմանիան կապված են ոչ միայն միջպետական ամուր կապերով, այլև հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության հանդեպ ընդհանուր հանձնառությամբ: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են վստահության և փոխադարձ հարգանքի վրա»,- նշել է փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանն արձանագրել է նաև վերջին տարիներին երկու երկրների համագործակցության հետևողական առաջընթացը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և նշել, որ Հայաստանը խորապես գնահատում է Գերմանիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին։

Նա բարձր է գնահատել նաև Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, կայուն զարգացմանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը: Այս համատեքստում Գրիգորյանը ընդգծել է Գերմանական միջազգային համագործակցության գործակալության և Վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնահերթ ոլորտներում տարիներ շարունակ իրականացվող զարգացման ծրագրերի կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս