
Փակելու են մեր ճանապարհը դեպի Սյունիք, ինչը կնշանակի, որ Տիգրանաշենը մտնում է այդ պայմանավորվածության մեջ. Արամ Սարգսյան

Հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացել է Փաշինյան-Ալիև հանդիպում, ինչպես նախապես հայտարարվել էր՝ օրակարգում «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություններն էին։
Այս հանդիպումից հետո ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ կողմերը հաստատել են՝ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Նաև, երկուստեք հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին՝ շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ:
Այս հանդիպմանը զուգահեռ, երեկ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ «սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը»
Աբու Դաբիում կայացած այս հանդիպումը հենց հանդիպման վայրից ակտիվ լուսաբանել են ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներ, որոնք հայտնել են, որ քննարկվել է նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որի վերաբերյալ, սակայն, ՀՀ պաշտոնական հաղորդագրությունում չկա։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանի բնորոշմամբ՝ ծաղրանք է խոսել ինչ-որ լուրջ բանակցությունների մասին կամ այս հանդիպումներին լուրջ գնահատական տալ։
Նա որևէ կասկած չունի՝ Ադրբեջանի նպատակը ՀՀ ամբողջական տարածքի գրավումն է, փաստերն են խոսում այս մասին։
Այս համատեքստում նա հիշեցրեց, որ «Զանգեզուրի միջանցք» խոսույթը ստեղծել են թուրքերը, Հայաստանը նման «միջանցք» չունի, այլ ունի Սյունիքի մարզ։
«Սյունիքով մեր ճանապարհները բաց են, և մենք պատրաստ կլինեինք ապագայում տնտեսական լուրջ նախագծի հետ կապված մասնակցություն ունենալ։ Բայց ի՞նչ են ուզում Ադրբեջանն ու Թուրքիան, ուզում են, որ այդ ճանապարհով՝ առանց վերահսկողության, բոլոր բեռներն Ադրբեջանից տեղափոխեն դեպի Նախիջևան, և Նիկոլ Փաշինյանի նման մեկը պետք է լինի, որպեսզի ձևացնի, թե չի հասկանում՝ ի՞նչ են ուզում այս երկրները։ Սրան զուգահեռ՝ ուզում են նաև անցկացնել գազատար, էներգո համապատասխան սյուները, մալուխային կապի հաղորդակցություն, իսկ ապագայում՝ աշխատեցնել նաև երկաթգիծը։
ՀՀ փոխարտգործնախարարն էլ երեկ հայտարարեց, որ, օրինակ, այդ վերահսկողությունը կարող են պատվիրակել այլ միջազգային կազմակերպության։ Եթե որևէ միջազգային կազմակերպություն այստեղ պետք է իրականացնի նույնիսկ լոգիստիկ ծառայություններ, սա չի՞ նշանակում, որ մեր սուվերեն իրավունքները խաթարվում են»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արամ Սարգսյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ այս ամենի դեպքում, նաև այդ ճանապարհին կներկայացվի ադրբեջանական, օրինակ, ՕՄՕՆ-ը, կամ, օրինակ, հատուկ ջոկատայիններ, որպեսզի ապահովեն իրենց անցնող բեռների անվտանգությունը։
Արամ Սարգսյանը նաև շեշտեց՝ երկար տարիներ է՝ խոսում է, որ 1926 թվականից սկսած Թուրքիայի մեծ նպատակը Տիգրանաշենի գրավումն է՝ անունը դնելով Քյարքի։
«Տիգրանաշենից դեպի Նախիջևան 12 կմ է, Թուրքիան կարող է արագ անցնել այստեղ, որի պարագայում փակելու են մեր ճանապարհը դեպի Սյունիք, ինչը կնշանակի, որ Տիգրանաշենը մտնում է այդ պայմանավորվածության մեջ, որովհետև անպայման այդտեղով պետք է անցնի բեռը։ Նրանք ավտոճանապարհ են կառուցելու ուղիղ դեպի Նախիջևան, կամ Երասխ են մտնելու, հետո նորից հասնեն Նախիջևան։ Ստացվում է, որ ինքներս մեր ձեռքով թշնամուն հանձնում ենք մեր տարածքը։
Հարկ է նաև այս ամենի տակ տեսնել իրենց նշած 300 հազար ադրբեջանցիների վերադարձը մեր տարածքներ։ 1989 թվականից հետո 150 հազար ադրբեջանցիներ են բնակվել մեր տարածքներում, հիմա Ադրբեջանը նրանց դարձրել է 300 հազար։ Իսկ ովքեր են սրանք լինելու, երիտասարդ ընտանիքներ, որոնք գալու են, Հայաստանում ունենան բազմաթիվ երեխաներ, ու այդպես շատանան, ախր այս ամենի միջով մենք անցել ենք նախկինում, գիտենք։ Կամ՝ լավ, այս մարդիկ ո՞ր իրավունքով են գալիս, մենք Ադրբեջանում ունեինք 700.000-ից 1 մլն հայություն, ո՞վ է լուծել մեր հայրենակիցների հարցը։
Իշխանությունը դարձել է բարեկենդան, Ադրբեջանին ասում է՝ «արի քո յուղն ու բրինձը տար», ահա այսպիսի վիճակ է»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է առանց միջնորդների Հայաստան-Ադրբեջան բանակցություններին և դրա հնարավոր վտանգներին, Արամ Սարգսյանը նկատեց՝ բանակցություններն ընթանում են միջնորդով և այդ միջնորդը Թուրքիան է։
«Միջնորդ ասելով, նկատի ունեմ՝ թելադրողներից մեկը, սա արդեն բացահայտ է, և չպետք է մտածել, թե իբր Թուրքիան նեյտրալ ձևով կանգնած նայում է, թե ինչ է կատարվում 2 երկրների միջև։ Թուրքիան է գլխավոր դերակատարը, և նա է բոլոր հարցերը կարգավորում. Ալիևը կատարողներից մեկն է, մյուսը սա է՝ մեր վարչապետ կոչվածը։
Մեզ համար միջնորդ կարող էր լինել միայն Մինսկի խմբի համանախագահությունը, բայց Ադրբեջանն այն լուծարելու պահանջ է դրել, քանի որ լավ հասկանում է, եթե ԵԱՀԿ-ի մանդատը պահպանվի, ապա դա նշանակելու է, որ Արցախի հարցը փակված չէ։
Հիմա մեր կուսակցությունը և «Միասին» շարժումը ստորագրահավաք է իրականացնում արցախահայերի շրջանում, արդեն մեծ թվով ստորագրություն է հավաքվել, երբ ամբողջացնենք, դիմելու ենք ԵԱՀԿ-ին ու ասելու ենք, որ պետք է կատարեն իրենց պարտավորությունը՝ շարունակելով գտնել համապատասխան տարբերակներ՝ կարգավորելու Արցախի հիմնահարցը։
Երկրորդը՝ ինքնորոշման իրավունքը, որը միջազգային սկզբունքն է, դա էլ պետք է շարունակական լինի, և արցախահայերը շարունակեն իրացնել այդ իրավունքը։ Այս երկու հարցն ենք դրել և վաղը՝ հուլիսի 12-ին, արցախահայերն Ազատության հրապարակում իրականացնելու են հանրահավաք, կոչ եմ անում բոլորին մասնակցել այդ հանրահավաքին»,- ընդգծեց Արամ Սարգսյանը։