Թուրքիան քննարկում է նոր երթուղու հարցը դեպի Նախիջևան, որպեսզի ՀՀ-ով շարժը նվազագույնի հասցնի. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ադրբեջանում Կարմիր խաչի առաքելության դադարեցմանը՝ այն համարելով մտահոգիչ գործընթաց, քանի որ  Կարմիր խաչը փաստացի միջազգային միակ կազմակերպությունն էր, որ հնարավորություն ուներ այցելելու Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին, տեղում հասկանալու նրանց վիճակը՝ առողջականից մինչև հոգեբանական, Կարմիր խաչի միջոցով էր տեղի ունենում նաև հարազատների հանձնուքների տրամադրումը։

«Սա զսպող միջոց էր՝ գերիների նկատմամբ բռնության դրսևորումները նվազեցնելու»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ Բաքուն հաստատել է 23 հայերի ներկայությունն այնտեղ, սակայն փաստական տեղեկությունների և հիմնավորումների համաձայն, ըստ էության, այդ թիվը մոտ 8 տասնյակ է:

Անդրադառնալով խաղաղության օրակարգի տրամաբանության համատեքստում 2026 թվականին ռազմական բյուջեն չավելացնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Տիգրան Աբրահամյանն ուշադրություն հրավիրեց, որ նույն ժամանակ Ալիևը հակառակ հայտարարությունն է արել:

«Հետաքրքիր զուգադիպությամբ՝ այդ հայտարարության կամ հաջորդ օրը օկուպացված Քարվաճառի շրջանում Ադրբեջանի նախագահը խոսում էր ճիշտ հակառակի մասին։  Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը  հայտարարեց, որ միջազգային իրավունքում և միջազգային հարաբերություններում շարունակում է կարևոր գործոն մնալ ուժի կիրառումը: Եվ, ըստ էության, նա թափանցիկ ակնարկ արեց, որ ուժի գոյությունն ու ադրբեջանական բանակի հնարավորություններն են թույլ տվել Արցախի հարցը լուծել իրենց օգտին, ավելին, Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ  որևէ երաշխիք չկա, որ պրոցեսն ամբողջությամբ  կհանգուցալուծվի և ռազմական գործողությունների կամ ուժի կիրառման անհրաժեշտություն չի լինի»,- մանրամասնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ շեշտելով, որ 44-օրյա պատերազմից, դրանից հետո Հայաստանի դեմ կատարված ռազմական ագրեսիայից հետո ՀՀ զինված ուժերը  վերականգնման մեծ փուլ ունի անցնելու  և այս պարագայում  ռազմական բյուջեի չավելացման մասին, դրա անհրաժեշտությունը չլինելու մասին հայտարարություն անելը տրամաբանական չէ։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է վաշինգտոնյան փաստաթղթերին և «Թրամփի ուղի» նախագծին, ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Թուրքիան հիմնականում քննարկում է նոր երթուղու հարցը դեպի Նախիջևան, որպեսզի ՀՀ-ով շարժը նվազագույնի հասցնի:

«Սա այն դեպքում, երբ կար երթուղի՝ Մեղրիից Նախիջևանով հասներ Երասխ, այնտեղից՝ Գյումրի, և Գյումրիից մուտք գործեր… Այսինքն, վերականգնվեր այն գիծը, որը նախկինում եղել է: Բայց Ադրբեջանի  և Թուրքիայի իշխանություններն ամեն ինչ անում են, որ առևտրաշրջանառության մեծ մասն  իրենց տարածքով կազմակերպեն»,- մանրամասնեց Տիգրան Աբրահամյանը:

Հավելենք, որ 168.amգրել է, որ «Թրամփի ուղի» նախագծի կամ «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում անտեսվում է Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը»,քանի որ խոսվում է Նախիջևանի հետ կապ ապահովելու համար Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գիծ կառուցելու մասին, որտեղ Գյումրիի մասին խոսք չկա, թեպետ «Խաղաղության խաչմերուկում» խոսքը հենց Գյումրի-Ախուրյան երկաթգծի վերականգնման մասին է:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս