Արցախահայերի համար սպասելի էր, որ Ադրբեջանն Արցախն ամբողջությամբ օկուպացնելուց հետո, ամեն ինչ կանի հայկական հետքը ջնջելու համար, քանի որ սա է Ադրբեջանի ձեռագիրը։ Սակայն նրանց համար անհասկանալի ու աբսուրդային է ՀՀ ղեկավարի հայտարարությունը, որ չի փորձելու Ադրբեջանի մշակութային ցեղասպանության մասին հարցը պետական մակարդակով դարձնել քննարկման առարկա։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ Հովիկ Ավանեսովի համար զարմանալի չէ, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի և Ալիևի կողմից նախաստորագրված «Խաղաղության պայմանագրի» փաստաթղթում որևէ կետ չկա՝ ինչպես Բաքվում պահվող հայ գերիների, պատանդների, այնպես էլ՝ Արցախում Ադրբեջանի կողմից ոչնչացվող հայկական մշակութային ժառանգության պահպանության ու արցախահայերի՝ Արցախ վերադառնալու մասին։
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանում հայատյացությունն ու հայերի նկատմամբ ատելության խոսքի տարածումը տեղի է ունենում պետական մակարդակով։