
«Զիջումների հերթական շարանի մեջ ենք. խաղաղության որևէ պայմանագիր չի կարող կնքվել, եթե չկա միջնորդ կողմ». Հայկ Նահապետյան

Նիկոլ Փաշինյանի խոսնակն այսօր հաստատեց մոտ մեկ շաբաթ առաջ գրված Middle East Eye պարբերականի տեղեկությունը, որ Արաբական Միացյալ Էմիրություններում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը։ Նախատեսված հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 10-ին, բայց ոչ թե Դուբայում, ինչպես գրել էր պարբերականը, այլ Աբու Դաբիում։
Պարբերականը նաև հիշեցրել էր, որ «երկու առաջնորդները վերջին անգամ հանդիպել են մայիսին՝ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, որտեղ նրանք խոստացել են բաց պահել հաղորդակցության ուղիները։ Չնայած Հայաստանն ու Ադրբեջանը մարտին համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, Բաքուն դեռևս պնդում է մի քանի լրացուցիչ պայմանների վրա՝ նախքան համաձայնագիրը պաշտոնապես ստորագրելը։ Ադրբեջանը պահանջում է, որ Երևանը փոփոխի իր սահմանադրությունը՝ վերացնելով ադրբեջանական տարածքի մասին հղումները, դադարեցնելով Եվրոպական Միության մոնիթորինգային առաքելությունը (EUMA) Հայաստանում և լուծարելով ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին Բաքուն մեղադրում է կողմնակալության մեջ վերջին երեք տասնամյակների ընթացքում»։
Ըստ Նիկոլ Փաշինյանի խոսնակի՝ հանդիպմանը քննարկվելու է «խաղաղության պայմանագիրը»։
Անվտանգային և ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանը Փաշինյան-Ալիև հանդիպումից որևէ դրական ակնկալիք չունի, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող քաղաքականությունը, ըստ նրա՝ պետք է սպասել հերթական զիջմանը։
«Ի՞նչ կարող են սպասել քաղաքացիներն օկուպացիոն ռեժիմից՝ պարտադրանք և պատերազմում պարտված ղեկավարի կողմից հերթական զիջումներ։ Ի՞նչ «խաղաղության պայմանագիր» են քննարկելու, որ Բրիտանիան մեր տարածաշրջանն ուզում է առնվազն պայթեցնել Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքով։ Ռուսաստանի և Իրանի դեմ առաջին փորձը ձախողվեց, բայց սա չի նշանակում, որ այլևս փորձ չի լինելու Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից։ Ի՞նչ «խաղաղության խաչմերուկ», ի՞նչ առևտուր, հատկապես, որ Ալիևն իր պահանջները ներկայացնում է, Փաշինյանն էլ իր խոստումները հրապարակային տալիս է նրան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Նահապետյանը։
Մեր զրուցակիցը հիշեցրեց Ալիևի վերջին՝ Հայաստանի կողմից տրվելիք փոխհատուցման վերաբերյալ հայտարարությունը, ինչը, նրա խոսքով՝ պատահական չէ, քանի որ, եթե Հայստանը չկարողանա այդ գումարը տալ, ապա փոխարենն այլ բան կտա։
«Խաղաղության որևէ պայմանագիր չի կարող կնքվել, եթե չկա միջնորդ կողմ, որը շահագրգռված կլինի, որ պարտված կողմն առավելագույն զիջումների չգնա, այսինքն՝ այս «խաղաղության պայմանագիրը» հանկարծ չդառնա կապիտուլյացիոն պայմանագիր։ Իսկ հիմա մեզ պարտադրում են կապիտուլյացիոն պայմանագիր, այսինքն՝ ամբողջովին հանձնվենք. Էներգետիկ համակարգը, ջրային ռեսուրսը Թուրքիայի հսկողությանը կտան, ՀՀ տարածքները՝ Ադրբեջանին, կլուծարեն ՀՀ բանակը, Հայաստանում կլինեն թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող խորհրդարանական ուժեր։ Հետո 1 մլն ադրբեջանցի կլցնեն Հայաստան ու մեր երկիրը կդարձնեն երկու էթնիկ խմբերի միացյալ պետություն և այլն»,- շեշտեց Հայկ Նահապետյանը։
Նա նշեց, որ մեկ դար առաջ նույն գործողությունները կրկին տեղի են ունեցել, պարզապես հիմա թշնամին փորձում է «ոտքերի տեղը բացել», հետո արդեն ամբողջովին կտեղավորվի ու կոչնչացնի Հայաստանը, քանի որ այն Թուրանի իրագործման ճանապարհին մեծ խոչընդոտ է ստեղծում։
««Խաղաղության խաչմերուկ» գոյություն չունի, մենք զիջումների հերթական շարանի մեջ ենք, թե որ ժամանակում որքան կզիջեն՝ ժամանակը ցույց կտա։ Հիշեցնեմ Ալիևի ներկայացրած 7 պահանջները՝ ադրբեջանցիների վերադարձ, նշում են 300.000 հոգու, որն օդից վերցված թիվ է, «միջանցք», «ռազմական տուգանք», փոխհատուցում, Արցախում ինքնապաշտպանական մարտերին մասնակցած անձանց քրեական հետապնդում և արտահանձնում Ադրբեջանին, Սահմանադրության փոփոխություն։
«Միջանցքի» հարցը միշտ էլ օրակարգում է եղել, և այն առևտրի համար չէ, այլ 2 ուղղությամբ զենք և զինամթերք տեղափոխելու համար է»,- շեշտեց Հայկ Նահապետյանը։
Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանից պետք է ժամ առաջ ազատվել, հակառակ դեպքում Հայաստանն է կորսվելու, իսկ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ճողոպրելու է։