Ի՞նչ է հայտարարագրել Մասիս Մելքոնյանը՝ միակ «Մասիս»-ը, որն ընդունելի է Նիկոլ Փաշինյանի համար

Քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով «փուստ» չտված Մասիս Մելքոնյանի որոշումներով մեկ շաբաթում Հայ Առաքելական եկեղեցու երկու բարձրաստիճան հոգևորական կալանավորվեց։ Այս օրերին հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ արձանագրեցին, որ դատավոր Մասիս Մելքոնյանը Նիկոլ Փաշինյանի ձեռքին դարձել է քաղաքական հաշվեհարդարի գործիք։

Նկատենք՝ նրա բեքգրաունդում աղմկահարույց որոշումներ շատ կան․ Մասիս Մելքոնյանն ազատ էր արձակել «Ֆազ» մականունով քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող «Չաղ Ռուստամ» մականունով Ռուստամ Ստեփանյանին, դատապարտել էր զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ պատգամավոր Լևոն Քոչարյանին, վերջինիս օգնական Արթուր Սուքոյանին, գեներալ Տիրան Խաչատրյանին, տնային կալանքի ռեժիմի վերաբերյալ որոշում էր կայացրել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի վերաբերյալ:

Ավելի վաղ մամուլն անդրադարձել էր նաև դատավորի կենսագրական ուշագրավ դրվագներին ևս՝ օրինակ, որ Մասիս Մելքոնյանը հանդիսացել է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ և մասնակցել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որ լինելով ՌԴ քաղաքացի և ապրելով այդ երկրում, այնուամենայնիվ, ստացել է Հայաստանում մշտական բնակության և քաղաքացիության տեղեկանք՝ ընտրություններին մասնակցելու համար, որ Մասիս Մելքոնյանը ոչ թե նշանակվել է դատավոր, այլ այդ պաշտոնը ստանձնել է իրավունքի ուժով, քանի որ անցնում է քրեական վարույթով (ըստ մամուլի՝ Մասիս Մելքոնյանին դերասանուհի Մարջան Ավետիսյանը մեղադրում էր գումարները յուրացնելու մեջ):

Այս հրապարակման մեջ կանդրադառնանք դատավորի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրից մինչև վերջերս ներկայացրած՝ 2024 թվականի հայտարարագրի կարևոր դրվագներին։

Կարդացեք նաև

Այսպիսով, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորը 2023 թվականի դեկտեմբերին, պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է 2019 թվականին Երևանում գնված և միանձնյա տնօրինվող բնակարանի և 2023 թվականին Աբովյանում գնված և բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի մասին։ Նա այդ տարում հայտարարագրել է նաև 2009 թվականին գնած, 2003 թվականի արտադրության «VOLKSWAGEN» մակնիշի մեքենա, ապա նաև՝ 90 օրից ավելի փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց՝ 2012 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի մեքենա։ Այդ հայտարարագրում չեն նշվել տեղեկություններ ո՛չ դրամական միջոցների, ո՛չ եկամուտների ու ծախսերի մասին։

Արդեն 2024 թվականի մայիսին դատավորը 2023 թվականի տարեկան հայտարարագրում, ի հավելումն վերոգրյալի, տեղեկացրել է հաշվետու տարվա՝ 7 մլն 413,345 դրամ եկամտի մասին, որը ստացել է ԲԴԽ աշխատակազմ դատական դեպարտամենտից՝ իբրև աշխատանքի վարձատրություն, կամ դրան հավասարեցված այլ վճարումներ։

2025 թվականի մայիսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր՝ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրում Մասիս Մելքոնյանը մատնանշել է արդեն ոչ միայն միանձնյա տնօրինվող բնակարանի ու բաժնային սեփականություն հանդիսացող հողակտորի մասին, այլև՝ դարձյալ բաժնային սեփականություն հանդիսացող անհատական բնակելի տան։

2024 թվականին դատավոր Մելքոնյանի եկամուտները կազմել են 13 միլիոն 740․039 դրամ, որը ստացել է ԲԴԽ-ից։ Այս հայտարարագրում պաշտոնյան տեղեկացրել է 72 մլն 836,921 դրամ վարկի մասին, ինչպես նաև՝ իբրև ծախս հայտարարագրել անշարժ գույքի նորոգմանն ուղղված 60 մլն դրամ գումարը։

Տեսանյութեր

Լրահոս