Միլիոնավոր դրամների 5 դրամաշնորհ՝ 1 տարում․ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն այս անգամ էլ խողովակաշար կփոխի
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դեկտեմբերի 4-ին ընթացիկ տարում արդեն 5-րդ դրամաշնորհն է հատկացրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին։
28 միլիոն դրամ պետական ֆինանսական աջակցությամբ հիմնադրամն իրականացնելու է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հրատապ լուծում պահանջող աշխատանքներ, ի մասնավորի՝ Սևան համայնքի կոլեկտորի խողովակաշարի` Վարսեր բնակավայրի տարածքում գտնվող հատվածի փոխարինում։
Այս տարի հիմնադրամին նախարարության կողմից հատկացվել է ևս 4 դրամաշնորհ՝ մաքրման կայանների պահպանություն միջոցառման համար պետությունից ստանալով շուրջ 17 միլիոն դրամ, համայնքների պոլիկլինիկաների տեխնիկական վերազինման համար՝ 7 միլիոն 370.000 դրամ, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում՝ մի քանի բնակավայրերին առնչվող միջոցառման համար՝ 900.680.300 դրամ, և ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հրատապ լուծում պահանջող աշխատանքների համար՝ 50 միլիոն դրամ։
Նշենք նաև՝ 2022 և 2023 թվականներին այս գերատեսչությանն ուղղվել են միլիոնավոր դրամների 3-ական դրամաշնորհներ։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն ունի տասնյակ տարիների պատմություն, բայց դրամաշնորհի գնման ընթացակարգով հսկայական միջոցների տրամադրումը մեկնարկել է 2022 թվականից սկսած։
2023 թվականի հուլիսից հիմնադրամը տնօրինում է նախկիններից նախկին Սարգիս Բաղինյանը, որը թավշյա իրողություններից հետո դարձյալ համալրել էր գործադիր իշխանությունը, իսկ 2023 թ․-ից արդեն՝ հիմնադրամի տնօրենի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է մարզային այցերի ժամանակ։
Սարգիս Բաղինյանն աշխատել է նախ՝ Տիգրան Սարգսյանի, ապա՝ Հովիկ Աբրահամյանի հետ։ 2021 թվականին նա ստանձնել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդականի պաշտոնը։