
Կստանանք երկաթուղի Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ, որը շատ կարևոր լոգիստիկ ուղի կդառնա. Փաշինյան

«Մենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր գործընկերությունը և տնտեսական գործակցությունը խորացնելու պայմանավորվածություն և ծրագրեր ունենք: Նաև տարածաշրջանների բացման արդյունքում մենք կստանանք երկաթուղի Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ, որը շատ կարևոր լոգիստիկ ուղի կդառնա, ինչը մեր տնտեսական գործակցության հնարավորություններն էականորեն կմեծացնի»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ բավականին լավ տեմպերով կառուցվում է նաև Հյուսիս-հարավ ճանապարհը:
«Երկաթուղին կմեծացնի Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության, բայց նաև Ադրբեջանի տարանցման պոտենցիալը, որովհետև այդ երկաթուղին անցնելու է Հայաստանի, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջով, և սա կարող ենք պատկերացնել, թե ինչ հնարավորություններ կստեղծի, այսինքն՝ մեր պլանն այն չէ և չի էլ կարող լինել, որ եկեք այնպես անենք, որ Հայաստանի և Իրանի տարանցիկ նշանակությունն աճի, Նախիջևանինը չաճի, նման հնարավորություն երկաթուղու դեպքում չկա: Եվ դա ճիշտ ձևակերպված խնդիր չէ, առավել ևս խաղաղության և տարածաշրջանային համագործակցության պայմաններում:
Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- ասաց Փաշինյանը: