«Ահաբեկչության» գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա այլ նստավայրի այլ դահլիճում

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մեկնարկում է Բագրատ սրբազանի և ևս 15 հոգու մասնակցությամբ, այսպես կոչված, «ահաբեկչության» գործով դատական նիստը:

Այս գործով, բացի Բագրատ սրբազանից, կալանավորված են նաև Տավուշի թեմը ներկայացնող Լիդյա Մանթաշյանը, արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանը, 44-օրյա պատերազմի նահատակ Հակոբ Ռուստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, Վահագն Չախալյանը, գնդապետ Մախսուդյանը, այլ անձինք:

Բագրատ սրբազանն ու գործով անցնող մյուսները մեղադրվում են ահաբեկչության, զանգվածային անկարգությունների կազմակերպման և իշխանության բռնազավթման մեջ։

««Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ և փաստաթղթեր, ինչպես նաև ապացուցողական նշանակություն ունեցող անհերքելի այլ փաստական տվյալներ, այդ թվում՝ հրազեն և ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ, բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ,  հանցավոր խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր և այլն»,- մասնավորապես նշված էր ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Ինչպես հետո պիտի պարզվեր, անհերքելի ապացույցները հերքելի էին, և մասնավորապես հրապարակված ձայնագրությունները՝ մոնտաժված, ինչպես պնդում էին Բագրատ սրբազանն ու մեղադրյալների պաշտպանները:

Նախաքննության ավարտից հետո մասնավորապես Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը սկսեց հատվածաբար հրապարակել աղմկահարույց ձայնագրությունների չմոնտաժված տարբերակները, և Քննչական կոմիտեի ու դատախազության փչած փուչիկը պայթեց:

Դատական նիստի սկզբում պարզ դարձավ, որ դատական նիստերի այս դահլիճն ի զորու չէ սպասարկել այս դատական նստը: Հարցը բարձրացրեցին պաշտպաններն ու լրագրողները: Դատավորն ասաց՝ հաջորդ դատական նիստին կփորձեն ավելի մեծ դահլիճ ապահովել:

Դատական նիստն ընթացավ ըստ կարգի՝ մեղադրյալների ինքնության պարզում, դատավարության մասնակիցների ներկայացում:

«Վազգեն Գալստանյանը 1995թ. մահացել է. ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ: Դատարանի կարգը գիտեմ, բայց խնդրում եմ ինձ կոչել Բագրատ արքեպիսկոպոս: Ծնողներս պարսկահայ են, ունեմ մի քանի բարձրագույն կրթություն, 6 գիրք ունեմ, ամուսնացած չեմ, զավակներ չունեմ, դատապարտված չեմ եղել»,- ասաց Բագրատ սրբազանը ներկայանալիս:

Ներկայացան բոլոր կալանավորվածներն ու նրանց պաշտպանները, ինչից պարզվեց, որ ՀՅԴ-ական Իգոր Սարգսյանի շահերը ներկայացնում է վերջինիս որդին:

Դատական նիստը հետաձգվեց՝ պայմանավորված նիստերի դահիճի՝ ոչ պատշաճ պայմաններով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 20-ին՝ Շենգավիթ նստավայրի թիվ 1 դահլիճում՝ ժամը 14:40-ին: Հաջորդող նիստերը տեղի կունենան օգոստոսի 21-ին և 22-ին՝ ժամը 14:30-ին:

Հաջորդ նիստին կքննարկվեն մեղադրյալների խափանման միջոցների վերաբերյալ միջնորդությունները:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս