Ակտիվ գործընթացներ Հարավային Կովկասում՝ ԵՄ-ի, Չինաստանի, Իրանի հետ բանակցություններին զուգահեռ

Օրերս ավարտվեց ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն:

Շուրջ կես տարի հայաստանյան մամուլը գրում էր այս այցի նախապատրաստական աշխատանքների մասին, և այն, ի վերջո, կայացավ Կալլասի՝ Ադրբեջան կատարած ապրիլյան այցից որոշ ժամանակ անց:

Ուշագրավ զուգահեռ նկատվեց. Կալլասի Ադրբեջան կատարած այցից անմիջապես առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելեց Չինաստան՝այդ երկրի հետ համապարփակ ռազմավարական համագործակցություն հաստատելով, ինչպես նաև Կալլասի ՀՀ կատարած այցին ընդառաջ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կատարեց պաշտոնական այց Չինաստան, որտեղ խոսեց ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու մասին: Կարելի է ենթադրել, որ Կալլասի հետ Երևանի ու Բաքվի քննարկումներն առնչվում են նաև Չինաստանի նախաձեռնությունների հետ:

Ուշագրավ է նաև, որ դեռևս ապրիլին ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը մեկնաբանություն էր տվել թուրքական մերձիշխանական «Թուրքիա» թերթին։ Թերթը հոդված էր հրապարակել՝ «Չինաստանից «Գոտի և ճանապարհի» հարցում նոր քայլ․ Թուրքիան ռազմավարական կենտրոն է, իսկ Երևանը տրանսպորտային ցանցում է ներգրավվում» վերտառությամբ։ Հոդվածում նշվել էր, որ համաշխարհային առևտրային քարտեզը վերաձևվում է․ Չինաստանը պատմական «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ ուշագրավ ևս մեկ քայլ է անում՝ պատրաստվելով Հայաստանին ներառել իր տրանսպորտային ցանցում։

Կարդացեք նաև

Նշվում էր, որ այս պլանի մասին առաջին անգամ խոսել է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը։ Նա նկատել էր՝ Պեկինը Հայաստանին, որին դիտարկում է՝ որպես «աշխարհի խաչմերուկ», պլանավորում է էլ ավելի ակտիվ ինտեգրել «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը։ Հայտնելով, որ այս շրջանակում Չինաստանը Երևանի հետ տրանսպորտային ոլորտում առաջիկայում պայմանագիր է ստորագրելու՝ Չենը նշել է, որ այդ ծրագրերը վերագծելու են Հրվ․ Կովկասի տնտեսական քարտեզը։

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյան-Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Յիի հանդիպմանը տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման համատեքստում ընդգծվել էր Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրերի համադրելիությունը և Հարավային Կովկասի՝ Ասիայի և Եվրոպայի միջև կամրջի դեր կատարելու նշանակալի ներուժը։

Արդեն Երևանում Կայա Կալլասի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԵՄ բարձր ներկայացուցչի հետ քննարկել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության ոլորտում ԵՄ ներգրավմամբ իրականացվող նախաձեռնությունները:

«Այս համատեքստում ընդգծել եմ ԵՄ «Գլոբալ դարպաս» ռազմավարության և Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկի» համադրելիությունը, կասեի ավելին՝ փոխլրացնելու ներուժը։ Իհարկե, այստեղ կարող ենք հավելել նաև Միջին միջանցքի գաղափարը, որի շուրջ քննարկումներ ենք ունեցել նաև մեր մյուս գործընկերների հետ։ Այս համատեքստում կընդգծեմ Հարավային Կովկասի՝ որպես Եվրոպայի և Կենտրոնական ու Արևելյան Ասիայի միջև կապող կամրջի դերը։ Տեղին է հիշատակել նաև Եվրոպական միության մյուս վերաբերելի ռազմավարությունը՝ Սևծովյան նոր հայտարարված ռազմավարությունը»,- օրերս ԱԳՆ-ում ասաց Միրզոյանը:

Եվ հետաքրքիր է, որ Կալլասի երևանյան այցից հետո ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ ունեցավ թե ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, թե ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ: Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել ճգնաժամային իրավիճակներում երկու հարևան ու բարեկամ երկրների միջև համագործակցության հարցերի։ Իրանական կողմի տարածած հաղորդագրություններում հեռախոսազրույցների բովանդակությունը վերաբերում է բացառապես Իրան-Իսրայել-ԱՄՆ ռազմական բախմանն ու դրա հետևանքներին:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ նման զուգահեռները պատահական չեն լինում: Դրանք, նրա խոսքով, պայմանավորված են այս շփումների ընթացքում քննարկվող թեմաներով և ամենայն հավանականությամբ՝ հենց ապաշրջափակման օրակարգով:

«Այստեղ շահեր ունի թե ԵՄ-ն, թե Կենտրոնական Ասիայի երկրները, թե Չինաստանը, որը ցանկանում է պրոյեկտների միջոցով էլ ավելի հաստատվել հարավկովկասյան ռեգիոնում կամ գոնե ունենալ ապաշրջափակման գործընթացում շահերի իր մասնաբաժնի ապահովումը: ԵՄ տարբեր ներկայացուցիչներ հստակ տրանսպորտային պրոյեկտներից են խոսում, մասնավորապես՝ Միջին միջանցքից, այս ֆոնին կա նաև չինական հեռանկարը»,- ասաց վերլուծաբանը: Ըստ նրա, պատահական չէ նաև ԻԻՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցը Միրզոյանի ու Կալլասի հետ:

«Այդ շփումները վերաբերել են թե տարածաշրջանի ապաշրջափակմանը, որի հարցում Իրանը զգայուն դիրքորոշում ունի, ինչպես նաև աշխարհաքաղաքական թեմատիկային, որն առնչվում է Իրան-Իսրայել ռազմական բախմանն ու ԵՄ-ի հետ բանակցությունների ապագային»,- ասաց վերլուծաբանը:

Նրա խոսքով, վերջին օրերի իրադարձությունները Հարավային Կովկասում՝ մասնավորապես ՌԴ-Ադրբեջան հարաբերություններում, ՀՀ-ՌԴ հարաբերություններում, ինչպես նաև ռեգիոնում ԵՄ-ի ակտիվությունը ցույց են տալիս, որ ռեգիոնում աշխարհաքաղաքական ինտենսիվ վերադասավորումների փորձեր են տեղի ունենում: «Սրանք գլոբալ աշխարհակարգային զարգացումների մաս են կազմում»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

Տեսանյութեր

Լրահոս