«Ռոբերտ Քոչարյան, սիրտդ չցավա՞ց… Նիկոլին թողած՝ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դե՞մ եք կռվում». Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանն այն կարծիքին է, որ միջազգային կառույցները վերջին 7-8 տարիներին ՀՀ հանդեպ ունեն ոչ ադեկվատ վերաբերմունք, առաջնորդվում են երկակի ստանդարտներով:

«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, և այն վերաբերմունքը, որ ունեն միջազգային գրեթե բոլոր կազմակերպությունները, խոսում է այն մասին, որ մենք շատ միամիտ պետություն ենք եղել 30 տարի շարունակ, երբ հավատացել ենք այդ միջազգային կառույցներին: Մեկ էլ՝ հոպ, տեսանք, որ իրենք բունկերում պատրաստում էին մի ստահակի, որին հետո պետք է Հայաստանում բերեին իշխանության, և որը պետք է այդ բոլոր միջազգային չափանիշները ոչնչացներ՝ հանուն գերտերությունների, այլ պետությունների շահերի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ այդ նույն միջազգային կազմակերպությունների կատարած հարցումները չեն, որ պետք է ցույց տան՝ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրել, դա պարզ երևում է:

Նա համոզված է, որ եթե անգամ Փաշինյանը փորձի Էջմիածնի հրապարակում հանրահավաք իրականացնել, դա որևէ արդյունք չի տալու. «Մի փակագիծ բացեմ. Ես որոշակի կապեր ունեմ ՔՊ խմբակցության, ՔՊ-ին հարող որոշ ընտանիքների և մարդկանց հետ և գիտեմ, որ այդ մարդիկ անգամ իրենք, որ այս 7 տարի եղել են Նիկոլի կողքին, գովերգել են նրա այս կամ այն քաղաքականությունը, անգամ Արցախը հանձնելուց հետո մեծ ցնցումներ չեն ապրել, այս մարդիկ եկեղեցու հանդեպ Նիկոլի այս վերաբերմունքն ընդունում են սվիններով, ջղային և անհամաձայնություն են հայտնում: Սա աշխատելու է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի»:

Մարգարիտ Եսայանի համար Փաշինյանի կերպարը «կինդեր սյուրպրիզ» չէ, վաղուց է նրան ճանաչում. «Փաշինյանը բնավորության մի գիծ ունի, որը հոգեբանները կասեն՝ ինչ է կոչվում. Այս մարդը հավատում է այն ամենին, ինչ ինքը խոսում է: Ինքը իսկապես հավատում է, որ ինքը մեսիա է, սուրբ է, փրկիչ է: Սա հոգեբանների քննարկման թեման է: Ամբողջ հայ ժողովուրդը, մեր Հայ Առաքելական եկեղեցին, մեր Սփյուռքը, Հայաստանի Հանրապետությունը այս հոգեբանական խնդիրներ ունեցող անձի ձեռքը կրակն են ընկել, և ի ամոթ մեզ՝ չենք կարողանում դեռ այդ մարդուն տանել այնտեղ, որտեղ ինքը պետք է լինի. նա չպետք է լինի վարչապետի աթոռին, նա լուրջ բուժման կարիք ունի: Մշտապես պետություններն իրենց հակընդդեմ կամ թշնամի պետությունների մեջ գտնում են այնպիսի կերպար, որը պատրաստ է իրենց քմահաճույքները կատարել: Նիկոլի կերպարը տեսել են, վրան լրջորեն աշխատել են»:

Կարդացեք նաև

Նա նկատեց՝ 4 երեխա ունեցող նորմալ հայն Աստծուց կվախենար և եկեղեցու դեմ չէր արշավի. «Ամենայն Հայոց կաթողիկոսն օծվել է Աստծո, եկեղեցու կողմից: Մեր բոլոր սրբազանները, եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսներն օծված են Աստծո կողմից, պատահական չեն այնտեղ: Մի Նիկոլ Փաշինյան չէ, որ պետք է որոշի՝ կուսակրոնությունն ինչ է, և ինչպես պետք է այդ ուխտը պահել: Ու դու ունենալով 4 երեխա՝ դեմ ես գնում Աստծո ընտրյալներին, դու անգամ քո երեխաներին ես դնում զոհասեղանին: Գուցե սա ինչ-որ աղանդ է, գուցե այլ կրոնական միսիա է, որն ինքն իրականացնում է: Փաշինյանի գործերը խոսում են այն մասին, որ ինքը Հայ Առաքելական եկեղեցու անդամ չէ, որովհետև եկեղեցու հանդեպ պետք է լինի ակնածանք, պատկառանք, խոնարհում, հարգանք»:

Ըստ նրա՝ Փաշինյանը «հլու ուլի նման» կատարում է Ալիևի բոլոր հանձնարարականները. «Երկու օր առաջ տեսաք, թե ինչպես Ալիևը խոսեց Նիկոլ Փաշինյանի մասին. ուղղակի նրան հավասարեցրեց ցեխին, կատոկեց՝ ժողովրդի լեզվով ասած, բայց որևէ հակադարձում, որևէ արձագանք չեղավ Ալիևին: Փոխարենը՝ կարծես ասաց՝ լսի, դու իմ վրա կատաղել ես, հասկանում եմ՝ ինչու, գուցե դանդաղել եմ Հայ Առաքելական եկեղեցու ոչնչացման գործում, բայց մի քիչ էլ համբերիր, մի քիչ էլ ժամանակ տուր, ես Հայ Առաքելական եկեղեցու ոչնչացումն էլ կիրականացնեմ, ինչպես դա արեցի Արցախի պարագայում, ինչպես դա արեցի Տավուշը հանձնելով, ինչպես դա անում եմ արդեն Սյունիքը հանձնելով: Սա դիալոգ է, սա ճորտի և տիրոջ երկխոսություն է»:

Նա ընդգծեց՝ Փաշինյանը չպետք է լինի ՀՀ վարչապետ, նրան պետք է հեռացնել. «Մեր բոլորի ամոթն է, շատ եմ ամաչում մեր ընդդիմադիր դաշտի պահվածքից, որովհետև էլ ի՞նչ պետք է լինի, որ դուք համախմբվեք: Էլ ի՞նչ պետք է լինի, որ իրենց ընդդիմություն հռչակած ուժերը հասկանան, որ պետք է միասնաբար դուրս գալ և այս գորդյան հանգույցը լուծել և ոչ թե՝ հարձակվել ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի վրա: Եթե ընդդիմության մյուս թևի նկրտումն ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի կրկին աշխատելն է, ես չգիտեմ՝ էլ ինչ ասեմ, այսինքն՝ դուք Նիկոլին թողած՝ Սերժ Սարգսյանի, Մարգարիտ Եսայանի դեմ եք կռվո՞ւմ:

Արցախը որ հանձնեց, հարգելի Ռոբերտ Քոչարյան, հեչ միմիկա չշարժվե՞ց, բա սիրտդ չցավա՞ց: 28 հոգանոց ֆրակցիա ունես ԱԺ-ում, որից 19-ը ՀՅԴ անդամներ են, հեչ չեք ուզո՞ւմ տեղներիցդ շարժվել, թե՞ էլի ձեր արբանյակներին ուղղորդում եք Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ: Լավ, ի՞նչ եք ուզում դրանով ասել: Մեռանք ասելով՝ մենք իշխանության գալու ձգտում չունենք, մենք իշխանափոխության ձգտում ունենք: Մենք ուզում ենք Նիկոլ Փաշինյանին օր առաջ հեռացնել իշխանությունից: Եկեք՝ կանգնեք մեր կողքին, էս գործը գլուխ բերենք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս