Կոնկրետ ինձ նախկինները չեն խանգարել, բայց քաղաքացուն պետք է առաջարկել այլընտրանք. Ավետիք Չալաբյան

Ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի սեփականություն հանդիսացող Հայաստանի Էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) աշխատակիցներին ԱԺ ամբիոնից սպառնացող Նիկոլ Փաշինյանն այսօր նրանց սպառնաց նաև ֆեյսբուքյան իր էջում. «ՀԷՑ այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած՝ զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն»։

Թե ինչ հետևանք կունենա Փաշինյանի՝ հավաքների մասնակցելու քաղաքացիների իրավունքի ոտնահարումը, 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում փորձեցինք պարզել «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանից։

Նրա խոսքով՝ մենք ապրում ենք մի իրականությունում, երբ Նիկոլ Փաշինյանի վրա չի տարածվում ՀՀ քրեական օրենսգիրը, որով հստակ սահմանված է՝ հանրահավաքների մասնակցությանը խոչընդոտող պաշտոնատար անձինք ենթարկվում են պատասխանատվության՝ 3-5 տարի ժամկետով։

«Փաշինյանը դեռ այս դրութով չի դատվում, որովհետև զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը՝ բռնապետի կարգավիճակով, բայց որ օրը բռնապետը զրկվի իշխանությունից, Քրեական օրենսգրքի այդ հոդվածը կտարածվի նրա վրա։ Այն, որ նա զրկվելու է իշխանությունից, անխուսափելի է, որովհետև որևէ իշխանավոր հավերժ չէ։ Մենք էլ անում ենք ամեն բան, որ նա հավերժ չկառավարի»,- ասաց Չալաբյանը։

Կարդացեք նաև

Հարցին՝ ի՞նչ եք անում, Չալաբյանն արձագանքեց. «Շատ բան. օրինակ՝ հիշե՛ք Մայր Աթոռի դեմ իշխանության գրոհը, դրանից առաջ գնացինք, որ պաշտպանենք Մայր տաճարը։ Ընդհանրապես, մենք աշխատում ենք, որ այս իշխանությանը դնենք խաղից դուրս՝ օրինական ճանապարհով. Օրինակ, հունիսի 27-ին, երբ տեղի ունեցավ հարձակում Մայր տաճարի վրա, մենք հայտարարություն արեցինք՝ կոչ անելով ԱԺ բոլոր խմբակցություններին սկսել անվստահության գործընթաց։ Բայց, հասկացե՛ք, անվստահության գործընթացը մենք չենք կարող մեկնարկել, խորհրդարանական ուժերը դա պետք է անեն, որին կմիանա փողոցի ճնշումը»,- ասաց Չալաբյանը՝ ընդգծելով՝ մասնավորապես «ՀայաՔվեն» չունի ռեսուրս հանրային լայն ընդվզում փողոցում գեներացնելու համար։

Նրա համոզմամբ՝ իրավիճակը կփոխվի, երբ ընդդիմությունը կարողանա առաջարկել համակարգային այլընտրանք և ցույց տա՝ նախկին իշխանություններից բացի, քաղաքացին կարող է գնալ և ձայն տալ այլընտրանք առաջարկող ուժին։

«Եթե ունենք մի իրավիճակ, որ Փաշինյանի վարկանիշն ավելի բարձր է, քան նախորդ երկու իշխանությունների ղեկավարների, դա նշանակում է, որ պետք է կշեռքի նժարը թեքելու համար այլընտրանք առաջարկել մարդկանց»,- ասաց նա։

Հարցին՝ ի՞նչն է խանգարում կամ ո՞վ, որ այդ այլընտրանքը վերջին 7 տարվա ընթացքում ձևավորվի, արդյոք նախկինները խանգարե՞լ են իրեն, Չալաբյանն արձագանքեց. «Ինձ, կոնկրետ, չեն խանգարել»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս