«Իրանին չի կարող չմտահոգել ՀՀ-ում ԱՄՆ հնարավոր ներկայության հարցը»

Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առանց փակագծեր բացելու հայտարարում է, որ Հարավային Կովկասում հրաշք է գործել, իրանցի պաշտոնյաներն ակտիվացնում են շփումները ՀՀ իշխանությունների հետ:

Մամուլում տարածվող տեղեկությունների ֆոնին, թե ԱՄՆ-ը Սյունիքով անցնող երթուղու վերաբերյալ առաջարկ է արել, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս հայտարարեց.

«Հայաստան ու Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել, և այն բավականին մոտ է, եթե ոչ՝ արդեն իրականացված է»։

Անցած շաբաթավերջին՝ Արցախի ամբողջական հայաթափումից շուրջ 2 տարի անց, Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալել էր տասնյակ երկրների լրագրողների ու փորձագետների և պատասխանելով նրանցից մեկի հարցին՝ նշել էր, թե Ադրբեջանում սպասում էին Թրամփի հաղթանակին, քանի որ նրա հետ համակարծիք են բազմաթիվ հարցերում։

Կարդացեք նաև

«Թրամփը միակն է ԱՄՆ նախագահներից, որ պատերազմ չի սկսել։ Նա մեկն է, որ ավարտում է պատերազմները»,- հայտարարել էր Ալիևը՝ հավելելով, թե՝ Թրամփի օրոք ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները կարող են է՛լ ավելի խորանալ ու բարձրանալ նոր մակարդակի։

Նա նաև ասել էր, թե ԱՄՆ նախագահն ակտիվորեն ներգրավված է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներում։ «Նա մեծ աշխատանք է կատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորման համար: Կարծում եմ՝ ապագայում մենք ավելի շատ լավ լուրեր կլսենք»,- ասել էր նա։
Ալիևի այս խոսքերն ակնհայտորեն գոհացրել էին Թրամփին, ով իր Truth social կայքում տարածել էր Իլհամ Ալիևի գովասանքի խոսքերն իր հասցեին։ Ադրբեջանի նախագահ Ալիևն էլ X-ի իր օգտահաշվում երախտագիտություն էր հայտնել ԱՄՆ նախագահին դրա համար:

Հատկապես Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո Հարավային Կովկասը և հատկապես Սյունիքով նախատեսվող հնարավոր երթուղին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, որոնք փորձում են հրապարակել մանրամասներ Թրամփի ապաշրջափակմանը վերաբերող առաջարկից՝ նշելով, թե ԱՄՆ-ը ձգտում է 100 տարով վարձակալել ճանապարհը, որի վերաբերյալ Ալիևն օկուպացված Ստեփանակերտում կայացած այդ համաժողովի ժամանակ, պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է Բաքուն արձագանքում վերջին հաղորդումներին, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ը Հայաստանին առաջարկել է վարձակալել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», ասել էր՝ այդ հարցը ՀՀ իշխանությունը պետք է որոշի։ «Ինչ վերաբերում է մեզ՝ մեր տարածքում ո’չ արտաքին օպերատոր է լինելու, ո’չ էլ վարձակալություն»,- ընդգծել էր նա՝ ակնհայտ դարձնելով, որ մտադիր չէ առաջ գնալ փոխադարձության սկզբունքով։

Նա կրկին պնդել էր, թե Հայաստանը պետք է «անխոչընդոտ ու անվտանգ մուտք ապահովի Ադրբեջանից՝ Ադրբեջան»։ «Ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի երեսը տեսնեն։ Ֆիզիկական շփում չպետք է լինի, պետք է լինեն երաշխավորված անվտանգության միջոցներ, որպեսզի մեր ժողովուրդը և բեռներն ազատորեն անցնեն»,- թվարկել էր նա, հավելելով՝ այս պահանջը կրկնել է նաև Աբու Դաբիում կայացած վերջին հանդիպման ժամանակ։

Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն արձագանքել էր՝ նշելով, որ թե այդ հանդիպմանը, թե դրանից առաջ ու հետո այլ տարբերակ չի քննարկվել, Ադրբեջանի նախագահի ասածը, թե Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը՝ քննարկումների տրամաբանությունից դուրս է։ «Դա, ըստ էության, թաքնված տարածքային պահանջ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը ընդունելի չի կարող լինել և հակասում է մինչև այս տեղի ունեցած բանակցությունների, համաձայնությունների ոգուն և տառին»,- հայտարարել էր Բաղդասարյանը:

Ըստ Երևանի արձագանքի՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող այդ ճանապարհի անցակետում քաղաքացիների և նրանց ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը չի կարող չստուգվել, Հայաստանի Հանրապետությունը չի կարող չտիրապետել տեղեկատվության, թե իր տարածքով ինչ բեռներ են անցնում: Նա ընդգծել էր, թե Հայաստանի Հանրապետության տարածքը հատելիս ՀՀ համապատասխան ծառայություններին չհանդիպելու որևէ տարբերակ չկա: ՀՀ իշխանությունները հերքում են, որ միջանցքային տրամաբանություն են քննարկում, սակայն միջազգային մամուլի էջերում ժամանակ առ ժամանակ անդրադարձեր են հակառակ բովանդականությամբ: Բացի այդ, հասկանալի չէ նաև, թե ապաշրջափակման հարցում ինչ առաջընթաց են արձանագրել կողմերը, եթե ՀՀ պաշտոնական դիրքորոշումն այն է, որ չի կարող հայ սահմանապահ չլինել, իսկ Ադրբեջանը դա հրապարակայնորեն մերժում է:

Թեման և ԱՄՆ-ի առաջարկն ակնհայտորեն մտահոգում է նաև իրանական կողմին: Իրանին չի կարող չանհանգստացնել այն, որ ամերիկյան կողմը կարող է ներկայացվածություն ունենալ ՀՀ տարածքում՝ Իրանի հարևանությամբ: Աբու Դաբիի հանդիպումից հետո Թեհրանից երեք ուշագրավ հեռախոսազանգ է եղել՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին էր զանգահարել Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը, Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, իսկ ԻԻՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել՝ ինչպես Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարար Աբդալլահ բեն Զայդի, այնպես էլ՝ Հաքան Ֆիդանի հետ:

Օրերս ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Իրանի դիրքորոշումն անփոփոխ է՝ պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանմամբ։ Դիվանագետը, անդրադառնալով Սյունիքի ճանապարհի վերահսկողությունն արտապատվիրակելու հնարավորությանը, մեջբերել էր Նիկոլ Փաշինյանին։ «Վարչապետը հստակ հայտարարել է, որ վերահսկողությունը, սահմանային գործողությունները կիրականացնի Հայաստանի Հանրապետությունը։ Բացի դրանից, ուրիշ բան չեմ լսել։ «Եթե»-ների կամ «միթե»-ների հիման վրա մենք պաշտոնական դիրքորոշում չենք կարող հայտնել»,- ասել էր Սոբհանին։

Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ Իրանի համար ամերիկյան ներկայության հարցը ՀՀ տարածքում լուրջ խնդիր է: Սակայն, ըստ նրա, հարցն այն է, որ որոշողը ՀՀ իշխանություններն են, քանի որ խոսքը ՀՀ տարածքի մասին է:

«Հաշվի առնելով ՀՀ պաշտոնական արձագանքներն այն մասով, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը չեն կարող խախտվել, Իրանը ոչինչ չի կարող ասել, կամ էլ՝ գործընթացներն ավելի ոչ հրապարակային դաշտում են, իրանական կողմին վստահեցնում են, որ ՀՀ-ն է վերահսկելու ամեն բան: Սակայն մտահոգությունները կան, քանի որ քննարկումները կողմերի միջև ընթանում են, կան արտաքին հետաքրքրված արևմտյան կողմեր, ցանկություն կա ռեգիոնում թուլացնել Իրանն ու Ռուսաստանը, Իրանը մի քանի շաբաթ առաջ է ընդունել իր տարածքում ամերիկյան հարվածներ, նոր հարվածների վտանգները չեզոքացված չեն, ուստի ԱՄՆ մասնակցության մասին լսելը, մեղմ ասած, ցանկալի չէ, հատկապես, երբ մյուս կողմից էլ Ադրբեջանը հայտարարում է, որ երթուղով անցնելիս չի ցանկանում հանդիպել հայկական գործոնի: Սրանք տեխնիկական հարցեր են, որոնց ետևում աշխարհաքաղաքական լուրջ թիրախներ են, լուրջ շահեր՝ նշածս խաղացողների տեսքով»,- նշեց նա:

Նադեին-Ռաևսկիի խոսքով, ինչպես երևում է՝ որևէ ռեգիոնում աննախադեպ աղմկոտ մի միջնորդություն իրականացնելու ցանկությունը մեծ է Թրամփի մոտ: «Եվ կարծես ԱՄՆ-ի համար սա հնարավորություն է»,- նկատեց նա:

Վերլուծաբանի խոսքով, պարզ է նաև այն, որ Իրանը փորձելու է ազդել որոշումների կայացման վրա, մեծացնել ազդեցությունը:

«Սակայն որքանով այդ ամենն արդյունք կտա՝ բարդ է ասել, քանի որ այս հարցում նաև դաշնակիցներ են հարկավոր, իսկ հակադիր կողմում դաշինքներն ու շահերն ավելի շատ են: Այստեղ էական է նաև այն, որ Ռուսաստանի ակտիվությունն այս փուլում չկա, Ռուսաստանը զբաղված է այլ հարցերով, ինչպես նաև երկկողմ խնդիրները հաղթահարելով, ուստի ապաշրջափակման օրակարգում ներգրավվելու համար ռեսուրս չկա, որը բարդացնում է Իրանի խնդիրը»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս