
Գեներալներից մի՛ պահանջեք այն, ինչ նրանք չեն կարող անել. Մովսես Հակոբյան
Ազատության հրապարակ Միասնության հավաքին եկած ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ մեր բանակն առկա ուժերով ի վիճակի է եղել դիմակայել 2020 թվականի 44-օրյա պատերազմին, իսկ թե արդյո՞ք այսօր ի վիճակի է, տեղյակ չէ:
«Ես տալիս եմ գնահատական նրան, ինչին ունակ եմ: Ես գտնում եմ, որ մեր պարտության հիմնական գրավականը կառավարման թերի կազմակերպումն է եղել»,- ընդգծեց գեներալը:
Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե Արցախի էջը չփակենք, խաղաղություն չի լինի, Մովսես Հակոբյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մեր հասարակության ճշգրիտ արտացոլումն է:
«Մարդ, որն ընտրվել է 2020 թվականի պարտությունից հետո, դա արտացոլում է հայ ժողովրդի իրական մտածելակերպը: Եվ երկրի ղեկավարն անում է այն, ինչ ժողովրդին դուր է գալիս»,- նկատեց Հակոբյանը՝ հավելելով, որ, իհարկե, միշտ պետք է ձգտել խաղաղության:
«Խաղաղության պետք է ձգտել, բայց ձգտելու միակ ձևը պատերազմին պատրաստ լինելն է, դրան դիմակայելը: Եթե որևէ մեկին թվում է՝ որևէ թուղթ կամ պայմանավորվածություն խաղաղության կբերի…, դա բաղադրիչ է, բայց դա հիմնականը չէ: Հիմնական խաղաղությունը քո հասարակության դիմակայությունն է առկա վտանգներին»,- նշեց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետը:
Ինչ վերաբերում է գեներալների անելիքին այսօրվա իրավիճակում, որում հայտնվել է երկիրը, Մովսես Հակոբյանը նախ ասաց, որ ոչ թե շատ գեներալներ ունենալու փաստից պիտի հպարտանալ, այլ շատ զինվորներ ունենալու, քանի որ գեներալն ընդամենը միտք ձևավորող է, հաղթանակ բերողը 18 տարեկան երիտասարդն է:
«Մի՛ հպարտացեք շատ գեներալներ ունենալով, և մի պարտադրեք գեներալներին անել այն, ինչին իրենք ունակ չեն»,- ընդգծեց Հակոբյանը՝ նշելով, որ այս կամ այն գեներալն այդ կոչումը ստացել է իր զինվորական անցած ուղու ընթացքում, դրա համար կամ ինչ-որ գործողության:
Այս համատեքստում Մովսես Հակոբյանն անդրադարձել է Արցախի առաջին պատերազմի ժամանակ Շուշիի ազատագրմանը կամ գրավմանը և նշել, որ օպերացիան հաջողվեց, որովհետև չկար գեթ մեկ հայ, հատկապես՝ արցախցի, որ չէր ցանկանում մասնակցել Շուշիի գրավմանը:
«Դա է եղել մենակ գրավականը, ուրիշ ոչ մի գրավական չի եղել: Թե չէ հակառակորդը մեզ գերազանցել է 10 անգամ, մենք եղել ենք շատ վատ դիրքերում, իրենք եղել են առավելություն ունեցող դիրքերում»,- շեշտեց նա՝ հավելելով, որ նույնը վերաբերում է արցախյան ողջ գոյամարտին:
Մանրամասները՝ տեսանյութում