
Գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից սա մի քանի հոդվածներով հանցագործությունների կատարում է․ փաստաբանը՝ հակաեկեղեցական արշավի մասին

Վեհարանն ազատագրելու իդեա-ֆիքսը շաբաթներ շարունակ օրակարգ դարձրած Նիկոլ Փաշինյանը դրվագ-դրվագ հրապարակում է գործողությունների ծրագիրը, որով պատրաստվում է ոչ միայն Վեհափառ Հայրապետին փոխել, այլև Հայ Առաքելական եկեղեցու կանոնագիրքը:
«Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք վեհարանը։ Որևէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակվում է Կաթողիկոսական տեղապահ, ով, բնականաբար, չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին»,- հերթական դրվագը նախօրեին հանրայնացրել է պաշտոնյան՝ նշելով, որ մտադիր է «Կանոնագիրք հայոց»-ի հիման վրա նոր եկեղեցական կանոններ ձևավորել՝ իր ասելով՝ համառոտ և բոլորին հասկանալի փաստաթուղթ: Ըստ նրա, դրանից հետո միայն տեղի կունենան կաթողիկոսական ընտրություններ, և բոլոր թեկնածուների բարեվարքությունը կստուգվի։
Նիկոլ Փաշինյանը, սակայն, չի հստակեցնում, թե ինչպես են պատրաստվում, օրինակ, կուսակրոնության ուխտի ստուգում իրականացնել, կամ, թե ինչպե՞ս է ամուսնացյալ քահանա տեղապահ նշանակվելու, եթե եկեղեցական կանոնով քահանան տեղապահ չի կարող լինել, և ընդհանրապես տեղապահ նշանակվում է, եթե Կաթողիկոսը գահից հրաժարվում է կամ վախճանվում․ երկուսն էլ տեղի չի ունեցել:
Հայ Առաքելական եկեղեցու հարյուրավոր հոգևորականներից ոչ ոք չի աջակցել Նիկոլ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին, ավելին՝ միահամուռ կերպով բոլոր հոգևոր դասերը հայտարարարություններով մերժելի են որակել իշխանությունների որդեգրած վարքը։
Եկեղեցականների փոխարեն, պարզվում է, խիստ մտահոգ են իշխող ուժի մանրումեծ տարբեր դերակատարներ, որոնց շարքերում, ի դեպ, իրենց ՀԱԵ հետևորդ համարողներից զատ՝ աթեիստներ են, այսուայն կրոնական կառույցի անդամներ։
Հենց այսօր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Նիկոլ Փաշինյանի՝ «եկեղեցին ազատագրելու» օպերացիան արդարացրել է՝ «իսկ ինչո՞ւ վարչապետը եկեղեցում փոփոխություն չնախաձեռնի, կա՞ կաշկանդող բան» ձևակերպմամբ՝ մոռանալով, որ այդ կաշկանդող «բանը» հենց ՀՀ Սահմանադրությունն է։
168․am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության տարբեր ներկայացուցիչների կողմից հակաեկեղեցական վարքաբանության տարատեսակ դրսևորումներին՝ փաստաբան, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանն արձանագրեց․
«Գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից սա մի քանի հոդվածներով հանցագործությունների կատարում է, ամենակոնկրետը՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, անցում, որտեղ վարչական ռեսուրսը ներդնում են իրենց պաշտոնի հետ չկապված գործունեության համատեքստում (իրենք են ասում, որ սա որպես հավատացյալ են անում, բայց, իրականում, պաշտոնի ողջ գործիքակազմը օգտագործում են իրենց այդ հակաեկեղեցական նպատակներ իրագործման համար)՝ չհաշված խղճի ազատության, սահմանադրական կարգի դեմ ոտնձգությունները»։
Հստակեցմանը՝ արդյո՞ք այս գործընթացների հանգուցալուծումն իրավական ճանապարհով հնարավո՞ր է՝ օրինակ, Սահմանադրությանը միջամտելու հիմքերով հայցերի ներկայացմամբ և այլն, Հովհաննոս Խուդոյանն արձագանքեց, որ իրավական գործիքակազմը պետք չէ գերագնահատել այն պարագայում, երբ իրավապահ մարմինները խոնարհված են հակաազգային գործողություններ կատարող կառավարության առջև։
«Բայց, ամեն դեպքում, գործընթացներ պետք է լինեն՝ եթե ոչ հիմա, ապա հետոյի համար, ապագայի համար․ շատ հիմնավոր մեղադրական դատավճիռներ կարող են լինել և՛ հանցագործությունների համար, և՛ վիրավորանքների, զրպարտությունների հարցերով քաղաքացիական հայցերով վճիռներ»,- հավելեց նա։
Ի դեպ, Հովհաննես Խուդոյանը, որը նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբանն է, տեղեկացրեց, որ շուտով այս խնդիրների վրա հրավիրելու են միջազգային իրավական կառույցների ուշադրությունը։
«Բագրատ Սրբազանի վերաբերյալ վարույթով առաջիկայում դիմելու ենք տարբեր դիվանագիտական ներկայացուցչությունների»,- տեղեկացրեց պաշտպանը։