
Արևմտյան պատժամիջոցները միջամտություն են պետության ներքին գործերին. Ղրղզստանի նախագահ

Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառում ղրղզական բանկերի դեմ ոչ թե այն պատճառով, որ նրանք ինչ-որ սխալ բան են արել, այլ միայն նախկին խորհրդային հանրապետության զարգացումը դանդաղեցնելու համար։ Այս մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը «Քաբար» պետական գործակալությանը տված հարցազրույցում։ Նա նաև հավելել է, որ դրա հետևանքով «երկիրը չի փլուզվի», և կյանքը կշարունակվի նույնիսկ պատժամիջոցների ճնշման տակ։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել էր «Կենտրոնա-ասիական Կապիտալ բանկի» դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Որպես պատճառաբանություն նշվել էր, որ այս ֆինանսական հաստատությունը, իբր, կարող է նպաստել արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցմանը։ Հունվարին հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել ղրղզական «Քերեմեթ բանկի» դեմ։
«Արևմուտքը տեսնում է, որ Ղրղզստանի տնտեսությունը բարձր տեմպերով է աճում: Օրինակ՝ մեր ՀՆԱ-ն աճել է 11.7%-ով, մենք առաջատար դիրքերում ենք ԱՊՀ երկրների շարքում: Կարծում եմ՝ հենց դրա համար էլ մեզ վրա ճնշում է գործադրվում: Ի վերջո, մեծ տերությունները չեն ցանկանում, որ մյուս երկրները արագ զարգանան: Նրանք նախընտրում են, որ բոլորը նայեն իրենց և կախված լինեն իրենցից», – ասել է Ղրղզստանի նախագահը:
Մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից Ղրղզստանի առանձին բանկերի նկատմամբ կիրառված պատժամիջոցները՝ նախագահ Ժապարովն ասել է, որ չկա ոչ մի փաստ, որը կհաստատի ղրղզական ֆինանսական հաստատությունների մասնակցությունը Ռուսաստանի նկատմամբ արևմտյան սահմանափակումները շրջանցելու գործում: Ղրղզստանի նախագահն արևմտյան երկրների այսօրինակ գործողությունները գնահատել է որպես տնտեսության քաղաքականացման դրսևորում:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ պատժամիջոցների ներդրման «ազդակները» գալիս են Ղրղզստանի արևմտամետ ուժերից:
«Մենք շատ լավ գիտենք, թե որտեղից են այս տվյալները։ Այս տեղեկատվությունը գալիս է տեղական ՀԿ-ներից և մեր ներքին ոչ բարեկամներից, որոնք անանուն կեղծ տեղեկություններ են ուղարկում այնտեղ։ Եվ հետո, այս կեղծ տեղեկատվության հիման վրա, նրանք մեզ ներառում են պատժամիջոցների ցուցակում։ Բայց նրանք նույնիսկ չեն կարողացել որևէ ապացույց ներկայացնել», – ընդգծել է Ղրղզստանի ղեկավարը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելուց հետո առաջին փոխվարչապետ Դանիյար Ամանգելդիևը հրավիրել է Ղրղզստանում ԱՄՆ դեսպան Լեսլի Վիգերիին և հարցրել, թե ինչ է կատարվում։ Դիվանագետը պատասխանել է, որ այդ մասին տեղյակ է OFAC-ը (Office of Foreign Assets Control – օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակ)։ Դրանից հետո Ամանգելդիևի գլխավորած պատվիրակությունը այցելել է ԱՄՆ և հանդիպել OFAC-ի ներկայացուցիչների հետ։
Սակայն նույնիսկ այս ստորաբաժանումը չի կարողացել ներկայացնել որևէ կոնկրետ փաստ, միայն ասելով, որ իբր որոշակի տվյալներ ունի։ «Ուրեմն ես կդիմեի այդ երկրների բարձրագույն ղեկավարությանը՝ Դոնալդ Թրամփին և Կիր Սթարմերին։ Հնարավոր է՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները չեն ստանում տեղեկատվությունը»,- ընդգծել է Ժապարովը։
Նա կոչ է արել չքաղաքականացնել տնտեսությունը, քանի որ խոսքը Ռուսաստանում աշխատող և հայրենիքում իրենց ընտանիքներին պահող ղրղզների եկամուտների մասին է։
«Ռուսաստանում մենք ունենք մոտ մեկ միլիոն միգրանտ, որոնք ամեն օր միլիարդավոր ռուբլի են փոխանցում այստեղ։ Այս միջոցները պետք է փոխարկվեն և տրամադրվեն դրանց հասանելիություն ունեցող մարդկանց», – ասել է Ղրղզստանի ղեկավարը։
Խոսելով որոշակի երկրների վրա ճնշում գործադրելու առումով պատժամիջոցների անարդյունավետության մասին՝ Ժապարովը որպես օրինակ է բերել Ռուսաստանը, որտեղ վերջին տարիներին կտրուկ աճել է տեղական արտադրության և գյուղատնտեսության մակարդակը։ Ժապարովի խոսքով, Ռուսաստանից արտահանվում են ապրանքներ, որոնք նախկինում ներմուծվող էին, իսկ ռուսական գազն ու նավթը նախկինի պես վաճառվում են ամբողջ աշխարհում։
«Ռուսաստանը դրանից չի տուժի։ Անկեղծ ասած՝ նաև «Կապիտալ բանկը»։ Այն, ինչպես նախկինում, կգործի ֆինանսների նախարարության վերահսկողության ներքո և շահույթ կբերի պետությանը։ Իհարկե, պատժամիջոցները հետևանքներ ունեն որոշակի ոլորտներում։ Բայց դա չի նշանակում, որ երկիրը կփլուզվի։ Մենք վերլուծում և տեսնում ենք այս ամենը։ Արևմտյան երկրները, որոնք պատժամիջոցներ են կիրառում, նույնպես հասկանում են դա», – ասել է Ժապարովը։
Նա հատուկ ընդգծել է, որ Ղրղզստանն իրավունք ունի համագործակցել Ռուսաստանի հետ՝ ելնելով իր շահերից, քանի որ արևմտյան երկրները նույնպես շարունակում են առևտուր անել Ռուսաստանի Դաշնության հետ: Մասնավորապես, 2024 թվականին Եվրամիության անդամ երկրները Ռուսաստանի հետ առևտուր են կատարել 141 միլիարդ դոլարի չափով: Իսկ Մեծ Բրիտանիան, որը պատժամիջոցներ է կիրառել ղրղզական բանկի դեմ, ինքն էլ 2024 թվականին Ռուսաստանի հետ առևտուր է կատարել 2,2 միլիարդ դոլարի չափով:
Եզրափակելով՝ Սադիր Ժապարովը նշել է, որ արևմտյան պատժամիջոցները չեն համապատասխանում գործընկերության ոգուն, նման քայլերը կարելի է դիտարկել որպես միջամտություն պետության ներքին գործերին: Նա նաև նշել է, որ թույլ չի տա, որ Ղրղզստանի քաղաքացիների շահերը և երկրի առևտրատնտեսական զարգացումը տուժեն: Հետևաբար, նույնիսկ պատժամիջոցների ճնշման տակ առօրյա կյանքը կշարունակվի, բնականաբար՝ միջազգային պարտավորություններին համապատասխան:
Ավելի վաղ Սադիր Ժապարովը հայտարարել էր, որ արևմտյան երկրների կողմից Բիշքեկին ուղղված խնդրանքները՝ դադարեցնելու Մոսկվայի հետ համագործակցությունը, պայմանավորված են Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի ատելությամբ: